Ինչպես հայտնի է, մեր հայրենակիցների մեծ մասը նախընտրում է ձմեռը դիմավորել նախապես գնված վառելափայտով, քանի որ բնակարանները գազով եւ էլեկտրաէներգիայով ջեռուցելը թանկ հաճույք է: Թերեւս հաշվի են առնում նաեւ այն հեռանկարն ու լուրերը, որոնց համաձայն` առաջիկայում բնակչության համար գազը թանկանալու է:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս օրերին լուրջ խնդրի առաջ են կանգնել վառելափայտի սպառողները: Բանն այն է, որ մարդիկ եթե անցած տարվա այս ժամանակահատվածում 1 խմ փայտը գնել են 28 հազար դրամով, ապա հիմա վառելափայտ վաճառողները խորանարդ մետրի համար 37-40 հազ. դրամ են առաջարկում: Նկատենք, որ ոչ ոք չի վերահսկում վառելափայտի շուկան ու գները: Այս ամենի արդյունքում սոցիալապես անապահով խավին մնում է հաշվարկել, թե որ տարբերակն է առավել ձեռնտու` փայտը, գազը, թե էլետրաէներգիան, կամ էլ առողջության հաշվին տնտեսելը: