Հայաստանում պաշտոնապես ամուսնալուծություններն ավելացել են. եթե 2019 թվականի առաջին եռամսյակում ամուսնալուծությունների թիվը կազմել է 850, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում մեր հանրապետությունում գրանցվել է 893 ամուսնալուծություն: Բայց մյուս կողմից նկատենք, որ եւ 2019 եւ 2020 թվականների հունվար-մարտ ամիսներին ամուսնալուծվել է ավելի քիչ քաղաքացի, քան 2018-ին:
Օրինակ՝ 2018 թվականին ամուսնալուծվել է 1021 քաղաքացի: Մյուս կողմից նկատեն, որ Հայաստանում սկսել են ավելի քիչ ամուսնանալ: Համենայնդեպս, այդ մասին են խոսում պաշտոնական վիճակագրական տվյալները: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ ամուսնությունների թիվն այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակասել է: Օրինակ, եթե նախորդ տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստանում գրանցվել է 3782 ամուսնություն, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 3468: Այսինքն, պաշտոնապես ամուսնությունների թիվը 314-ով պակասել է: Ամուսնությունների թիվը 2020 թվականի առաջին եռամսյակին 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ եւս պակասել է՝ 112-ով:
Հայաստանում դեռեւս առանձին ուսումնասիրություններ չեն անցկացվել` պարզելու, թե առավելապես որ պատճառներն են ամուսնալուծությունների հիմքում: Բազմաթիվ են այն հայ ընտանիքները, որոնց հասարակական կարծիքն այլեւս հետ չի պահում ամուսնալուծությունից: Բայց հայ երիտասարդներին ընտանիք կազմելու հարցում առաջին հերթին խանգարում են աշխատանք չունենալը եւ բնակարանային խնդիրները: Ի դեպ, Չինաստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Շանսի նահանգի Քսիան քաղաքի որոշ թաղամասերում ամուսնությունների գրանցման գրասենյակները ամուսնալուծությունների դիմումների աննախադեպ աճ են գրանցել։
Գրասենյակները բազմաթիվ դիմումներ են ստացել մարտի մեկից սկսած: Ըստ որոշ տեղեկությունների՝ այս ամենի պատճառը տանը երկար փակված մնալուց հետո որոշ զույգերի միջեւ առաջացած տարաձայնություններն են, որոնք ավելի են սրվել՝ հասցնելով նրանց արագ ամուսնալուծության։ Ավելին, այդ ամուսնալուծությունների մի մասն այնքան անսպասելի եւ չգիտակցված է եղել, որ զույգերի մի մասը ամուսնալուծվելուց հետո դիմել են՝ խնդրելով կրկին գրանցել իրենց ամուսնությունը։ Հուսանք ՝ այս պատկերը Հայաստանում չենք ունենա:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան