«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պետական պարտքն այս տարվա ապրիլի 30-ի դրությամբ կազմել է 6 մլրդ 899.4 մլն դոլար, որից 4 մլրդ 919.4 մլն դոլարը կառավարության արտաքին պարտքն է: Նկատենք, որ, տարեսկզբի համեմատ, զգալի նվազել է եւ ՀՀ պետական պարտքը, այդ թվում՝ կառավարության արտաքին պարտքը:
Բայց ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած հաշվետվությունն ուշագրավ է մեկ այլ առումով. Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնեց 2018թ. մայիսի 8-ին` նախկիններից որպես «ժառանգություն» ստանալով 6 մլրդ 867.5 մլն դոլար պետական պարտք, որից 4 մլրդ 927.8 մլն դոլարը ՀՀ կառավարության արտաքին պարտքն էր:
Ու, փաստորեն, մեկ տարի անց պետք է արձանագրենք, որ ՀՀ կառավարության արտաքին պարտքը զգալի նվազել է՝ 8.4մլն դոլարով: Սա, թերեւս, պատահական չէ, քանի որ կառավարությունը վարում է պարտքի նվազեցման քաղաքականություն, իսկ եթե, այնուամենայնիվ, վարկային միջոցներ է ներգրավում, ապա դրանք ծախսում է` ըստ անհրաժեշտության, այլ ոչ թե նախկինների նման գրպանում է»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում