Ավարտվեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակում անցկացված «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը, որին ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մասնակից պատգամավորների կողմից հնչել են ամենատարբեր հարցեր մի շարք ոլորտներից: Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Հանրային խորհրդի գործունեության վերաբերյալ հարց հնչել է, Ալեն Սիմոնյանը նշեց, որ եղել է կարծիքների փոխանակում:
«Ես դուրս չեմ եկել մի սենյակից, որտեղ որոշումներ են կայացվում: Այնտեղ հարցեր են հնչել և կարծիքներ են փոխանակվել: Հանրային խորհրդի մասով հարց հնչեց, եղավ արձագանք: Ես անձամբ ունեմ իմ կարծիքը, կարող եմ ասել, որ Հանրային խորհուրդն անիմաստ կառույց է: Վարչապետը ներկայացրել է նաև իր տեսակետը, ինչը ճիշտ չէ, որ հիմա ես ասեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ալեն Սիմոնյանը:
Արդյո՞ք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա հարցին Ալեն Սիմոնյանը պատասխանեց հարցով.
«Իսկ ինչո՞ւ պետք է Արայիկ Հարությունյանը հրաժարական տա: Եթե ինչ-որ մարդիկ պետք է որոշեն, թե որ ներկայացումն է լավը, որը վատը, ապա մենք որևէ բանի չենք հասնի: Մեկին կլկլոց է դուր գալիս, դա չի համարում թուրքական, երգերը դնում է իր սոցիալական էջի պատին, հետները նկարվում ու գրում՝ ախպերս… գիտեք, ավելի կարևոր թեմաներ կան, քան որ փորձում են դաշտ գցել այս հուզական թեմաները: Խնդրում եմ մանր, էժան հնարքներին մի տրվեք էլ: Վերջին շրջանում մեզ վերագրում են բազմաթիվ բացասական բաներ, ասելով, թե մենք սատանայապաշտ ենք և այլն: Այդ ամենը հաջողությամբ չի ավարտվելու: ՀՀ քաղաքացին գիտի, որ փող են տալիս, որ մեզ վարկաբեկեն, ասում եմ՝ չի ստացվելու»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
Հանրապետության հրապարակի մետրոյի դիմացի շատրվանների մոտ տեղի էր ունեցել «ՀուԶԱՆՔ ուԶԱՆԳ» ներկայացումը. այն կատարողական արվեստի նախագիծ է, որը սինթեզում է ժամանակակից պարն ու պոեզիայի ռիթմը: Ներկայացումը քննադատությունների առիթ էր դարձել, շատերը այն չեն ընդունել: