ԱԺ քննարկմանը կներկայացվի Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման նախագիծը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մեկ ամսից Ազգային ժողովի քննարկմանը կներկայացվի Արդարադատության նախարարության մշակած նախագիծը, որով նոր կառույց է ստեղծվելու՝ Հակակոռուպցիոն կոմիտեն: Վերջինս ստեղծվելուց հետո քննելու է միայն նոր քրեական գործեր, իսկ այժմ ընթանում են նախագծի շտկման վերջին աշխատանքները: Ինչպես հայտնի է, նախագծով Քննչական կոմիտեի, Ոստիկանության, Պետական եկամուտների կոմիտեի, Հատուկ քննչական ծառայության որոշ գործառույթներ կտրվեն ձեւավորվելիք Հակակոռուպցիոն կոմիտեին։

Նշենք, որ օրենքի նախագծի հանրային քննարկման ժամանակ առաջարկություններ են ներկայացրել մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնց թվում է խորհրդարանական վերահսկողության ավելացումը: Իսկ, ահա, ձեւավորվելիք կոմիտեի նախագահին ընտրելու են կառավարության, Ազգային ժողովի, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Նախատեսվում է, որ կոմիտեի ստեղծումից հետո կձեւավորվի նաեւ հակակոռուպցոն դատարան։ Հավելենք, որ այս կառույցի ստեղծման շուրջ այնքան էլ միանշանակ տեսակետ չկա հենց իրավապահ մարմինների ներսում. Ի վերջո, հայտնի չէ, թե ինչ է լինելու մյուս գերատեսչությունների աշխատակիցների ճակատագիրը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս