Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության մշակման ու իրականացման ուղենշային հիմնադրույթները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականության մշակման ու իրականացման ուղենշային հիմնադրույթներ.

1. Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրում խտացված են պետականության գաղափարի, հայության ընկալումները եւ Հայոց պետության հիմնական ուրվագծերը:

2. Հայոց պետությունը, լինելով հայության բնօրրանում հանրության կազմակերպական հիմնական ձեւն ու կառավարչական կառույցը եւ ունենալով հանրության հավաքական իղձերի իրականացման, նրա հոգեւոր-մշակութային ինքնության պահպանման ու նրա անվտանգության ապահովման գերխնդիրները, պարտավոր է իր բոլոր գործառույթներում պահպանել հավատարմությունը ՀՀ Անկախության հռչակագրի դրույթներին:

3. Քանի որ հայոց բնօրրանում պետության ստեղծման ցանկությունն ու ձգտումներն են դարձել 20-րդ դարասկզբին համաժողովրդական ճակատագիրը որոշող այնպիսի գործոններ, որոնց արդյունքում հայությունը ենթարկվել է ցեղասպանության ու դարձել աշխարհասփյուռ, մեր ժողովուրդը հայոց անկախ պետության գոյությունը համարելու է համահայկական միասնական ջանքերի արգասիք: Դրանով իսկ Հայոց պետությունը պարտավորված է լինել աշխարհասփյուռ հայության շահերի պաշտպանության երաշխավորը` անկախ նրանց բնակության վայրից, անկախ նրանց քաղաքացիությունից եւ անկախ նրանց դավանանքից:

4. Հայաստանի Հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ համայն հայությունը Հայաստանի Հանրապետությունում կարողանա տեսնել իր շահերը, գտնել իր հետաքրքրությունների բավարարման ոլորտները, իսկ Հայաստանի Հանրապետության հզորացումն ու բարգավաճումը համարի իր ապահովության ու բարեկեցության գրավականը:

10.09.2019թ. Հրայր Մելքոնյան

ՀՀ Անկախության հռչակագիր

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջեւ համայն հայության իղձերի իրականացման եւ պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից եւ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը,

ՀՌՉԱԿՈՒՄ Է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:

1. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն, կրճատ` Հայաստան: Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը եւ հիմնը:

2. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է` օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ օրենքները:

3. Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն եւ ներկայացուցչական մարմինների միջոցով` Հայաստանի Հանրապետության սահմանադրության եւ օրենքների հիման վրա: Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: Արտերկրի հայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք ունի: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվում են նրա պաշտպանության եւ աջակցության ներքո: Հայաստանի Հանրապետությունը ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը` անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից եւ դավանանքից:

5. Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական եւ հասարակական անվտանգության մարմիններ: Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի իրավունքը: Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորական ծառայության կարգը: Այլ երկրների զորամիավորումները, նրանց ռազմական բազաները եւ շինությունները կարող են տեղաբաշխվել Հայաստանի Հանրապետության տարածքում միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են օգտագործվել միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ:

6. Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը:

7. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը` հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային եւ այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն են: Դրանց տիրապետման, օգտագործման եւ տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով: Հայաստանի Հանրապետությունն ունի ԽՍՀՄ ազգային հարստություն, այդ թվում` ոսկու պաշարների, ալմաստի եւ վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք:

8. Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձեւության հիման վրա որոշում է իր տնտեսավարման սուբյեկտները եւ կարգը, հիմնում սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային եւ մաքսային ծառայություններ:

9. Հայաստանի Հանրապետությունը իր տարածքում ապահովում է խոսքի, մամուլի, խղճի ազատություն. օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների իրավահավասարություն, իրավապահ մարմինների եւ զինված ուժերի ապաքաղաքականացում:

10. Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության եւ մշակույթի սեփական համակարգ:

11. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:

12. Սույն Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ` փոփոխությունների եւ լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար:




Լրահոս