«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը հայկական շոու-բիզնեսի հնաբնակներից Աննա Խաչատրյանն է: Նա անդրադարձել է իր բնավորության գծերին, իր անվան շուրջ պտտվող ասեկոսեներին: Աննան խոստովանել է, որ տարիների ընթացքում սկսել է մարդկանց չվստահել. երկար ժամանակ է հարկավոր երգչուհու վստահությունը շահելու համար: Տարիները Աննային սովորեցրել են նաեւ ասել «ոչ», մերժել դիմացինին, երբ դրա անհրաժեշտությունը կա:
-Աննա՛, օրը լավ սկսելու համար Ձեզ հարկավոր է․․․
-Գիշերը լավ քնել:
-Ձեզ միանգամից վստահություն է ներշնչում այն մարդը․․․
-Չկա նման մարդ: Ցավոք, սկսել եմ բոլորին չվստահել: Շատ երկար ժամանակ է հարկավոր, որպեսզի մարդը կարողանա ինձ մոտ վստահություն ձեռք բերել:
-Առաջնային կարեւորություն եք տալիս մարդու անկեղծությա՞նը, թե՞ ինտելեկտին։
-Նայած՝ ինչ պարագայում: Ես իմ նախընտրությունը տալիս եմ ինտելեկտով անկեղծ մարդկանց: Իհարկե, այդպիսիք հազվադեպ են հանդիպում:
-Ներողություն է խնդրում նա․․․
-Ում համար կարեւոր է դիմացինն ու իրենց հարաբերությունները:
-Պետք է կարողանալ ասել «ոչ» այն ժամանակ, երբ․․․
-«Ոչ» պետք է կարողանալ ասել միշտ, երբ պետք է: Տարիների ընթացքում սովորեցի ասել «ոչ»:
-Հարց, որը միշտ տանջում է Ձեզ։
-«Ինչուների» շարքն անսպառ է միշտ: Չեմ կարող առանձնացնել մեկը:
-Նախընտրում եք նվերը պատվիրե՞լ, թե՞ որ Ձեզ անակնկալ անեն։
-Եթե հարցնում են՝ ինչ առնել ինձ համար, ուրեմն հարցնողը մտերիմ մարդ է, եւ այդ դեպքում, բնականաբար, ասում եմ՝ ինչի կարիք ունեմ:
-Ձեզ ձանձրացնում են մարդիկ, որոնք․․․
-Իմանալով հանդերձ, որ ես գիտեմ՝ իրենք ստում են, շարունակում են ստել:
-Ավելի շատ սրտնեղում եք դատարկությունի՞ց, քաոսի՞ց, թե՞ անորոշությունից։
-Միանշանակ, անորոշությունից: Դա ամենաանտանելի զգացողությունն է, որ մարդ կարող է երբեւէ ունենալ:
-Ավելի շատ վերլուծո՞ւմ եք, թե՞ ապրում։
-Վերլուծելով եմ ապրում.այդպես է ստացվել:
-Չի սխալվում նա, ով․․․
-Ով չի ապրում:
-Ձեր երկրորդ ծնունդը կարելի է համարել․․․
-Չեմ նշանավորել որեւէ օր՝ որպես երկրորդ ծննդյան օր:
-Պետք է լռել այն պահին, երբ․․․
-Շատ նյարդայնացած եւ զայրացած ես:
-Սովորաբար ընտրում եք սիրելի՞ն, թե՞ պետքականը։
-Եթե խոսքը վերաբերում է իրերին՝ պետքականը, եթե մարդուն՝ սիրելիին:
-Ձեզ սովորաբար թիկունքից խփում են նրանք․․․
-Ումից չէի սպասում նման բան: Զգուշավորությունն օգնում է երբեմն, բայց ոչ միշտ:
-Վերջին շրջանում Ձեր մասին լսած մի բամբասանք, որը զվարճացրել է Ձեզ։
-Ասում են, թե ամուսնացել եմ. կուզեմ իմանալ՝ ում հետ, այդպես էլ չկարողացա պարզել (ծիծաղում է):
-Ի՞նչն է, որ կարեւոր է երջանկությունից։
-Հանգստությունը, խաղաղությունը:
-Ձեր սիրելի պոետը:
-Պուշկին, Եսենին, Սեւակ, Տերյան, շատ են… Դժվար է մեկին առանձնացնել…
-Ունե՞ք երգարվեստի հետ կապված մի նպատակ, որը դեռ չեք իրականացրել:
-Նպատակներ միշտ էլ կան: Ժամանակ առ ժամանակ ստացվում է դրանց հասնել, երբեմն էլ՝ ոչ: Բայց դա կյանքի օրենքն է. չի կարող ամեն բան միշտ մեր ուզածով լինել:
-Նորաձեւության ոլորտում կա՞ մեկը, ում ոճը Ձեզ ոգեշնչում է:
-Առհասարակ, փորձում եմ հետեւել նորաձեւությանը, բայց կարծում եմ, որ նորաձեւ է այն, ինչ քեզ սազում է. եթե հագնվես նորաձեւ, բայց հագուստդ քեզ չսազի, կդառնաս ծաղրածու:
-Արտաքին տեսքին շա՞տ եք ուշադրություն դարձնում: Այն, թե ինչ եք հագել, ինչպես եք դիմահարդարվել, կարո՞ղ է ազդել Ձեր տրամադրության վրա:
-Աշխատում եմ քիչ դիմահարդարվել, առօրյայում չեմ օգտագործում, օրինակ, տոնային քսուք, բայց գործի բերումով ստիպված եմ դիմահարդարվել առավել հաճախ, քան կցանկանայի: Ինչ վերաբերում է հագուստին, առօրյայում նախընտրում եմ թեթեւ սպորտային ոճ, բայց գործի բերումով ստիպված եմ լինում բարձրակրունկով եւ բեմական հագուստով լինել:
-Եվ վերջին հարցը՝ Ձեզ երջանիկ մարդ համարու՞մ եք:
-Այո, Աստված շատ չհամարի…
Աննա Բաբաջանյան