Երեկ օրն աչքի ընկավ աղմկահարույց իրադարձություններով, որոնց թվում, բնականաբար, առանձնակի ուշադրություն է գրավում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելը: Երեկ ArmLur.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ ՀՔԾ-ում Սերժ Սարգսյանը հարցաքննվում է, եւ դրանից շատ չանցած` վերջինս մանրամասներ հայտնեց քրեական գործից:
Եվ հրապարակումից պարզ է դառնում, որ քրեական գործն առնչություն ունի Բարսեղ Բեգլարյանի հետ եւ վերաբերում է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի կառավարման տարիներին: Մասնավորապես, շրջանառվող տեղեկությունների համաձայն` Սերգո Կարապետյանի առջեւ պայման են դրել՝ կա՛մ պետք է ցուցմունք տա Սերժ Սարգսյանի դեմ, կա՛մ իրեն կկալանավորեն: Եվ, ըստ ամենայնի, Սերգո Կարապետյանը երաշխիքներ է ստացել իրավապահ համակարգից եւ դրանից ելնելով էլ`ցուցմունքտվել: Գաղտնիք չէ, որ Հայաստանում բենզինի եւ դիզվառելիքի շուկայի խոշորագույն խաղացողը «Ֆլեշն» է եղել:
Փաստ է նաեւ, որ «Ֆլեշը» պետական կառույցների համար պետբյուջեից գնվող հեղուկ վառելիքի հիմնական մատակարարն է եղել: Այդ գնումները հիմնականում իրականացվել են, ըստ էության, առանց մրցույթների:
Ի՞նչ գործի մասին է խոսքը
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա 2013 թվականի հունվարի 25-ից մինչեւնույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմիցպետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:
ՀՔԾ տարածած ծավալուն հաղորդագրությունից պարզ է դառնում, որ խոսքը պետական միջոցներով գյուղացիական տնտեսություններին տրամադրվող դիզելային վառելիքի բաշխման ապօրինի սխեմայի մասին է, որի միջոցով ավելի ցածր գին առաջարկած ընկերության հայտը մերժվել է՝ հօգուտ զգալիորեն ավելի բարձր գին առաջարկած, Սերժ Սարգսյանի մերձավոր Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերության:
Հաղորդագրությունում բերված են այդ գործընթացի բոլոր մանրամասները: Իսկ զգալի ցածր գին առաջարկած ընկերությունը «Մաքսհուր»-ն է, որը, ըստ պետական ռեգիստրում առկա տվյալների, գտնվում է սնանկացման փուլում:
Գաղտնիք չէ, որ թավշյա հեղափոխությունից հետո շատերն էին խոսում Սերժ Սարգսյանի ձերբակալության մասին, սակայն այս գործն ամենեւին քաղաքական գործընթացների մեջ տեղավորվող չէ: Եվ ամենեւին չի բացառվում, որՍերժ Սարգսյանը վերականգնի պետությանը պատճառած վնասն ու մնա ազատության մեջ: Հավելենք, որ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով կատարված արարքի համար Քրեական օրենսգրքով նախատեսվում է 7-ից 12 տարի ժամկետով ազատազրկում` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Բարսեղ Բեգլարյանի մեկնաբանությունը
Ինչպես արդեն նշեցինք, այս ամենը կատարվել է «Ֆլեշ» ընկերության համար, որի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը Սերժ Սարգսյանի մտերիմն է: Եվ հետաքրքիր է` առաջին անգամ չէ, որ թավշյա հեղափոխությունից հետո այս ընկերության անունը հայտնվում է իրադարձությունների կիզակետում, սակայն Բարսեղ Բեգլարյանը եւս այս պահին ազատության մեջ է: Օրինակ` դեռ 2018 թվականի հուլիսի 4-ին Բեգլարյանին մեղադրանք էր առաջադրվել բռնության գործադրմամբ, դրա գործադրման սպառնալիքով ինքնիրավչության համար։ Նրան մեղադրանք էր առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով:
Իսկ այս անգամ գործն արդեն առնչվում է Սերժ Սարգսյանին, եւ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ հենց Բարսեղ Բեգլարյանից:
-Պարո՛ն Բեգլարյան, Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել եւ, հաղորդագրության համաձայն, այն կապված է Ձեր ընկերությանն արտոնություն տալու հետ:
-Ես տեղյակ չեմ, թե ինչի մասին է խոսքը:
-Դուք չե՞ք հրավիրվել հարցաքննության:
-Ես հեռախոսով նման հարցերի չեմ կարող պատասխանել:
-Իսկ Դուք Սերժ Սարգսյանին մեղավոր համարո՞ւմ եք:
-Ես չգիտեմ` ինչի մասին է խոսքը, բայց իմ խորին համոզմամբ` Սերժ Սարգսյանը չի կարող մեղավոր լինել նման հարցերում: Առաջին անգամ եմ նման բան լսում: Այո, «Ֆլեշ»ընկերությունն ինձ է պատկանում, բայց Սերժ Սարգսյանի` կապ ունենալու մասին չգիտեմ:
-Ըստ հաղորդագրության`օգնել է, որ Ձեր ընկերությունը դիզվառելիք տրամադրի:
-Մենք Սերժ Սարգսյանի հետ շատ մտերիմ ենք եւ դա երբեք չենք թաքցրել, իսկ իր գործողությունների հետ ես կապ չունեմ, տեղյակ չեմ:
ՀՀԿ-ի արձագանքը
Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությունից ժամեր անց ՀՀԿ-ն հայտարարություն տարածեց եւ այս ամենը որակեց որպես քաղաքական հետապնդում: «Սերժ Սարգսյանին առաջադրած մեղադրանքը համարում ենք բացառապես քաղաքական հետապնդման աղաղակող դրսեւորում: Այս գործընթացի նպատակն է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին Հայաստանին եւ Արցախին սպառնացող վտանգների ֆոնին, այդ թվում՝ բանակցային գործընթացի շուրջվերջին զարգացումների համատեքստում: Նման բիրտ քայլերով իշխանությունները նպատակ ունեն նաեւ շեղել հայ ժողովրդի ուշադրությունը երկրում օրեցօր սրացող բազմաթիվ այլ խնդիրներից», – ասված է հաղորդագրության մեջ:
ԿԳՄՍ տեղակալը
Մինչ երեկ հանրությունը փորձում էր «մարսել» Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությունը, մեկ այլ աղմկահարույց դեպքի մասին բացահայտում եղավ, այս անգամ գործող պաշտոնյայի վերաբերյալ: Մասնավորապես, ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց` հայտնելով, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաեւ վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործողֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաեւ մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը: Խոսքը Արայիկ Հարությունյանի տեղակալ Գեւորգ Լոռեցյանի մասին է, ով հեղափոխությունից հետո էր պաշտոն ստացել: Իսկ ֆուտբոլային ակումբի ղեկավարն էլ «Լոկոմոտիվ» ակումբի սեփականատերն է:
«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ այդ տնտեսվարողի կողմից նախարարի տեղակալին գումարը պետք է փոխանցվեր վարորդի միջոցով` 1 մլն դրամ, սակայն այդ պահին փոխանցվել է միայն 300 հազարը, որից հետո էլ նրանք բերման են ենթարկվել:
Երեկ լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը դժվարացավ մանրամասներ հայտնել գործից` ասելով, թե պետք է սպասել իրավապահ մարմինների արձագանքին, եւ հրաժարվեց նաեւ գնահատել բերման ենթարկված փոխնախարարի աշխատանքը:
Նաիրա Հովհաննիսյան