ՀԱՐՑ. Մայրս ունի առողջական խնդիրներ ու շտապ վիրահատվելու անհրաժեշտություն: Նա ունի 3-րդ կարգի հաշմանդամություն, սակայն վիրահատությունը պետպատվերի շրջանակներում կատարելու համար տեղեկացրել են, որ ահրաժեշտ է ունենալ 2-րդ կարգի հաշմանդամություն: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի հնարավորինս զեղչվի հիվանդի վիրահատության գումարը:
Վարդանյան Օլյա (ք. Վանաձոր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Վարդանյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք ընդգրկված են Հայաստանի Հանրապետության կառավարության 04.03.04 թվականի «Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ բժշկական օգնության եւ սպասարկման մասին» թիվ 318-Ն որոշման հավելվածի 1-ով հաստատված` բնակչության սոցիալապես անապահով ու առանձին խմբերի ցանկում եւ կարող են օգտվել անվճար ու արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններից:
Այդ նպակատով անհրաժեշտ է դիմել առաջնային բժշկական սպասարկում իրականացնող կազմակերպություն (պոլիկլինիկա), որն անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում կտրամադրի ուղեգիր` պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու համար:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈւՐԴ». Տեղեկացնենք, որ 2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ընդհանուր հիվանդություններ ունեցող հաշմանդամների թիվը կազմել է 5.798, որոնցից 2683-ը կանայք են, ընդհանուր հիվանդություններ ունեցող 2-րդ խմբի հաշմանդամների թիվը կազմել է 54.066, որոնցից 27.803-ը կանայք են, իսկ ընդհանուր հիվանդություններ ունեցող 3-րդ խմբի հաշմանդամների թիվը կազմել է 84.421, որոնցից 47.721-ը եղել են կանայք:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: