ՀՀ հաշվեքննիչ պալատը հաշվեքննել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության 2018 թվականի հունվարի 1-ից թվականի հունիսի 30-ը ֆինանսատնտեսական գործունեությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ հաշվեքննիչ պալատից։
«Արձանագրվել է, որ Ծառայության դեբիտորական պարտքը 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 7,149.4 հազ. դրամ, որից 1,589.8 հազ. դրամի չորս իրավաբանական անձանց այդ դեբիտորական պարտքերը հաշվեքննության ընդգրկող ժամանակաշրջան են փոխանցվել նախորդ տարիներից և Ծառայությունը միջոցներ չի ձեռնարկել այդ պարտքերը մարելու համար:
Ծառայությունը 2017 թվականի տարեվերջին ունեցել է A4 ֆորմատի թղթի 17355 տուփ մնացորդ: Սակայն, չնայած թղթի զգալի մնացորդի առկայությանը, Ծառայությունը 2018 թվականին մատակարար կազմակերպությունից պայմանագրերով գնել է ևս 81,398.3 հազ. դրամի 53663 տուփ թուղթ: Արդյունքում 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Ծառայության պահեստում թղթի մնացորդը ավելացել ու կազմել է 28071 տուփ թուղթ, որը շուրջ երկու անգամ գերազանցում է 2019 թվականի 2-րդ կիսամյակի պահանջարկը, և այն անհրաժեշտ է հաշվի առնել թղթի հետագա գնումների պլանավորման ընթացքում: Ընդ որում, թղթի մատակարարման ուշացումների համար Ծառայությունը չի հաշվարկել և մատակարարից չի գանձել 1,117.4 հազ. դրամի ուշացման օրերի տույժ:
Ծառայությունը կազմակերպության հետ մեկ անձից գնման եղանակով կնքել է ծառայությունների մատուցման պայմանագիր, որով նախատեսվել էր 2018 թվականի մայիսի 4-ին և 5-ին կազմակերպել հյուրասիրություն և տոնական միջոցառումներ: Հաշվեքննությամբ պարզվել է, որ նախատեսված տոնական միջոցառումների և հյուրասիրության կազմակերպման գնումը պետք է իրականացվեր մրցութային եղանակով, իսկ կանխավճարը Ծառայության կողմից տրամադրվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի պահանջի խախտումով՝ առանց կանխավճարի ապահովուման: Կնքված պայմանագրի և համաձայնագրի տեխնիկական բնութագրերում բացակայում են տվյալներ ֆիլմի պատրաստման արժեքի և տևողության, բեյջերի ու պաստառների գնի և քանակի, ինչպես նաև հանդիսավոր միջոցառման կազմակերպման արժեքի վերաբերյալ, և հնարավոր չէ գնահատել գնման ծախսային արդյունավետությունը ու 12,105.9 հազ. դրամ ծախսի հիմնավորվածությունը:
2018 թվականին Ճանապարհային ոստիկանության պահանջով Ծառայությունը հարուցել է 694518 կատարողական վարույթներ՝ 6,139,447.5 հազ. դրամ բռնագանձման ենթակա գումարով: Այդ վարույթներով առ հաշվեքննության պահը բռնագանձվել է գումարի 28.9%-ը: 2019 թվականի առաջին կիսամյակում հարուցվել է 271706 կատարողական վարույթներ՝ 2,635,810.4 հազ. դրամ բռնագանձման ենթակա գումարով, բռնագանձվել է գումարի 37.3%-ը:
2018 թվականին և 2019 թվականի առաջին կիսամյակում հարուցված վարույթների շուրջ կեսը, համապատասխնաբար՝ 48.8%-ը և 53.9%-ը ավարտվել են պարտապանների գույք կամ եկամուտ չունենալու հիմքով: Այդ հիմքով ավարտված կատարողական վարույթները 2018 թվականին հարուցվել են 102219 ֆիզիկական անձանց նկատմամբ: Հաշվեքննությամբ պարզվել է, որ այդ անձանցից 114 անձանց նկատմամբ 2018 թվականի ընթացքում հարուցվել և օրենքի այդ հիմքով ավարտվել է 100-ից ավելի կատարողական վարույթներ: Փաստորեն, այդ անձինք, չունենալով գույք կամ եկամուտ, փաստացի շահագործել են ավտոմեքենա և կատարել են բազմաթիվ խախտումներ, որի համար նրանց նկատմամբ 2018 թվականին հարուցվել և ավարտվել են 158,735.8 հազ. դրամ բռնագանձման ենթակա գումարով 19275 վարույթներ:
Առանձին դեպքերում իրավաբանական անձանց պատկանող ավտոմեքենաների վրա արձանագրված բազմաթիվ խախտումների համար նշանակվել են տուգանքներ գույք կամ եկամուտ չունեցող ֆիզիկական անձանց նկատմամբ: Այսպես, 2018 թվականին և 2019 թվականի առաջին կիսամյակում տաքսի ծառայություն մատուցող կազմակերպությանը պատկանող ավտոմեքենաներով խախտումների համար 2753 վարչական ակտերով նշանակված 21,447.0 հազ. դրամի տուգանքները արձանագրվել են երեք ֆիզիկական անձի նկատմամբ, մեկ այլ կազմակերպությանը պատկանող ավտոմեքենաների 339 վարչական ակտերով 2,037.0 հազ. դրամի տուգանքները արձանագրվել են գույք կամ եկամուտ չունեցող մեկ ֆիզիկական անձի նկատմամբ:
Բացի այդ, մեկ ֆիզիկական անձի նկատմամբ հարուցված 8,739.3 հազ. դրամի 1100 կատարողական վարույթներ ավարտվել են գույք կամ եկամուտ չունենալու հիմքով այն դեպքում, երբ, ըստ Ճանապարհային ոստիկանության կողմից ներկայացված տեղեկանքների, այդ ֆիզիկական անձը ունեցել է սեփականության իրավունքով իրեն պատկանող 11 ավտոմեքենա, որոնցից ոչ մեկի վրա հարկադիր կատարողները բռնագանձում չեն տարածել:
Պարզվել է նաև, որ 2018 թվականին հարուցված և գույք կամ եկամուտ չունենալու հիմքով ավարտված 64,006.0 հազ. դրամ բռնագանձման ենթակա գումարով 7205 վարույթներով 100-ից ավելի խախտում կատարած 34 պարտապան ֆիզիկական անձինք ևս ունեցել են մեկ կամ ավելի սեփականության իրավունքով իրենց պատկանող ավտոմեքենաներ, սակայն հարկադիր կատարողները պարտապանների ավտոմեքենաների վրա բռնագանձում չեն տարածել:
2018 թվականին Պետական եկամուտների կոմիտեի պահանջով Ծառայությունը հարուցել է 72185 կատարողական վարույթներ՝ 7,849,259.5 հազ. դրամ, 2019 թվականի առաջին կիսամյակում՝ 23451 կատարողական վարույթներ՝ 9,709,452.3 հազ. դրամ բռնագանձման ենթակա գումարներով: Հարուցված վարույթներով այդ ժամանակահատվածներում բռնագանձվել է բռնագանձման ենթակա գումարի համապատասխանաբար՝ 26.9%-ը և 36.9%-ը:
Արձանագրվել է, որ 2018 թվականին և 2019 թվականի առաջին կիսամյակում ՊԵԿ պահանջով հարուցված համապատասխանաբար՝ 36,607.1 հազ. դրամի 53 կատարողական վարույթներ և 428.2 հազ. դրամի 3 կատարողական վարույթներ հարկադիր կատարողների որոշումներով ավարտվել են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 2-ին մասի՝ «Կատարողական վարույթը ավարտելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում» հիմքով: Փաստորեն, հարկադիր կատարողները ընդամենը հղում են կատարել որոշում կայացնելու իրենց վերապահված իրավասությանը, սակայն որոշումներում բացակայում է վարույթը ավարտելու հիմքը, և կայացրած այդ որոշումները հիմնավորված չեն:
Ուսումնասիրվել են ՊԵԿ պահանջով պետական բյուջեի օգտին բռնագանձման ենթակա 10,000.0 հազ. դրամը գերազանցող ավարտված կատարողական վարույթները: Արձանագրվել է, որ երեք դեպքում պարտապան հանդիսացող իրավաբանական անձինք ունեցել են գույք, սակայն հարկադիր կատարողները գույքը հայտնաբերելու ուղղությամբ կատարողական գործողությունները պատշաճ չեն կատարել, ավարտել են վարույթները և պետական բյուջե գումարներ մուտք չեն եղել:
Հաշվեքննությամբ պարզվել է, որ 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Ծառայության տարբեր բաժինների դեպոզիտային հաշիվներին առկա է չպարզված 185,516.7 հազ. դրամի մնացորդ, որի պահանջատերերը տարիներ շարունակ անհայտ են: Այդ գումարները նպատակահարմար է փոխանցել պետական բյուջե՝ հետագայում պահանջատերերի ի հայտ գալու դեպքում պահանջը պետական բյուջեի միջոցների հաշվին բավարարելու պայմանով:
Հաշվեքննությամբ պարզվել է նաև, որ Երևանի բաժնի դեպոզիտային հաշվին առկա է տարբեր պետական մարմինների պահանջով բռնագանձված 44,533.0 հազ. դրամ, որը Ծառայության կողմից ենթակա է փոխանցման պետական բյուջե»,- նշված է հաղորդագրության մեջ: