Արցախի ԿԸՀ-ում կորոշեն Սամվել Բաբայանի ճակատագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում քննարկվող գլխավոր թեման շարունակում է մնալ Արցախի հերոս Սամվել Բաբայանի կողմնակիցների կողմից իրականացվելիք ստորագրահավաքը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` Ս. Բաբայանի թիմակիցները լարված են, քանի որ արդեն տեղեկություններ կան, որ իշխանությունը չի պատրաստվում խորհրդարանում ընդունել այն: Երեկ երեկոյան Ս. Բաբայանի կողմնակիցները պետք է ստորագրահավաքի արդյունքները ներկայացնեին ԼՂՀ ԿԸՀ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` Ս. Բաբայանի կողմակիցներն արդեն ավարտել են գործընթացը ու այն ներկայացնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողով` պետք է մեկ ամիս սպասեն, որպեսզի հասկանան` այն ուղարկվում է Արցախի խորհրդարան, թե ոչ: Իսկ այդ մեկ ամիսների ընթացում ԿԸՀ-ն պետք է ստուգի բոլոր այն տվյալները, որոնք ներկայացրել են Բաբայանի կողմնակիցները: Բանն այն է, որ եթե ինչ-որ ստորագրություն կեղծ լինի, ապա այն բացահայտելուց հետո գործին ընթացք չի տրվելու: ԼՂՀ իշխանության ներկայացուցիչները «Ժողովուրդ» օրաթերթի հետ մասնավոր զրույցում ասացին, որ այդ ամենը մեծ լարվածություն է առաջացրել ու դեռ մոտ մեկ ամիս էլ շարունակվելու է` հասկանալու իրավիճակի ելքը:

Ըստ մեր տեղեկությունների` խորհրդարանականներն էլ հակված չեն շատ երկար քննարկել հարցը, եթե այն ուղարկվի ԱԺ: Երեկ Սամվել Բաբայանի կողմնակիցները հայտարարություն էին տարածել` նշելով. «Նախաձեռնող խումբը հնարավոր ամեն ինչ անում է հարցը հանրահավաքներին չհասցնելու ուղղությամբ։ Սակայն եթե այս բանակցությունները իրենց պատշաճ հանգուցալուծմանը չհասնեն, հավաքներ անցկացնելը կդիտվի ժամանակի անհրաժեշտություն։ Տարածված այն լուրերը, որ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ ինչ-որ քաղաքական ուժերի հետ, չեն համապատասխանում իրականությանը: Ցանկացած տեղեկություն ունենալու դեպքում նախաձեռնող խումբը հանդես կգա հայտարարությամբ»:

Այսինքն` առաջիկայում զարգացումներ կլինեն ԼՂՀ-ում. ելքն անկանխատեսելի է դեռեւս:

Սոնա Գրիգորյան




Լրահոս