Ղեկավարությունը ջանք չի խնայում իրականությունը պարզելու համար. Ալբերտ Աճեմյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կայացավ ՀՖՖ արտահերթ ժողովի նիստը, որի արդյուքներով ՀՖՖ նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:

Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Տորպեդո Երեւան» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ եւ տեղեկացրել, որ իրենց թիմի անունից հանդես եկած պատվիրակը ամենեւին էլ կապ չունի «Տորպեդոյի» հետ.

«Հարգարժան ֆուտբոլային հանրություն, այսօր կայացան ՀՖՖ նախագահի և գործկոմի ընտրությունները: Ավելի վաղ մեր ակումբը հայտնել էր իր դիրքորոշումը, սակայն մեր ակումբի որոշ ներկայացուցիչներ այլ գործելաոճ ընտրեցին:

Ակումբի տնօրեն Հարություն Արմենակյանը, սեփական շահերից ելնելով, «Տորպեդո» ֆուտբոլային ակումբի անունից ՀՖՖ արտահերթ ժողովին գործուղել էր Նորայր Ավագյան անուն-ազգանունով մարդու (լուսանկարի վրա), որը երբևէ չի աշխատել մեր ակումբում և ակումբի հետ ոչ մի առնչություն չունի:

Վերոնշյալ բոլոր գործողությունները կատարվել են ակումբի ղեկավարության մեջքի ետևում` ընտրությունների ընթացքի վրա ազդելու նպատակով: Վերոնշյալ անձնավորության գործողությունները նախապես պլանավորված էին հետաքրքրված անձանց կողմից: Սա պարզապես խարդախություն է, որին տրվել է «Տորպեդոյի» տնօրենը` օգտվելով կասկածելի իրավաբանի խորհրդատվությունից և ստորագրելով անհրաժեշտ փաստաթղթեր:

«Տորպեդո» ֆուտբոլային ակումբն այն կարծիքին է, որ Հարություն Արմենակյանին խաբել են և շատ շուտով կհայտնի իր դիրքորոշումն այս հարցով: Միևնույն ժամանակ, կոչ ենք անում համապատասխան մարմիններին ի գիտություն ընդունել այս հայտարարությունը` մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով:

«Տորպեդո» ֆուտբոլային ակումբը շնորհավորում է Արմեն Մելիքբեկյանին` ՀՖՖ նախագահ ընտրվելու կապակցությամբ և մաղթում է ծրագրերի իրականացում նոր պաշտոնում »,- գրված է հայտարարության մեջ:

Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Տորպեդո» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ալբերտ Աճեմյանի հետ, ով մանրամասնել է կատարվածը. «Մեր թիմի կողմից ՀՖՖ Արտահերթ ժողովի նիստին պետք է ներկայանար թիմի տնօրենը` Հարություն Արմենակյանը, սակայն նա այդ լիազորությունները տվել էր մեկ այլ մարդու: Ժողովի մեկնարկից հետո միայն տեսանք, որ այլ մարդ է ներկայացնում մեր ակումբը:

Ես գնացի ֆեդերացիա, որ վերացնեմ այդ թյուրիմացությունը, սակայն ինձ ֆեդերացիայում տեղեկացրին, որ ամեն ինչ օրեքին համապատասխան է եւ չկա ոչ մի իրավախախտում: Մեր ակումբը հանդես էր եկել պաշտոնական հայտարարությամբ եւ նշել, որ ՀՖՖ նախագահի ընտրություններում սատարելու ենք Արմեն Մելիքբեկյանին, բայց եղավ այս ամենը:

Ակումբի ղեկավարությունը չի հասկանում ` ինչ է կատարվում: Հնարավոր է, որ ակումբի տնօրենը նույնպես խաբվել է եւ այս ամենը իրո թյուրիմացություն է: Ղեկավարությունը ամեն ինչ անում է կատարվածը պարզելու համար եւ շատ հնարավոր է, որ ակումբի տնօրենը հեռացվի իր զբաղեցրած պաշտոնից»,- մեզ հետ զրույցում ասել է «Տորպեդո» ՖԱ-ի գլխավոր մարզիչ Ալբերտ Աճեմյանը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս