Մարզպետը խոստում տվեց, բայց….

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի բնակիչները թվային հեռարձակմամբ կարող են դիտել 9 հեռուստաալիք: Դրանցից մեկը` Տավուշի մարզային «Տավուշ ՏՎ»-ն, 2017թ. մարտից դադարեցրել է հեռարձակումը: 2017թ. հունվարի 10-ի վճռով «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ: «Տավուշ ՏՎ»-ի պարտատերերը 3-ն են` հարկային տեսչությունը, ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը եւ Հայաստանի հեռուստատեսային ցանցերը:

2018թ. մարտին` Տավուշի մարզպետարանում մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ քննարկման ժամանակ, մարզպետ Հայկ Չոբանյանը, կարեւորելով գյուղատնտեսության զարգացումը, մարզի բնակչության շրջանում գյուղատնտեսական գիտելիքների տարածումը, հայտարարեց, որ Տավուշի մարզային հեռուստաընկերության եթերում գյուղատնտեսական հաղորդաշար էլինելու, այն սպասված է լինելու բնակչության կողմից: Քննարկման ընդմիջմանը «Ժողովուրդ» օրաթերթը մարզպետին տեղեկացրեց, որ Տավուշի մարզային հեռուստաընկերությունը 7 միլիոն դրամ հարկային պարտավորություններ ունի, շուրջ մեկ տարի եթեր դուրս չի գալիս: Մարզպետը վստահեցրեց, որ առաջիկայում մարզային հեռուստաընկերության վերագործարկում կլինի:

2019թ. մարտի 15-ին Տավուշի մարզպետարանում մարզպետի մամուլի ասուլիսի ժամանակ Նոյեմբերյանի«Քամուտ» հեռուստաընկերության տնօրեն Վարդան Անանյանը հայտնեց, որ 2019թ.մարտի 14-ին ինքը հանձնել է այդ հեռուստաընկերության պետական արտոնագիրը, այդ հեռուստաընկերությունն այլեւս չի գործում: 2019թ. մայիսի 17-ին`Ենոքավանում մամուլի ասուլիսի ժամանակ, մարզպետը հայտնեց, որ 2019թ.ամռանը` ամենաուշը 2019թ. օգոստոս ամսին, Տավուշի մարզային հեռուստաընկերությունը կվերագործարկվի:

Աշուն է, սակայն Տավուշում մարզային հեռուստաընկերություն չի գործում: «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ից 2 միլիոն 559 հազար 550 դրամ բռնագանձելու պահանջի մասին քաղաքացիական հայցով դիմել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում 2018թ. մայիսի 8-ից դատական նիստեր էին կայանում: «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ն 2003թ. Իջեւան քաղաքում եւ հարակից տարածքում անալոգային հեռուստահաղորդումներ էր հեռարձակում, այն ներկայումս հեռարձակումներ չի իրականացնում:

2019թ. օգոստոսի 28-ին Իջեւան քաղաքում դատավոր Սիմա Իսկանդարյանը վճռել է հայցը բավարարել եւ «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ից հօգուտ «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի բռնագանձել 2 միլիոն 559 հազար 550 դրամ` որպես պայմանագրային պարտավորությունների չկատարման հետեւանքով ձեւավորված պարտքի գումար, «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ից հօգուտ «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի բռնագանձել 51 հազար 991 դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս