ՃՇՏԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼ, ՍԽԱԼԻՆ ՊԱՏԺԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը եւս համաձայնել է մասնակցել ԱԺ-ում ստեղծված, 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստերին: «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է Վաղարշակ Հարությունյանի հետ:

-Պարո՛ն Հարությունյան, Դուք համաձայնե՞լ եք մասնակցել 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստերին, արդյոք հանձնաժողովին կհաջողվի՞ բացահայտել այն հանգամանքները, որոնք կապված են պատերազմի հետ:
-Ինձ առաջարկել են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, ես էլ համաձայնել եմ: Երբ որ կսկսվի հանձնաժողովի աշխատանքները, մենք այդ ժամանակ էլ Ձեր հարցերին կպատասխանենք, կհասկանանք, թե այն ինչ խնդիր է լուծելու: Ես կարծում եմ, որ հարցերի պատասխանները կերեւա ընթացքում:
-Բայց տեսակետ կա, որ պետք չէ հանձնաժողովի ուսումնասիրություններից հետո ինչ-որ մարդկանց պատժել, քանի որ պատերազմի բովով անցած զինվորականներին պատժելը ճիշտ չէ: Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը:
-Ես կարծում եմ, որ այդ հանձնաժողովը չի ստեղծվել պատժելու համար, ես այդպես եմ կարծում, այդ հանձնաժողովի նպատակը բացահայտել այն բացթողումները, որոնք եղել են պատերազմի ժամանակ: Ես կարծում եմ, որ այդ ամենը կերեւա հանձնաժողովի ուսումնասիրություններից հետո:
-ՀՀ ՊՆ նախկին նախարար Նորատ Տեր-Գրիգորյանցը մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ եթե հանձնաժողովի աշխատանքներից հետո մարդիկ են պատժվելու, կալանավորվելու, ապա ինքը կհրաժարվի մասնակցել հանձնաժողովի նիստերին: Ըստ Գրիգորյանցի` եթե զինվորականին պատժեն, հաջորդ անգամ ինքը չի ցանկանա պատերազմի մասնակցել. Դուք այդ տեսակետին չե՞ք:
-Հանձնաժողովները ստեղծվում են բացահայտել, թե իրողություններն ինչպես է եղել` ե՛ւ դրականը, ե՛ւ բացասականը: Այդ հանձնաժողովի աշխատանքների արդյունքներում համապատասխան մարմինները որոշումներ են կայացնում` ում խրախուսել եւ ում պատժել, թե ուղղակի ստեղծում են զրուցել ու ավարտել դրանով աշխատանքները: Ես այդ կարծիքին չեմ, ես կարծում եմ, որ հանձնաժողովի նպատակն է բացահայտել այն, ինչ եղել է: Վերջնակետն այն է, որ պետք է բացահայտեն այն, ինչ եղել է, ու ամեն ինչ անել, որ այդ բացթողումները ուղղեն, որպեսզի բանակը պատրաստ լինի հակառակորդի հարձակումներին: Սա է նպատակը, ու այլ, ուրիշ նպատակ չի կարող լինել:
