ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են վնասազերծում հետախուզման մեջ գտնվողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 28-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ նշանակայինները Դավիթաշենի 4-րդ թաղամասի հյուրանոցային համալիրներից մեկից գլծավոր վարչություն բերման ենթարկեցին Նարեկ Պ․-ին։

Երևանի բնակիչ, 27-ամյա երիտասարդը նախորդ տարվա հոկտեմբերի 10-ից հետախուզվում էր սպանության փորձի և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելը կամ կրելու մեղադրանքով։

Քննությանը հայտնի տվյալներով՝ բերման ենթարկվածը 2019 թվականի փետրվարի լույս 2-ի գիշերը Երանի Մալաթիա փողոցում գտնվող տներից մեկի բակում ապօրինի ինքնաձիգով կրակահերթ էր արձակել հորեղբոր ուղղությամբ։ Կրակոցներ արձակելուց մի քանի ժամ անց, տեղեկանալով, որ հորեղբայրը ողջ է, վերադարձել է ու կրակահերթեր արձակել հորեղբոր տան ուղղությամբ։

27-ամյա երիտասարդին հայտնաբերելու նպատակով ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ։

Փետրվարի 28։ Դավիթաշեն 4-րդ թաղամաս։

Ոստիկանների տեղեկություններով՝ հետախուզվողը թաքնվում է հյուրանոցային համալիրում։ Տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբերը տեղում են։ Բերման ենթարկելու գործողության ընթացքում հետախուզվողը կրակոցներ արձակեց։

Կրակոցներից րոպեներ անց ոստիկանների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հետախուզվողը վնասազերծվեց ու բերման ենթարկվեց Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին փամփուշտներ, թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված և սպիտակ մետաղից պատրաստված սարք՝ բյուրեղանման զանգվածը օգտագործելու համար:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին առանց գործարանային համարի «Կալաշնիկով» ինքնաձիգ, ինքնաշեն ատրճանակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ ու պարկուճներ, կռփազենք, դանակ և այլն։ Դրանք փաթեթավորվել և ուղարկվել են փորձաքննության։

Ի դեպ, փետրվարի 26-ի գիշերը Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ հետախուզվող Նարեկ Պ․-ն «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայով գտնվում է Աջափնյակ վարչական շրջանում։ Ոստիկանության ծառայողները Շինարարների փողոցում հետապնդել են նրան, հետախուզվողը, կոպիտ կերպով խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը, դիտավորյալ վնասելով և՛ ոստիկանության ծառայողների, և՛ այլ անձանց մեքենաները, դիմել է փախուստի։ Ոստիկաանները դադարեցրել են հետապնդումը․ հետապնդման պարագայում իրական վտանգ կար, որ հետախուզվողի գործողություններից կտուժեին փողոցում գտնվող մարդիկ և հետևանքներն անդառնալի կլինեին։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։




Լրահոս