«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունում ՀՀ հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են մի շարք անհամապատասխանություններ: Խոսքը վերաբերում է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեությանը՝ 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2018-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Ըստ Հաշվեքննիչ պալատի՝ հիմնադրամի կողմից շահագործվել են թվով 2 Toyota Prado եւ Nissan Altima մակնիշի ավտոմեքենաներ, որոնց շահագործման նպատակով 2017-ին ծախսվել է 5182, իսկ 2018-ին՝ 4275 լիտր վառելիք: Բայց, արի ու տես, ծառայողական ավտոմեքենաները, առանց համապատասխան հրամանների եւ ձեւակերպման, շահագործվել են նաեւ ոչ աշխատանքային եւ տոն օրերին, իսկ այդ օրերին վառելիքի ծախսը ներառվել է աշխատանքային շաբաթվա ընթացքում կատարված ծախսի մեջ: Ի դեպ, 2018 թվականի օգոստոսին 30 հազար դրամի շրջանակներում ամբողջապես փոխվել են հիմնադրամի ծառայողական ավտոմեքենաներից մեկի արգելակման կոճղակները, սակայն հետո պարզվել է, որ կոճղակների փոխարինում կատարվել է նաեւ նույն տարվա հոկտեմբերին, այսինքն՝ մեկ ամիս անց: Բայց հիմնադրամը չի բացառել, որ դա կարող է կապված լինել շուկայում առկա անորակ պահեստամասերի հետ: Այլ կերպ ասած, այդպես էլ անհայտ է մնում՝ արգելակման կոճղակները վնասվել էին, թե ոչ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։