«Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում անդրադարձել էր պատգամավորների դժգոհությանը` կապված աշխատասենյակներում օդափոխման համակարգերի բացակայության հետ: Եվ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ խնդիրը տեխնիկական է եւ կապված է հին մասնաշենքի լարերի հետ, որոնց հին լինելու հետ կապված` անհեռանկարային է նման սարքերի տեղադրումը:
Մենք նաեւ տեղեկացրել էինք, որ այդպիսի խնդիր կա նաեւ Ազգային ժողովի ճաշարանի հետ կապված, եւ պատգամավորները եւ, առհասարակ, խորհրդարանի ճաշարանից օգտվողները դժգոհում են այնտեղ շոգ լինելու հանգամանքից:
Եվ, ահա, երեկ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե, ամենայն հավանականությամբ, ճաշարանում օդորակիչներ կտեղադրեն: Մեր հարցին` դա տեղադրվելու է ԱԺ, թե ճաշարանը սպասարկող ընկերության միջոցների հաշվին, Տիգրան Գալստյանը նշեց. «Մենք կապահովենք էլեկտրաէներգիայի ծախսը, իսկ օդորակիչները` սպասարկող ընկերությունը»:
Նա հավելեց, թե զուգահեռ աշխատում են նաեւ պատգամավորների աշխատասենյակների օդորոկիչների հարցերով: