Մեր դատարանները երբեք էլ չեն եղել այն «սրբազան կովը», ինչպես այսօր ներկայացվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության համակարգի մասին հայաստանյան մի շարք հասարակական-քաղաքական շրջանակների կողմից վերջին շրջանում ասպարեզ բերվող հայտարարություններին հետեւելիս ակամայից կարելի է հանգել այն մտքին, որ երկրում ունենք ոչ թե դատարաններ ու դատավորներ, ոչ թե արդարադատության համակարգ, այլ զուտ գերբնական ու սակրալիզացված մի «սրբազան կով», որի անունն անգամ չի կարելի տալ, էլ ուր մնաց թե դրա նկատմամբ «վեթինգ» կամ «անցումային արդարադատություն» կիրառել:

Քաղաքական որոշ ուժեր, անհատներ ու գործիչներ այնպիսի մանկական (իսկ ավելի ճիշտ՝ Բաղամի ավանակի) ամեղությամբ են բորբոքում եւ պահանջում չմիջամտել դատական իշխանության գործերին, որ ակամայից ապշում ես նրանց «պետական մտածողության» մասշտաբներից: Սակայն, ցավոք, իրականությունը շատ ավելի դժգույն է:

Այսօր դատարաններին «սրբազան կով» հռչակած շրջանակները երբեւիցե առիթը բաց չեն թողել այս համակարգում իրենց կայուն ներկայությունն ապահովելու համար: Ընդ որում` չեն խորշել անդամ երկրի բարձրագույն դատական ատյանը՝ Սահմանադրական դատարանը, ոտնատակ տալուց, երբ իրենց կուսակցին բերում եւ դարձնում էին Սահմանադրական դատարանի նախագահ: Անգամ սա է, սակայն, չարյաց փոքրագույնը:
Ընդամենը մեկ տասնամյակ առաջ հայաստանյան դատարանների մի ստվար հատվածը ուղղակիորեն եւ ամենակոպիտ կերպով վերածվել էր քաղաքական իշխանության մամլիչի, իսկ դատավորները՝ հասարակ մահակի, որով «ջարդուփշուր» էին արվում իրավունքն ու արդարադատությունը:

Թերեւս հարկ է հիշեցնել, որ մեր դատարանները երբեք էլ չեն եղել այն «սրբազան կովը», ինչպես այսօր ներկայացվում են: Պետք է հիշեցնել, որ այսօր դատական համակարգում են գտնվում տասնյակ դատավորներ, որոնք 2008 թվականի մարտիմեկյան իրադարձություններից հետո աջուձախ մեղադրական վճիռներ էին կայացնում իշխանության կողմից ծեծված, հալածված ու գնդակահարված քաղաքացիների, հասարակ ցուցարարների ու քաղաքական գործիչների նկատմամբ:

Արդյոք կարո՞ղ են Ալեքսանդր Ազարյանը, Վազգեն Ռշտունին, Ռուբեն Խալաթյանը, Արմեն Դանիելյանը եւ տասնյակների հասնող այլ դատավորներ իրապես դառնալ հայաստանյան արդարադատության «հենասյուները», այն դատավորները, որոնց վճիռներով տասնյակ, եթե ոչ հարյուրավոր քաղաքացիներ դարձել են քաղբանտարկյալ նույն «Մարտի 1»-ի գործերով (անունները լավ գիտեք, գիտեք նաեւ, որ մի քանիսը ՄԻԵԴ-ում հաղթել են իրենց բողոքը՝ Ալեքսանդր Արզումանյան, Մուշեղ Սաղաթելյան եւ այլք), խեղվել են ճակատագրեր, ու ծանր հարվածի տակ դրվել է երկրի վարկանիշը, ինչի մասին են վկայում ՄԻԵԴ-ից եկող դատավճիռները, որոնց ամբողջ պատասխանատվությունը ընկնում է պետության եւ քաղաքացիների վրա:

Այսօր ամեն անպատեհ առիթով այս դատավորներից ոմանք աջուձախ հարցազրույցներ են տալիս` ի դեպ, հենց դրանով խախտելով դատավորի տարրական կարգապահական նորմերը, հեգնում են ու խոսում արդարադատության, օրենքների ու իրավունքների մասին: Եվ, իհարկե, վերջիններիս «պաշտպանությամբ» հանդես են գալիս «մահակ» դարձածները, իրենց կերպարն ու բնութագիրն աղճատողները:

Արդյոք նման դատավորներով հնարավո՞ր է ունենալ անկախ, վստահելի եւ վերջապես արդար դատարան: Արդյոք այդ դատավորները կարո՞ղ են իրենց մեջ ուժ գտնել եւ հեռանալ կամ էլ իրապես ծառայել իրենց կոչմանը: Այս հարցին պատախանելու համար մեր դատավորներն ունեին շուրջ մեկ տարի ժամանակ, եւ այն, ինչ-կատարվում է այս օրերին, ցույց է տալիս, որ պատասխանը բացասական է: Ուստի ներկայումս առավել քան օրհասական է ազատել ու մաքրել մեր արդարադատությունը կոռումպացված, քաղաքական պատվեր ու վճիռներ կայացրած, իշխանության ձեռքում մահակ ու գործիք օգտագործված բոլոր դատավորներից ու պաշտոնյաներից: Եվ այստեղ պետք է շեշտել, որ վերջիններս արգելակ են մեր հանրության, պետականության եւ երկրի հետագա զարգացման համար:

Լիլիթ Ավետիսյան




Լրահոս