Հունվարի 22-ի ուշ երեկոյան համացանցում տեղեկություն տարածվեց, որ Տավուշի մարզի գյուղերից մեկում պայթուն է որոտացել: Արդեն մի քանի օր է՝ տեղեկություններ կան, որ Ենոքավան գյուղում ինքնաթիռ է վայր ընկել, քանի որ այնտեղ ռուսական օդուժը զորավարժություններ է իրականացրել:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն էլ հայտարարել էր, թե այդ տեղեկատվությունը իրական չէ: Պաշտպանության նախարարությունն էլ իր հերթին հայտարարեց, թե դրանք իրական լուրեր չեն: Սակայն մինչեւ այսօր այդպես էլ անհայտ է մնում, թե ինչ պայթյուն է որոտացել, որից ահաբեկվել են մարզի բնակիչները, եւ ամենագլխավոր հարցը՝ եթե Տավուշի մարզում ռուսական ռազմաբազա չկա, ապա որտեղի՞ց են Տավուշի մարզում հայտնվել այդ ինքնաթիռները:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Տավուշի մարզից ընտրված իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք պատգամավորը պարզել է, թե իր մարզում ինչ է տեղի ունեցել, ու ինչ խուճապային իրավիճակ է ստեղծվել մարզում այդ պայթյունի հետեւանքով:
«Տեսեք, նախ եւ առաջ ես նշել էի, որ տարածվում է տեղեկատվություն, թե Ենոքավան գյուղում կործանվել է 300 հոգանոց ինքնաթիռ, մի հատվածն էլ նշում էր, թե գյուղերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ես հայտարարում եմ, որ նման բան չի եղել, դա ապատեղեկատվություն է: Ես վստահեցնում եմ, որ նման բան չի եղել, Տավուշի մարզի տարածքում որեւիցե նման բան տեղի չի ունեցել»,- հայտարարեց պատգամավորը:
Մեր ճշտող հարցին, թե արդյոք ինքը կապ հաստատել է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ՝ պարզելու համար, թե, ի վերջո, ինչ ձայներ են լսվել մարզում, մեր զրուցակիցը հայտարարեց. «Ես ՊՆ-ի հետ որեւիցե բան չեմ խոսել, մարզում լսվել է պայթյունի ձայն, բարձր ձայն, դա եղել են օդային զորավարժություններ, ես մանրամասն հիմա Ձեզ չեմ կարող ասել, բայց մոտավորապես այսպիսին է՝ կործանիչներն ունեն գերձայնային արագություն հավաքելու ֆունկցիա, ու այդ ժամանակ մեծ պայթյունի ձայն է լսվում, որից հետո հավաքում է արագություն. դա եղել է դրա հետեւանքը»:
Պատգամավորը վստահեցրեց, որ մարզում խուճապային վիճակ չկա, ուղղակի մարդիկ փորձել են հասկանալ, թե ինչ ձայներ են լսվել, դրանք պայթյուններ են, թե ոչ: Բայց մի պարզ հարց, թե ռուսական ռազմաբազայի ինքնաթիռն ինչու է հասել Տավուշի մարզ, մնում է անպատասխան:
Այս տեղեկություններին անդրադարձել էր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը` նշելով. «Ռուսաստանի ՊՆ-ից պաշտոնական տեղեկատվություն ենք ստացել, որ օրվա ընթացքում տեղի են ունեցել օդային զորավարժություններ, երեսունից ավելի օդային տեխնիկա է մասնակցել` 100 զինվորների մասնակցությամբ: Թռիչքները եղել են ոչ միայն Տավուշում, այլեւ Լոռիում: Հավանաբար թռիքչների աղմուկն է եղել»:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