Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 19-22-ը հերթական այցով Հայաստանում էր պաշտպանական կրթության զարգացման և բարեվարքության ամրապնդման հարցերով Պաշտպանության նախարարությանը խորհրդատվական աջակցություն տրամադրող ՆԱՏՕ-ի թիմը:

Այցի նպատակն էր մասնակցությունը ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում «Լավ կառավարում և բարեվարքություն» առարկայի պիլոտային ծրագրի մեկնարկին և մասնագիտական քննարկումների անցկացումը: Հայկական կողմից խորհրդատվական խմբի հետ աշխատանքներում ներգրավվել էին ՊՆ համապատասխան ստորաբաժանումների, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանների ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել ինքնագնահատման գործընթացի շրջանակում գրանցված առաջընթացի կապակցությամբ:

Կողմերը համաձայնեցրել են Հայաստանի պաշտպանական գերատեսչության ռազմաուսումնական հաստատություն­ների հետ ՆԱՏՕ-ի խորհրդատվական խմբի համագործակցության հետագա ծրագրերը և ուղենիշները:

«Լավ կառավարում և բարեվարքություն» առարկան պրոֆիլային կրթօջախներում ներդնելու և այս ուղղությամբ ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու հարցում հետաքրքրվածություն է ցուցաբերվել Հայաստանի ոստիկանության կողմից: Այցի ընթացքում Պաշտպանության նախարարությունը կազմակերպել է խորհրդատվական խմբի հանդիպումները նաև ոստիկանական համակարգի հաստատություներում:




Լրահոս