Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 646 հազար 304-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 252 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 200 հազար 297 մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 212 հազար 900 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 69 հազար 921 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 248 հազար 301 է: Մահացության ցուցանիշը կազմում է 25 հազար 428:
Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 211 հազար 938 է: Վարակից մահացել է 29 հազար 079 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Մեծ Բրիտանիան է, որը շրջանցեց Ֆրանսիային: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 190 հազար 584: Վարակի հետևանքով մահացել է 28 հազար 734 մարդ: Մեծ Բրիտանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ գրանցվել է 169 հազար 462 հաստատված դեպք, մահացել է 25 հազար 201 մարդ:
Գերմանիայում 166 հազար 152 հաստատված դեպք կա, մահացել է 6 հազար 993 մարդ: Վարակվածների ընդհանուր թվով Գերմանիային հաջորդում է Ռուսաստանը, որը շրջանցել էր Թուրքիային: Ռուսաստանում հաստատված դեպքերի թիվը 145 հազար 268 է: Երկրում մահացածների ընդհանուր թիվը կազմում է 1356:
Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 127 հազար 659-ի, մահացածներինը՝ 3 հազար 461-ի: Վարակվածների ընդհանուր թվով հաջորդ տեղում Բրազիլիան է 108 հազար 620 հաստատված դեպքով: Մահերի թիվը կազմում է 7 հազար 367: Իրանում վարակվածների թիվը հասել է 98 հազար 647 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 277 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 881 ընդհանուր, 1 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել:
Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 593-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 9 մարդ:
Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 16 հազար 191, մահերինը՝ 12-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 14 հազար 730 է, մահացածներինը՝ 137:
Եգիպտոսում 6 հազար 813 հաստատված դեպք կա, մահացել է 436 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 5 հազար 278-ի, մահացածներինը՝ 40-ի: Իրաքում գրանցվել է 2 հազար 346 վարակվածության, 98 մահվան դեպքով: Լիբանանում կա 740 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 25: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 44-ի: Մահացել է 3 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը: