ՖՈՏՈ. Քաղաքապետարանի կայքում տվյալներ են փոխվել․ ՀՈԱԿ-ի մրցույթի հետքերով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ քաղաքապետարանում տեղի է ունեցել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթը։ Վեց թեկնածուներից մրցույթը հաղթել են երկու մասնակիցներ՝ Արա Աղայանը և Դավիթ Մելքումյանը։ Արդեն նրանցից մեկին պետք է ընտրի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ եռօրյա ժամկետում նշանակելով տնօրեն։ Տարածված տեղեկությունների համաձայն, Արա Աղայանը քաղաքապետի նախկին խորհրդական, այսօր արդեն դատավոր Կարեն Համբարձումյանի ընկերն է։

Սակայն, պարզվում է, ամեն ինչ այնքան էլ հարթ չի ընթացել, որքան կարող ենք պատկերացնել։ Նախ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զզրույցում մի քանի խնդրի մասին բարձրաձայնեց։ «Դիմումներ եղան, որ նախորդ մրցույցների մասնակիցները չեն կարողացել այս մրցույթին մասնակցել, քանի որ իրազեկման խնդիր է եղել։ Նրանք քաղաքապետարան դիմումներ են մուտք արել, բայց միևնույն է՝ մրցույթը չչեղարկվեց։ Նշեմ, որ մրցույթի համար իրենք պետք է միայն օրենքներն ուսումնասիրեին, հարցերն օրենքից էին եւ ոչ մի զարգացման ծրագիր չեն ներկայացնում։ Այսինքն՝ չենք կարող իմանալ՝ ինչպիսի մենեջեր նրանք կլինեն», – նկատեց Անի Խաչատրյանը։

Նա նաև բարձրաձայնեց մի խախտման մասին, որն արդեն վերաբերում է մրցութային հանձնաժողովին։ «Ես մեկ օր առաջ դիմել եմ հանձնաժողովի քարտուղար Վահե Խաչատրյանին, սակայն նա ասեց, թե հանձնաժողովը դեռ ձևավորված չէ, այնինչ մրցույթից 24 ժամ առաջ պետք է ձևավորված լինի։ Նա նաև չասեց ժամի մասին և այլ տվյալներ եւ ես դիմեցի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին և նոր տեղեկացա։ Ավելին, մենք ցանկանում էինք լինել հանձնաժողովի կազմում, բայց Վահե Խաչատրյանն ասաց, թե դա կարող է միայն հանձնաժողովը որոշելլ, այնինչ առավոտյան եկանք և տեսանք, որ «Իմ քայլը» խմբակցության երկու անդամ ընդգրկված է հանձնաժողովում։ Եթե երկու անդամ պետք է լիներ, կարող էր մեկը ԲՀԿ կամ մեր խմբակցությունից լիներ», – նկատեց նա։

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաև Արմեն Բեգոյանի հետ, ով աշխատանքից ազատման դիմում է ներկայացրած եղել ՀՈԱԿ-ի պաշտոնից և իր ասելով Երևանի քաղաքապետ կնոջ՝ Էվայի պնդմամբ։ «Մրցույթն անցկացվել է օրենքի բոլոր խախտումներով։ Մրցույթը հայտարարելուց օրենքի պահանջները պահպանված չէին։ Դեռ Տարածքային կառավարման նախարարի որոշումն ուժի մեջ չմտած, քաղաքապետը մեկ օր առաջ արդեն հայտարարեց մրցույթ։ Հետո մրցույթ հայտարարելուց առաջ պետք է լինի քաղաքապետի որոշումը և հրապարակվի այն։ Սակայն առանց քաղաքապետի որոշումը հրապարակվելու, հրապարակվեց մրցույթի որոշումը։ Քաղաքապետի որոշումը եղավ ամսի 20-ին, որ պետք է լիներ 13-ին։ Այսօր պաշտոնական կայքում արագ փոխեցին, սակայն ապացույցները կան և այդ պահին խարդախություն արեցին, որպեսզի շտկեն։ Իսկ նախարարի որոշումը պետք է ուժի մեջ մտներ ամսի 11-ից, սակայն ամսի 10-ին քաղաքապետն արդեն հայտարարել էր մրցույթ՝ առանց այդ որոշման ուժի մեջ մտնելու»- հայտարարեց նա»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս