Հունվարի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին «Արտաշատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի վերին երրորդի դրսային շրջանի հրազենային վերք, կոտորակային» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Վերին Արտաշատ գյուղի բնակիչ՝ 35-ամյա Գրիգոր Հակոբյանն է։ Մինչ բժիշկները վիրավորին բուժօգնություն էին ցուցաբերում, Արարատի մարզի ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 15։20-ի սահմաններում Նորաշեն գյուղի դաշտերում Վերին Արտաշատ գյուղի բնակիչ՝ 24-ամյա Գոռ Հարությունյանը վիրավորին պատկանող «ARAL» մոդելի 12 մմ տրամաչափի որսորդական հրացանով անզգուշությամբ կրակել է և այն դիպել է Գ. Հակոբյանին: