Ընդդիմադիր պատգամավորները՝ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրության հարցով քննարկումներ սկսելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի բացառում իր կողմից Սահմանադրական դատարանի հարցով հետագա քննարկումների անցկացումը: Այս մասին, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնել են հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Բանն այն է, որ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն էր տարածել եւ հայտնել. «Հանրաքվեի օր նշանակելով՝ Հանրապետության նախագահը չի արտահայտում իր վերաբերմունքն ու դիրքորոշումը Ազգային ժողովի կողմից ընդունված եւ հանրաքվեի դրվելիք Սահմանադրության փոփոխությունների բովանդակության, ինչպես նաեւ այդ որոշման կայացման ընթացակարգերի վերաբերյալ»: Այլ կերպ ասած, ստացվում է՝ Արմեն Սարգսյանը պարզապես հանրաքվեի օր է նշանակել՝ ելնելով Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններից, սակայն դա չի նշանակում, թե ինքը կողմ է այդ ընթացակարգին:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատագամավոր Արման Աբովյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ:

«Թույլ տվեք չմեկնաբանել նախագահի ցանկությունները: Նա Հանրապետության նախագահն է, դա իր դիրքորոշումն է: Գնահատական տալ չտալու խնդիր չկա»,-նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատագամավորը:

Իսկ ահա մեզ հետ զրույցում ԼՀԿ-ական պատգամավոր Տարոն Սիմոնյանը հայտարարեց, որ երբ նախագահ Արմեն Սարգսյանը կսկսի քննարկումների մեկնարկը, այդ ժամանակ էլ իրենց դիրքորոշումները կհայտնեն:

Լիդա Եղիազարյան




Լրահոս