Ինչո՞ւ չկա մեկնաբանություն՝ ինչու Փաշինյանը հրաժարվեց ուժայինների ղեկավարների հետ աշխատելու հեռանկարից. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչո՞ւ, ի վերջո, չկա հստակ մեկնաբանություն-պարզաբանում, թե ինչն էր պատճառը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց երկու գլխավոր ուժային կառույցների ղեկավարների հետ աշխատելու հեռանկարից: Չէ՞ որ ընդամենը երկու ամիս էր անցել ե՛ւ Ոստիկանության, ե՛ւ ԱԱԾ ղեկավարներին բարձրագույն` գեներալ-մայորի կոչումներ շնորհելուց:

Ինչո՞ւ հանկարծ այդ ահռելի անվստահությունն առաջ եկավ: Եւ այս համատեքստում բազմաթիվ անպատասխան հարցեր են մնում, որոնց պատասխանը ստանալու իրավունք հասարակությունն, անշուշտ, ունի: Բացախոսությամբ հայտնի, իրավիճակներին շիտակ եւ ուղիղ գնահատական տվող վարչապետի լռությունն այս հարցում առնվազն տարակուսելի է: Իսկ գուցե պատճառներն այնքան խորքային են, որ Փաշինյանն ինքը աննպատակահարմա՞ր է գտնում դրանք բարձրաձայնել: Ոստիկանության պետի պաշտոնից հեռանալիս Վալերիյ Օսիպյանը հայտարարեց, թե պատճառների մասին կխոսի ավելի ուշ:

Վալերի Օսիպյանի պաշտոնաթողությունը, հիշեցնենք, ԱԱԾ տնօրենի հեռացումից օրեր անց եղավ: Բայց, այսպես ասենք, փոթորիկ չառաջացրեց, ինչպես եղավ Վանեցյանի հեռանալու ընթացքում վարչապետի հետ աղմկոտ փոխհրաձգությամբ: Օսիպյանը վարչապետի գլխավոր խորհրդական նշանակվեց, ինչը թերեւս խոսում էր վարչապետի` նրա նկատմամբ ունեցած ավելի բարյացակամ վերաբերմունքի մասին: Իհարկե հիշենք նաեւ, որ մամուլում լուրեր էլ եղան, թե վարչապետը նրան նշանակել է գլխավոր խորհրդականի պաշտոնում, բայց Օսիպյանը այդ մասով չի տվել համաձայնություն եւ իր հաշվին արձակուրդ է գնացել:

Լուրեր եղան նաեւ, թե Փաշինյանը Օսիպյանին գուցե հեռացնում է անարդյունավետ աշխատանքի համար, իսկ խորհրդական աշխատելու առաջարկը պարզապես «բարոյական ձեռքմեկնում էր»: Այստեղ շատ ուշագրավ մի փաստ էլ կա. ոստիկանապետի պաշտոնաթողությունից հետո տեղեկություններ եղան նաեւ պաշտոնավարման ընթացքում նրա ձեռք բերած երեք բնակարանների, թանկարժեք մեքենայի մասին: Եթե այդ լուրերը համապատասխանում են իրականությանը, ապա ե՞րբ են դրանք հասել վարչապետ Փաշինյանին` երբ դեռ Օսիպյանը ոստիկանապե՞տ էր, թե՞ երբ արդեն գլխավոր խորհրդական էր նշանակվել: Այս հարցերն էլ դեռ պաշտոնական պատասխան չունեն. իրակա՞ն են, թե՞ վարկաբեկիչ միտում ունեն:

Ամեն դեպքում, արձանագրենք, որ Օսիպյանն ինքն էլ, ըստ էության, պաշտոնական պարզաբանումներ իր հեռացման մասին չի արել` արդյոք ընդհանրապես հեռանում է, թե իր տեղը կգտնի քաղաքական խճանկարում:




Լրահոս