Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայողի գործով ձերբակալվածներից է նաև նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Առաքել Մովսիսյանի որդուց բացի այս գործով այլ ձերբակալվածներ էլ կան
Ըստ ArmLur.am-ին հասած լուրերի Առաքել Մովսիսյանը փաստաբանի հետ արդեն գնացել է Արցախ:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այս գործով մանրամասներ էր հայտնել, որ Վ. Ավագյանը հայհոյանքներ տալով, զորամասի զինվորներից մեկին է փնտրել, որից հետո էլ զինվորների առաջ կանգնելով՝ իրեն սրտից կրակել է:
Տեղեկացանք, որ Վ. Ավագյանն ապրում էր Էջմիածին քաղաքում, եւ նրա հետ զորամասի մի խումբ տղաներ Էջմիածնի մասին «տղայական» խոսակցություններ են ունեցել:
Հավելենք նաև, որ իրավապահները կմիջնորդեն դատարան Առաքել Մովսիսյանի որդու նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը։
Քննչական կոմիտեն այս գործով նույպես պաշտոնական տեղեկատվություն է տարածել; Այն ներկայացնում ենք ստորև․
«2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել են Ավագյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:
Վերջիններս ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, այն է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում:(Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով):Նախաքննությունը շարունակվում է»։
Հ․ Գ․ Մահացած զինվորի հարազատներն այսօր զինվորի դին երթով ցանկանում են բերել Պաշտպանության նախարարություն։
Ոստիկանության մեծաքանակ ուժեր այս պահին փակել են Արգավանդի խաչմերուկը: Նրանք չեն թույլատրում հունվարի 30-ին մահացած զինծառայողի դագաղը Երեւան տեղափոխող հարազատների տեղաշարժը:
Այս պահին հարազատների հետ բանակցում են ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը