ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Վայրենություններն իրար վրա գցելով»․ պատգամավորը սպասում է Մարությանի պատասխանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այն, ինչ այսօր կատարվում է Երեւանի քաղաքաշինության ոլորտում եւ Ձեր ղեկավարած հիմնարկի համապատասխան բաժնում, ես կանվանեմ վայրենություն (Ձեզ հոգեհարազատ բնորոշումներով) քաղաքի եւ երեւանցիների նկատմամբ»,- նախօրեին հայտարարել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ դիմելով Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին:

«Արդեն որերորդ դեպքն է, որ Դուք ստորագրում եւ տրամադրում եք քաղաքաշինական փաստաթղթեր ՀՀ օրենսդրության եւ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների խախտումներով։ Տարոն Մարգարյանի ժամանակ կռվով-դավով կասեցված շինարարության համար նորից տրամադրել էիք շինթույլտվություն Մամիկոնյանց փողոցի վրա ու նորից խախտումներով…Հենց հիմա Արաբկիր վարչական շրջանի Բարբյուսի 11 փողոցում ընթացքի մեջ են կառուցապատման աշխատանքներ (Արտակարգ դրության պատճառով ժամանակավոր դադարել է), որոնք եւս իրականացվում են ՀՀ օրենսդրության խախտումներով։ Բարբյուսի 9 շենքի բնակիչները արդեն տեւական ժամանակ պայքարում են այս շինարարության դեմ, որովհետեւ խախտումների պատճառով փակվել է բազմաբնակարան շենքի թիկունքային ճակատին հրշեջ մեքենաների մոտեցման ճանապարհը»,- հայտարարել էր Սամսոնյանը։

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շահբազյանի հետ՝ պարզելու համար, թե իր ղեկավարած կառույցը ինչ ուսումնասիրություններ է իրականացրել պատգամավորի նշած հասցեներում ու ինչ է բացահայտել:

«Անի Սամսոնյանը դիմել է մեզ, բայց քանի որ կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումներ են եղել, մենք այս պահին ուսումնասիրություն չենք կարող իրականացնել: Պետք է հասկանանք՝ ինչ է խախտվել ընդհանրապես: Այդ ամենն իրականացվում է համայնքի լիազորության սահմաններում, հաստատվում է տվյալ նախագիծը, որը անցնում է փորձաքննություն լիցենզավորման կազմակերպության կողմից, որի հիման վրա շինթույլտվություն է ներկայացվում: Հնարավոր է՝ տվյալ կազմակերպությունը նորմերի խախում է թույլ տվել, հնարավոր է, չեմ կարող այս պահին որեւէ բան ասել»,- հայտարարեց Շահբազյանը:

Մեր զրուցակիցը հայտարարեց, թե իրենք նաեւ օրենսդրական խնդիր ունեն ու որեւէ լիազորություն չունեն որոշումը կասեցնելու, ու դա պետք է վարչական ակտի միջոցով իրականացնի համայնքը, եթե իհարկե նման որոշում կայացվի: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս հարցի հետ կապված մեկնաբանություն ստանալ նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից, սակայն վերջինս որոշել է այլեւս մեր հարցերին չպատասխանել: Մարությանի խոսնակն օր օրի ավելի անկառավալեի է դառնում. վերջինս ինչ-որ հերքումների պահանջներ է մշտապես ներկայացնում ու ցանկացած նյութ Մարությանի մասին Կարապետյանը շատ ավելի ծանր է տանում, քան միգուցե իր ղեկավարը: Հուսանք՝ կարանտինում գտնվող քաղաքապետը այս հարցին լուծում կգտնի:

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Գրիգորյան




Լրահոս