Դեռեւս հոկտեմբերի 8-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանը եւ Թագուհի Ղազարյանը հայտարարության նախագիծ ներկայացրեցին՝ Քաղհասարակության ներկայացուցիչների հետապնդման եւ նրանց շուրջ ատելության եւ անհանդուրժողականության մթնոլորտի հրահրման մասին:
Պատգամավորները կոչ արեցին իրենց գործընկերներին միանալ այդ հայտարարությանը, սակայն շատ քիչ թվով պատգամավորներ միացան առաջարկին: Ու, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, պատգամավորները որոշել են հանձնաժողովին առաջարկել դեկտեմբերի 16-ին արտահերթ նիստ հրավիրել, որի ժամանակ կառաջարկեն այդ նույն պահանջով աշխատանքային խումբ ստեղծել:
Հիշեցնենք, որ հայտարարությունում նշվում էր. «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այս պահին քրեականացված է միայն ազգային, ռասայական կամ կրոնական հիմքով թշնամանք հարուցելը եւ արժանապատվությունը նվաստացնելը, ինչպես նաեւ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու կոչերը, զանգվածային անկարգությունների ժամանակ բռնության կոչերը, ահաբեկչության կոչերը, վերջիններիս արդարացումն ու քարոզը։ Սակայն, բացի սրանցից, կան ատելության խոսքի այլ ծայրահեղ դրսեւորումներ, որոնց մասին պետք է լինի հանրային լայն իրազեկվածություն եւ մերժում, իսկ դրանց որոշ տեսակների նկատմամբ նաեւ նոր օրենսդրական կարգավորումների միջոցով սանկցիա»:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախաձեռնող խումբը նպատակ ունի այդ աշխատանքային խմբի միջոցով իրավական կարգավորում տալ ատելության խոսքին, բռնության քարոզին: Նպատակ կա մինչեւ տարվա վերջ ձեւավորել այդ աշխատանքային խումբը, որը պետք է բաղկացած լինի խորհրդարանի երեք խմբակցությունների ներկայացուցիչներից, քաղաքացիական հասարակության անդամներից, կառավարության ներկայացուցիչներից, լրագրողներից ու տարբեր փորձագետներից, որոնք պետք է մշակեն իրավական նախագիծ, որը զսպող մեխանիզմ կդառնա ատելության քարոզին:
Թե որքանով կիրականանա իմքայլականների նախագիծը, դեռեւս դժվար է ասել, քանի որ հայտարարության նախագծին ընդամենը երկու տասնյակ պատգամավոր միացավ: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ աշխատանքային խումբ ստեղծելու գաղափարը կա, դրա մասին կներկայացնեն հանձնաժողովի հրավիրվելիք արտահերթ նիստում:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