ԳՈՒՇԱԿԻ ԴԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կապանում վարորդները, բացի մեքենա վարելուց, ստիպված են լինում գուշակությամբ էլ զբաղվել եւ կռահել, թե ճանապարհի տվյալ հատվածում  երթեւեկության որ նշանն է դրված: Մարզկենտրոնում մատների վրա կարելի է հաշվել այնպիսի երթեւեկության նշաններ, որոնք հստակ ուղղորդում են թե՛ վարորդներին, թե՛ հետիոտներին:Երթեւեկության նշանները կա՛մ ծառերի ճյուղերի արանքում են թաքնվել, կա՛մ էլ ջարդվել են: Լավագույն դեպքում դրանք ջնջված են: Դա էլ հաճախակի խախտումների պատճառ է դառնում, հատկապես խաչմերուկներում: Ճիշտ է, վարորդների ուշքը չի գնում  ճանապարհատրանսպորտային կանոններով ու նշաններով առաջնորդվելու համար, սակայն այս դեպքում հաճախ դրանց ոչ լիարժեքությունը իրենց օգտին չի գործում: Ճանապարհային ոստիկանների աշխատանքը եւս դժվարանում է. «Երբ չկա համապատասխան նշան, ինչպե՞ս տուգանես այն խախտելու համար»,-ասում  են ոստիկանները: Դեռ անցած տարվանից Կապանի քաղաքապետարանը սկսել էր այս խնդրով զբաղվել։ Ուսումնական հաստատությունների տարածքներն ու բանուկ փողոցները նշագծվեցին, սակայն ֆինանսական միջոցների սղության պատճառով աշխատանքները կիսատ մնացին։ Միայն նշանները ձեռք բերելու համար մոտ 3 մլն դրամ է անհրաժեշտ: Քաղաքապետարանի տրանսպորտի բաժինը հաշվառել է նվազագույնը 144 երթեւեկության նշաններ, որոնք պետք է տեղադրվեն քաղաքի կենտրոնական մասում: «Նախագիծը պատրաստ է, համապատասխան լիցենզավորված կազմակերպության հետ կնքել ենք պայմանագիրը, մնում է ապահովենք ֆինանսական կողմը: Լավ կլիներ նաեւ դոնոր ընկերություններ էլ ներգրավվեն գործում»,-նշում է Կապանի քաղաքապետարանի  տրանսպորտի բաժնի առաջատար մասնագետ Աշոտ Ոսկանյանը: Չլուծված է մնում նաեւ լուսակիրների հարցը։ Որոշ խաչմերուկներում դրանք ընդհանրապես չեն աշխատում: Աշոտ Ոսկանյանի հավաստմամբ` այս խնդրով, սակայն, պետք է զբաղվի տրանսպորտի նախարարությունը։  Մյուս կողմից էլ Կապանում մեծ թիվ են կազմում ճանապարհների արհեստական անհարթությունները` «պառկած ոստիկանները»: Դրանք կառուցվել են ինքնակամ, առանց որոշումների, ինչի համար ոչ ոք չի տուգանվել:ՄԵԼԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Կապան




Լրահոս