ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրառում է կատարել.
«Մի քանի օր առաջ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան «Տելեգրամ»-ի իր էջում գրել էր, որ իրենց բոլորի երազանքն է մուղամ լսել Արցախում: Ես Մեհրիբան Ալիևային հրավիրում եմ Արցախ, և նա կլիներ մեր հյուրը: Մեր ժողովուրդը, արցախցիները գիտեն՝ ինչպես ընդունել հյուրին, ինչպես հարգել հյուրին և ընդունված մեր հյուընկալության կանոններից է նաև հյուրին պատվել իր ցանկացած երաժշտությամբ: Մենք կարող ենք ապահովել մուղամը, մենք կարող ենք իրականացնել նրա երազանքը և Ղարաբաղում նա կլսի իր սիրելի մուղամը: Սա հրավեր է և եթե նա ընդունի այդ հրավերը՝ պատրաստ եմ ինքս էլ հյուրընկալվել Բաքվում:
Եվ կարծում եմ, որ սա կարող է ՄԱԿ-ի 1325բանաձևի շատ ռեալ և շատ բարձր նպատակի իրականացման ձև լինել ամբողջ աշխարհում: Բայց եթե Մեհրիբան Ալիևան նկատի ունի, որ իրենց երազանքն այն է, որ գան Արցախ մուղամ լսեն և դա անեն պատերազմի միջոցով՝ ես վստահեցնում եմ, որ այդ դեպքում երազանքն անկատար կմնա:
Ոչ միայն անկատար կմնա, այլ եթե նրանք նոր պատերազմ սկսեն, հավանաբար նորանոր բնակավայրեր կհայտնվեն, որտեղ նրանց համար մուղամ լսելը կդառնա անկատար երազանք: Եթե Մեհրիբան Ալիևան իր և իր ժողովրդի անունից ասում է, որ երազում է Արցախում մուղամ լսել, ապա այդ երազանքին հասնելու միայն մեկ ճանապարհ գոյություն ունի՝ դա խաղաղությունն է, Արցախի հետ բարիդրացիական հարաբերություններն են և որպես հյուր փոխադարձ այցերն են: Աշխարհի տարբեր ժողովուրդներ կարողացել են հաղթահարել ավելի երկար տարիներ տևած պատերազմներ, կարողացել են հաղթահարել թշնամանքը, և այսօր չունեն սահմաններ, միևնույն տնտեսական միության մեջ են ապրում, ամենալավ բարեկամներն են. եթե դա հաջողվել է այլ եվրոպական ժողովուրդների, ինչո՞ւ չպետք է մեզ չհաջողվի: Պարզապես ադրբեջանական կողմը պետք է ցուցաբերի քաղաքական կամք և վերջապես իր վրայից թոթափի պատերազմի մոլուցքը՝ հասկանալով, որ դրանով ոչ մի բանի չի կարող հասնել: Ուզում եմ նորից կրկնել, որ հրավերը միանգամայն լուրջ է: ????