-Նախորդ իշխանության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ ներկայիս իշխանությունները ցանկանում են այդկերպ վրեժխնդիր լինել իրենց իշխանություններից…
-Բայց ինչո՞ւ, նախորդ իշխանությունների ժամանակ էլ հանձնաժողով է ձեւավորել, որը ուսումնասիրել է պատերազմի հանգամանքները, ու այդ ժամանակ էլ այդ ուսումնասիրությունների արդյունքում մարդկանց պաշտոններից հանել են: Իսկ ինչո՞ւ են հանել. իհարկե գործած թերությունների ու սխալների համար: Իսկ դա, ես կարծում եմ, բնական երեւույթ է. եթե դու չես բացահայտում, թե այդ օրերին ինչ է տեղի ունեցել, ինչ բացթողումներ է տեղի ունեցել, ոնց դա պետք է ուղղել, ունենալ սխալների հստակ ձեւ, ապա այդ ամենը անիմաստ է: Ու, ընդհանրապես, ղեկավարման համակարգի նպատակը դա է: Ես կարծում եմ, որ այստեղ այլ նպատակ չի կարող լինել: Սա նո՞ր երեւույթ է ինչ է, սա բնական գործընթաց է: Ես կարծում եմ` որեւէ խնդիր չկա, ինչ-որ մեկին նստացնելու: Եղել է մարտի 1-ի հետ կապված հանձնաժողով, որը բացահայտել է բացթողումները, ու դա արել են նախորդ իշխանությունները, որոնք այդ ժամանակ մարդկանց են պատժել: Իսկ պատերազմը շատ բարդ երեւույթ է, անկախ ամեն ինչից` միշտ էլ բացթողումներ լինում են: Ես ասում եմ` ղեկավարման համակարգի անբաժանելի մասն է դա` բացահայտել` ով ճիշտ է գործել, խրախուսել, ով սխալ է գործել, պատժել, բայց դա հանձնաժողովի խնդիրը չի:
-Նորատ Տեր-Գրիգորյանցի կարծիքով` պետք չէ զինվորականին բանտերում նստեցնել:
-Հանձնաժողովն այդպիսի լիազորություն չունի. եթե կան հիմքեր, ապա պետք է այդ ամենը ներկայացվի համապատասխան մարմիններին, իսկ եթե դա կարվի անհիմն ձեւով, ապա ես հասկանում եմ, որ չպետք է նման բան արվի: Բայց, օրինակ, եթե բացահայտվել է, որ այնտեղ դավաճանություն է եղել, ինչպե՞ս պետք է վարվել: Դա կլինի այսպես, որ ասենք եկեք բացահայտենք, որ ինչ-որ մեկը հանցագործ է եղել, բայց իրեն բանտ չնստեցնենք, կամ իմանանք` մարդ է սպանել, ու իրեն չնստացնենք. սա անհասկանալի է: Եթե խնդիրը անմեղ մարդկանց մեղադրել է, կեղծել է, ապա ես երբեք նման բաների չեմ գնա, ես համաձայնել եմ, որովհետեւ ես առաջին օրվանից բանակում եմ, ու ինձ համար պատվի հարց է, որպեսզի բացահայտվի իրականությունը: Ոչ թե որեւէ մեկի վրա սարքել, պետք է բացահայտել իրականությունը, իսկ հանձնաժողովը նման նստեցնելու լիազորություն չունի. դա պետք է անի արդեն համապատասխան մարմինը:

