ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանի մշակած «Դայակ`պետության հաշվին» ծրագիրը խիստ դժգոհություններ է առաջացրել աշխատող մայրերի մոտ, իսկ դժգոհության պատճառը շատ թղթաբանությունն ու մեծ հարկերն են:
Ի դեպ, չնայած ծրագիրը մշակվել է նախկին նախարար Արտեմ Ասատրյանի օրոք, բայց սկսել է կիրառվել մեկ այլ նախկին նախարարի` Մանե Թանդիլյանի պաշտոնավարման ընթացքում: Այն շարունակվում է նաեւ հիմա, երբ նախարարը Զարուհի Բաթոյանն է:
Նշենք, որ այս ծրագրում ընդգրկված աշխատող մայրերին այլեւս չի վճարվում 18 հազար դրամ նպաստը, որը նրանք ստանում էին երեխայի խնամքի արձակուրդի ժամանակ:
Փոխարենը կառավարությունը վճարում է նրանց երեխային պահող դայակին: Այն կինը, որը գտնվում է մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, ստանում է 18 հազար դրամ, սակայն եթե այդ կինը ցանկանում է վերադառնալ աշխատանքի, իսկ երեխայի խնամքի համար վարձում է դայակ, ապա պետությունը վճարում է դայակի աշխատավարձի 50 տոկոսը: Ի դեպ, այդ գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձը. մնացած մասը վճարում է ծնողը:
Ծրագիրը գործում է անցած տարվա հուլիսի 7-ից: Եվ ծրագրից օգտվելիս առաջնահերթություն տրվում է այն ծնողներին, ում միջին ամսական աշխատավարձը չի գերազանցում միջին ամսական աշխատավարձի չափը, որը 2017-ին կազմել է 195 հազար դրամ, ինչպես նաեւ ընտանեկան նպաստ ստացողները:
Ստացվում է` կառավարության վճարած 55 հազար դրամից 29 հազար դրամը վերադարձվում է պետությանը, հարկումը` շուրջ 26 տոկոս: Կառավարությունն այսկերպ հարկային դաշտ բերեց մինչեւ այս ստվերում գործող դայակներին: Ասել է թե`պետությունը 18 հազար դրամից զրկեց ծնողին, դրան գումարեց 12 հազար դրամ եւ դրա արդյունքում ունեցավ հարկատու:
Բայց պարզվում է`աշխատանքի վերադառնալ ցանկացող ոչ բոլոր մայրերը կարող են օգտվել այս ծրագրի «բարիքներից»: «Ժողովուրդ» օրաթերթին դիմած Աստղիկ Գեւորգյանը, ում բալիկը չորս ամսական է, ափսոսանքով նկատեց, որ չի կարող վերադառնալ աշխատանքի եւ օգտվել այս ծրագրից, քանի որ նրա աշխատավարձը միջինից ցածր է: Նրա հաշվարկներով` այս ծրագրից օգտվելու դեպքում դայակին ամսական պետք է վճարի ավելի քան 150 հազար դրամ:
Այսինքն` իր ստացած աշխատավարձի մեծ մասը ինքը պետք է վճարի դայակին:
Մեկ այլ քաղաքացու` Հեղինե Կիրակոսյանի խոսքերով` ծրագրից օգտվելու համար ինքը պետք է ստանա մաքուր 250 հազար դրամ աշխատավարձ, որպեսզի կարողանա իրեն թույլ տալ օգտվել դայակի ծառայությունից:
Ստացվում է, որ ցածր աշխատավարձ ստացող մայրերի համար այս ծրագիրն արդյունավետ չէ: Ձեռնտու չէ ծրագրից օգտվել, քանի որ իրենց ստացածը բավարար չէ դայակ վարձելու համար անգամ պետության որոշակի մասնակցության դեպքում:
Իսկ, ահա, ծրագրի արդեն շահառու համարվող մամաների բարձրացրած խնդիրը կապված է թղթատարության հետ: Այն ժամանակատար է. մեկ գերատեսչությունից` մի տեղականք, աշխատանքի վայրից տեղեկանք, բանկից քաղվածք եւ այսպես շարունակ:
Ճիշտ է` այս նորամուծությունը սկզբնական շրջանում պետբյուջեին ֆինանսական աջակցություն չի բերում, փոխարենը հնարավորություն է տալիս կառավարությանը հայտարարել, որ նվազեցրել են գործազրկության պաշտոնական ցուցանիշը:
Իսկ, ահա, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչություն պետ Ժորա Սարգսյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով մայրերի`հարկերի մեծ լինելու վերաբերյալ դժգոհություններին, հայտարարեց. «Հարկերն այնքան են սահմանված, որքան նախատեսված ենհարկային օրենսդրությամբ:
Այս ծրագրով հարկերը շատ չեն, այնքան են, որքան որ հարկային օրեսնդրությամբ նախատեսված են հարկային դրույքաչափերը, եւ նույն քաղաքականությունն ու տրամաբանությունը տարածվում է նաեւ այս ծրագրի վրա:
Այս ծրագրով որեւիցե հարկային դրույքաչափ չի տարբերվում կամ ավելի բարձր չէ, քան մեկ այլ աշխատավարձի դեպքում: Սա եւս աշխատավարձ է, մարդը աշխատում է, ունի աշխատանքային պայմանագիր, ստանում է աշխատավարձ եւ այդ աշխատավարձի դիմաց նաեւ վճարում է հարկեր, ինչպես եւ մենք, դուք»:
Նրա խոսքերով` 2018 թվականին նախատեսվել է ծրագիրը իրականացնել 200 շահառուի համար, բայց անցած տարվա կտրվածքով այն իրականացվել է 461 շահառուի համար:
Իսկ այս տարվա համար տարեսկզբից նախատեսվել է իրականացնել արդեն իսկ 400 շահառուի համար, որից այս պահին իրականացվել է 253 ծրագիր, մյուսները ընթացքի մեջ են: Մասնագետից տեղեկացանք նաեւ, որ գումարը նախատեսված է պետական բյուջեով յուրաքանչյուր 200 շահառուի համար` 121 մլն դրամ:
Օրինակ` այս տարի 400 շահառուի համար նախատեսված է 242 մլն դրամ: Բնականաբար, քանի որ անցյալ տարի իրականացվել է 461 ծրագիր, այդ պատճառով ավելի քան 242 մլն դրամ է ծախսվել:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին` արդյոք պետությունը վերահսկում է դայակների ընտրությունը, պաշտոնյան արձագանքեց. «Դայակներին վերահսկելու չափանիշներ չկան. նորմալ է, որ չկան, եւ պետք էլ չէ, որ լինեն, որովհետեւ դայակներին ընտրում են ծնողները: Եւ ծնողն է առաջին պատասխանատուն իր երեխայի համար առողջ դայակ ընտրելու հարցում: Ծնողը կարող է նախապես պարզել, թե ում հետ գործ ունի, ով է իր երեխային խնամելու, հոգեպես առողջ է, թե ոչ: Ինքը ազատ է ընտրելու մեջ: Մենք միայն բացառություն ունենք, որ նույն հասցեում հաշվառված չլինի»:
Պարզվում է` նախարարությունը եւս դժգոհություններ է ստանում` այս ծրագրի հետ կապված: «Դրանցից մեկն այն է, որ ոչ միշտ են բոլորը կարողանում դառնալ շահառու, այսինքն` նրանք, ովքեր դիմել են ու չեն դարձել շահառու, բայց դա օբյեկտիվ է, որովհետեւ մենք չենք կարող բոլորին ծրագրով ապահովել մի պարզ պատճառով` այդքան գումար չկա նախատեսված:
Նախատեսել ենք առաջնահերթություններ, որ կարողանանք օբյեկտիվորեն ընտրել դիմողներից նրանց, ովքեր է՛լ ավելի դրա կարիքն ունեն, քան մյուսները»: Այսինքն` ստացվում է`այս ծրագրի կարիքն ունի այն կինը, որը ստանում է ամսական մաքուր 200-250 հազար դրամ աշխատավարձ:
Իսկ նրանք, ովքեր ցանկանում են վերադառնալ աշխատանքի եւ կիսել ամուսնու հոգսը, պետք է սպասեն, մինչեւ երեխան հասնի մանկապարտեզի տարիքին, կամ էլ ինքնուրույն լուծեն դայակ վարձելու հարցը:
Սյունէ Համբարձումյան