ՀԱՐՑԸ ԱՌԿԱԽՎԱԾ Է, ԱԺ-Ն ԿՈՐՈՇԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս մարտի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անգամ իր թիմակիցների համար անակնկալ հայտարարությամբ հանդես եկավ: Գորիսում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ժամանակ Փաշինյանը ասաց, որ հանրաքվեի հռչակագրի նախագիծն են պատրաստել.«Կտրվի նախնական, ընդհանուր գծերով քաղաքական գնահատական մեր վերջին 30 տարվա ընթացքում տեղի ունեցած պրոցեսներին ընդհանրական, փորձ կարվի ախտորոշել՝ ամենաբարդ եւ մեծ խնդիրը որն է եղել, որը նաեւ հիմք կդառնա մեր համազգային պայմանավորվածության, որ դա այլեւս երբեք չի կրկնվի։ Եվ ուրեմն, հիմա ես հրապարակում եմ 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի հռչակագրի նախագիծը եւ ասում եմ նաեւ, որ առաջարկներ՝ սրա հետ կապված, մինչեւ մարտի 31-ը կարող են ուղարկվել «Այո» շտաբ»:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ այս հռչակագրի վերաբերյալ շատ քիչ թվով ՔՊ-ականներ են տեղյակ եղել, ու հիմա բոլորի համար անհասկանալի է մնացել, թե ինչ ճակատագիր է սպասվում այդ հռչակագրին: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ-ում արտակարգ դրության հայտարարությունից հետո ավելի է խորացել այն անորոշությունը, որն առկա էր այս նախագծի հետ կապված:
Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀ վարչապետի հայտարարած հռչակագիրը, որը վերաբերելու է նաեւ դատական համակարգին, այդքան էլ չի անհանգստացրել դատավորներին: Մեր աղբյուրները փոխանցում են, որ այդ համակարգում ո՛չ ընթերցել են, ո՛չ էլ հետաքրքրվել են դրա ճակատագրով: Հավելենք, որ, վարչապետի ներկայացրած հռչակագրի նախագծով, պետք է արձանագրել, որ 1995 թվականից մինչեւ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը տեղի ունեցած որեւէ համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքներ չի ճանաչվում որպես ժողովրդի ազատ կամարտահայտման դրսեւորում։ 1999 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք զրոյացել են 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությամբ, արտահայտել են ժողովրդի ցանկությունը։
Ըստ նախագծի՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի կուտակած հարստության վերադարձը պետական գանձարան ՀՀ եւ նրա ժողովրդի անքակտելի իրավունքն է: Այդ գործընթացը պետք է տեղի ունենա բացառապես իրավական ճանապարհով՝ ՀՀ-ում արդյունավետ իրավապահ համակարգի, անկախ դատական համակարգի՝ ներառյալ անկախ եւ լեգիտիմ Սահմանադրական դատարանի ձեւավորմամբ:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ՝ պարզելու համար, թե իրենք արդյոք պատրաստվում են առաջարկություններ ներկայացնել՝ հռչակագրի նախագծի հետ կապված:
-Պարո՛ն Սիմոնյան, իշխանությունները հայտարարել են, որ հանրաքվեի հռչակագրի նախագիծ են պատրաստել ու սպասում են, որպեսզի քաղաքական ուժերը իրենց առաջարկները ներկայացնեն նախագծի հետ կապված: Արդյոք Ձեր խմբակցությունը պատրաստվո՞ւմ է նման առաջարկություններ ներկայացնել:
-Անկեղծ ասած, մենք խմբակցությունում թեթեւ քննարկում ունեցել ենք, բայց այդ փաստաթուղթը իրավական կարգավիճակ չունեցող փաստաթուղթ է, որովհետեւ հռչակագիրը ընդունվում է բացառապես Ազգային Ժողովի կողմից: Հիմա եթե ԱԺ-ում կա նման փաստաթուղթ, ապա մենք այդ ժամանակ կմտածենք դրա փոփոխությունների վրա աշխատելու վերաբերյալ, առաջարկություններ ներկայացնելու մասին: Բայց այս պահին դա ընդամենը հանրահավաքի ժամանակ կարդացված փաստաթուղթ է, որը որեւէ իրավական կարգավիճակ չունի:
-Բայց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կարող են առաջարկություններն ուղարկել իրենց շտաբ, իրենք այնտեղ կքննարկեն ու կլրացնեն հռչակագրի կետերը:
-Այս պահին իրավաբանական որեւէ գործընթաց չկա, պետք է այդ նախագիծն ուղարկվի խորհրդարան: Եթե կա ինչ-որ մի նախագիծ, ապա այն գալիս է ԱԺ, մենք նախագիծը քննարկում ենք, տալիս ենք կարծիք կամ առաջարկություն ենք ներկայացնում, դեռեւս նման որեւէ գործընթաց չկա: Մենք վաղուց ենք ասել, որ պետք է ապօրինի կուտակած գույքը, որոնք կուտակել են պաշտոնատար անձինք, ապա դա պետք է վերադարձնեն ժողովրդին. մենք դա առաջին օրվանից ասում ենք: Այստեղ մի խնդիր կա. մենք չենք կարող հեղափոխությունից հետո՝ ամեն տարի նման հռչակագիր ընդունենք ու անընդհատ բորբոքենք ժողովրդի կրքերը՝ անցյալին նայելու: Այսինքն՝ մեկ անգամ անենք ու վերջ: Կգա նախագիծը, կքննարկենք, կհասկանանք:
Հ.Գ. Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց իմքայլականներից պարզել՝ արդյոք այդպիսի նախագիծ կա ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, թե ոչ: Պարզվեց՝ չկա, իսկ քանի որ ՀՀ-ում մինչեւ ապրիլի 14-ը հայտարարված է արտակարգ դրություն, իսկ «Այո»-ի շտաբը այժմ չի աշխատում, այդ նախագծի ճակատագիրը եւս մնացել է օդում կախված:

 

 

ԻՐԱՎԱԲԱՆԸ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ Է «ԴԶԵԼՈՒ»

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեռեւս մարտի 5-ին որոշել էր Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ներդրումների խթանման հարցերով աշխատանքային խումբ ստեղծել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այն ղեկավարում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի խորհրդարանական աղբյուրները փոխանցում են, որ գրեթե բոլորի համար զարմանալի է եղել աշխատանքային խմբի ղեկավարի նշանակման հարցը, քանի որ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ն. Բաղդասարյանը նախկինում փաստաբանական գործունեությամբ է զբաղվել, իսկ ՀՀ-ում ներդրումների խթանման հարցը շատ լուրջ տնտեսագիտական հմտություններ է պահանջում: Ըստ մեր տեղեկությունների՝ իմքայլականները այդքան էլ իրենց շարքերում չեն ընդունում Բաղդասարյանին, քանի որ վերջինս մշտապես տարբերվող ու, իրենց իսկ խոսքերով ասած, «խառը» նախադասություններով մտքեր է արտահայտում: Ու այս կարեւոր աշխատանքային խումբը վստահելով Ն. Բաղասարյանին՝ արդեն իմքայլականների շրջանում խոսվում է այն մասին, որ այն լավ արդյուքն չի ունենալու:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ են արել մինչեւ այժմ, ու ինչ ծրագրեր ունի աշխատանքային խումբը:
-Վարչապետի առաջարկությունն է եղել, որ խորհրդարանում նման աշխատանքային խումբ ստեղծվեր: Մինչեւ այս լուրջ աշխատանքներ ենք իրականացրել ու ապագայում էլ շատ ծրագրեր ունենք՝ խոշոր ներդրումների հետ կապված: Դրա մասին առաջիկայում կներկայացնենք:
-Այսինքն՝ Դուք աշխատում եք կառավարության հետ միասի՞ն:
-Բնական է՝ օրենսդիր մարմինն աշխատում է գործադիր մարմնի հետ, այդպես է նախատեսված: Մենք ծրագիր ենք մշակում, իսկ ծրագիրը հետեւյալն է. ներկայացնելու ենք, թե մոտակա ժամանակահատվածում ինչպիսի օրենսդրական բարեփոխումներ ենք ուզում անենք մինչեւ ԱԺ ընթացակարգը, եւ ինչպես ենք տեսնում այդ ամենի մոնիթորինգի իրականացումը, ինչպես ենք տեսնում կոնկրետ ներդրումների հետ կապված աշխատանքները:
-Իսկ ինչո՞ւ է որոշվել, որ Դուք պետք է ղեկավարեք աշխատանքային խումբը, քանի որ այն տնտեսական բլոկի հետ առնչվող հարցեր են, ու կարծես թե, դա այդքան էլ լավ չի ընդունվել անգամ Ձեր խմբակցությունում:
-Ես նախկինում շահույթ հետապնդող կազմակերպության ղեկավար եմ եղել, եւ սա հենց իրավական ոլորտին է առնչվում, խնդիրները լուծելու իրավական ոլորտի հետ կապված: Որովհետեւ նախկինում այնպես են օրենքները գրել, որտեղ պետության միջամտությունը շատ մեծ դեր է խաղացել տնտեսական սուբյեկների գործունեություն իրականացնելու համար: Հիմա պետք է կատարենք այնպիսի փոփոխություններ, որպեսզի արդյունքում պետությունը քիչ միջամտի բիզնես գործունեությունում:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ ԸՆԴԴԵՄ ՃՈ-Ի
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի փեսա Սարհատ Պետրոսյանը դիմել է դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ մարտի 17-ին ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին ղեկավարը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Ճանապարհային ոստիկանության: Մեզ հայտնի դարձավ, որ Սարհատ Պետրոսյանը դատարանից պահանջում է, որպեսզի ստիպի Ճանապարհային ոստիկանությանը անվավեր ճանաչել ՃՈ 2019 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ ԱՖ 158175 որոշումը: Ենթադրվում է, որ Ճանապարհային ոստիկանությունը տուգանել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին ղեկավարին, որն էլ համաձայն չէ ՃՈ տուգանքի հետ եւ այն վիճարկում է դատարանում: Այս գործը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանին:

 

 

 

ՑԱՆԿԱՑԵԼ ԵՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ
Դատախազությունը ամեն գնով ցանկացել է կալանավորել տալ Գլխավոր դատախազության դատախազ Լեւոն Կարապետյանին, սակայն փորձերը անցել են ապարդյուն: Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ն նրան մեղադրանք էր առաջադրել կաշառք վերցնելու համար: Նա, լինելով ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական բաժնի իրավական ապահովման վարչության ավագ դատախազը, ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում 10 տարվա ազատազրկման դատապարտված Գուրգեն Գասպարյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու համար դատապարտյալի մտերիմ Կարեն Թադեւոսյանից 2019թ. հունիս ամսին պահանջել, ապա նույն ամսի 16-ին եւ 20-ին մաս-մաս ստացել է խոշոր չափերով` 620.789 ՀՀ դրամի համարժեք 1.300 ԱՄՆ դոլար կաշառք: Դատախազը այս գործի շրջանակներում կալանավորվել էր, սակայն ավելի ուշ գրավի դիմաց ազատ էր արձակվել: Սակայն այս հանգամանքը դուր չի եկել ՀՀ գլխավոր դատախազությանը եւ Գլխավոր դատախազության դատախազ Լեւոն Կարապետյանի խափանման միջոցը փոխելու եւ նրան կալանավորելու համար դատախազությունը դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարան, սակայն ՀՀ վերաքննիչ դատարանը ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Ա. Արամյանի վերաքննիչ բողոքը մերժել է, Լեւոն Կարապետյանի վերաբերյալ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2019թ. սեպտեմբերի 5-ի որոշումը թողել Է անփոփոխ: Ասել է թե՝ ՀՀ վերաքննիչ դատարանում ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Արամ Արամյանը պարտվեց, եւ վերջինիս այդպես էլ չհաջողվեց դատախազ Լեւոն Կարապետյանին կալանավորել տալ:




Լրահոս