 

 

 

ՆԱԽԱՐԱՐԻ ԲԱՐԵԿԱՄԸ` «ՅՈՒՂՈՏ» ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշանակման օրվանից «լծվել» է նախարարությունում կադրային փոփոխություններին: Ըստ մեր տեղեկությունների` վերջերս նախարարը աշխատանքից ազատել է նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանին ու այդ պարտականություններն այժմ իր աշխատանքին զուգահեռ կատարում է նախարարության ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Ստեփան Մաչյանը: Ինչո՞ւ նա. ըստ մեր տեղեկությունների` Ս. Մաչյանը Բաթոյանի քրոջ ամուսնու եղբայրն է` տագրը:

Մեր տեղեկությունների համաձայն` նախարարը իր ղեկավարած գերատեսչությունում կադրերին փոխարինում է «Հույսի կամուրջ» ՀԿ-ի ներկայացուցիչներով, որը ստեղծել ու ղեկավարել է Բաթոյանը նախկինում: Ըստ նախարարությունում շրջանառվող տեղեկությունների` գրեթե անհնար է Բաթոյանի հետ որեւէ հարց քննարկել, խոսել կամ հանդիպել, քանի որ նախարարը շփվում է բացառապես նախարարության մի քանի պաշտոնյաների հետ, մնացածները մերժված են:
Արդեն մի քանի օր է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթը փորձում է զրուցել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ, սակայն վերջինս հեռախոսազանգերին չի պատասխանում: Նրա մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը խնդրեց հարցերն ուղղել գրավոր: Այդպես էլ վարվեցինք:
Մեր հարցին, թե նախարարն ինչու է իր բարեկամին երկու պաշտոնի նշանակել, մեզ պատասխանել են. «2019 թվականի հունիսի 5-ին Ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնում նախարարի հրամանով նշանակվել է Ստեփան Մաչյանը: 2019 թվականի հունիսի 6-ին, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի, 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ՀՀ վարչապետի համաձայնեցմանն է ներկայացվել առաջարկություն` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնակատար Ստեփան Մաչյանին վերապահել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները: 2019 թվականի հունիսի 7-ի պատասխան գրությամբ ստացվել է համաձայնություն: Հայտնում եմ, որ Ստեփան Մաչյանի հետ ունենք խնամիական հարաբերություններ: Պարոն Մաչյանը, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն, չի կարող դիտարկվել որպես փոխկապակցված անձ»:
Իսկ մեր հարցմանը, թե նախարարը աշխատակիցների հետ չի շփվում եւ գրեթե բոլոր պաշտոններում նշանակել է իր մտերիմներին, ովքեր նախկինում աշխատել են իր ղեկավարած ՀԿ-ում, մամլո խոսնակը պատասխանել է մեկ բառով` «Ոչ»:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

ՆՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արսեն Այվազյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ 2018-ի օգոստոսի 20-ից ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով` Այվազյանը զբաղեցնում էր Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի պաշտոնը: Իսկո՞վ է փոխարինելու Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետին։ Ըստ ոստիկանության համակարգում տարածված լուրերի` այս պահին շրջանառվում են երկու անուններ: Մասնավորապես, վերոնշյալ պաշտոնում կնշանակվի ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Դավիթ Սարգսյանը: Հավանական թեկնածուների շարքում է նաեւ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալը: Տեղեկությունը պարզելու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն, որտեղից ի պատասխան` հատնեցին, որ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա. Մարտիրոսյանը: Չի բացառվում, որ Մարտիրոսյանն էլ մնա այս պաշտոնին, կամ որոշում կայացնեն, որ Կոտայքի ոստիկանապետը պետք է զբաղեցնի ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի պաշտոնը:

 

 

ՆՈՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ` ԱԱԾ-ԻՆ
ՀՀ պետական պահպանության ծառայության կարիքների համար Ազգային անվտանգության ծառայությանը այս տարվա ինն ամսում կառավարությունը կհատկացնի 552 մլն դրամ: Այս մասին որոշման նախագիծն այսօր կներկայացվի կառավարությանը: Բացի այս, մեկ այլ որոշման նախագծով նույն Ազգային անվտանգության ծառայությանը կհատկացվի եւս 250 մլն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նշված գումարով ԱԱԾ-ն ձեռք կբերի հատուկ նշանակության սարքավորումներ:

 

 

ԿՊԱՏԺՎԵՆ
Քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունն ու այն իրականացնելու միջոցառումների ծրագրի նախագծի հանրային քննարկման փուլն արդեն ավարտվել է: Նախատեսվում է քրեակատարողական հիմնարկների օպտիմալացում եւ նորերի կառուցում: Այս ոլորտում նախատեսվում է օրենսդրական դաշտի կատարելագործում: Օրինակ, ՔԿՀ-ներում քրեական ենթամշակույթի խմբավորումներ ստեղծելն ու դրան մասնակից լինելը քրեորեն պատժելի կդառնա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ծրագրի հանրային քննարկման փուլն ավարտվել է, այս պահին լրամշակման փուլում է: Նաեւ տեղեկացանք, որ ծրագրով նախատեսված օրենսդրական փոփոխություններից որոշները սեպտեմբերին կներկայացվեն կառավարություն:




Լրահոս