Փետրվարի 17-ից մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը, սակայն մինչև այսօր քարզչության կողմերից ոչ ոք որևէ գործողություն չի իրականացրել:
ArmLur.am-ն այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ«Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանի հետ:
-Պարո՛ն Մեխակյան, ինչպե՞ս և որտեղի՞ց եք սկսելու քարոզարշավը:
-Այս պահին գտնվում ենք շտաբի ձևավորման փուլում, որտեղից էլ պետք է սկսենք արդեն համակարգված աշխատել: Ես կոնկրետ քարոզչություն անելու եմ իմ մարզում՝ Արմավիրում. որոշակի համայնքների պատասխանատուն ես եմ լինելու:
-Ի՞նչ եք քարոզելու արմավիրցիներին:
-Ուղղակի հանդիպումներ ենք ունենալու քաղաքացիների հետ, զրուցելու ենք՝ փորձելով հնարավորինս մատչելի ներկայացնել Սահմանադրական փոփոխությունների բնույթը:
-Ի՞նչ լոզունգով եք ներկայանալու:
-Ճիշտն ասած, չենք խոսել, թե ինչպես ենք հանդես գալու:
-Ի՞նչ թիմով եք հանդես գալու:
-Մեր մարզի ռեյտինգային պատգամավորներով ենք լինելու և մեր մարզում իրականացնելու ենք քարոզչություն:
-Երեկվա փակ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ հրահանգներ է տվել:
-Ես հանդիպումից շուտ եմ դուրս եկել, բայց խոսել են հանրաքվեից. վարչապետի կողմից հարահանգներ չեն եղել:
-Ի՞նչ սկզբունքով եք ընտրել քարոզիչներին:
-Բոլոր պատգամավորներն էլ ընդգրկված են, դա թողնված է պատգամավորների հայեցողությանը, կարող են մի օր Երևանում լինել, մի օր՝ մարզերում, բոլորն էլ ակտիվ ներգրավված են լինելու:
– Փաստորեն ո՛չ դաշնակից ունեք դաշտում, ո՛չ հակառակորդ: Մի երկու փոքր ոչ ազդեցիկ կուսակցություններ են միացել, իսկ «ՈՉ»-ի կողմն էլ իրավաբաններ ու իրավապաշտպաններ են:
-Պետք է ակտիվ ժողովրդի հետ աշխատենք, իրազեկենք և խրախուսենք, որպեսզի նրանք ակտիվ մասնակցություն ունենան հանրաքվեին և տեր կանգնեն իրենց քվեներին, քանի որ վերջին խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում կարող են լինել արդար ընտրություններ, և ՀՀ քաղաքացին պետք է հաստատի իր ինքիշխանությունը և, ըստ երևույթին, «ՈՉ»-ի քարոզիչներ էլ այդպիսին չկան, որ գնահատական տամ: