Դատարկ ու անարդյունք հարաբերություններ՝ Իրանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը եւ հատկապես հարեւան Իրանի հետ առնչությունները ռազմավարական նշանակություն ունեն խոշոր տերությունների համար: Այս հարցի կապակցությամբ «Վիկիլիքս»-ի հրապարակած փաստաթղթերը բավականին առատ են, որոնց շարքում իր առանձնահատուկ տեղն է զբաղեցնում ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի կազմած զեկուցագրը: ԱՄՆ Պետդեպին ուղարկված փաստաթղթում դիվանագետը` ներկայացնելով սեփական տպավորությունները հայ-իրանական հարաբերություններից, դրանք համարում է խոսքի մակարդակից այն կողմ չանցնող, անհետեւանք գործակցություն:

Փաստաթուղթը կազմվել է 2009թ. ապրիլի 13-14-ին Սերժ Սարգսյանի՝ Իրան կատարած այցի եւ այնտեղ ունեցած հանդիպումների առնչությամբ: Դիվանագետը ներկայացնելով Սերժ Սարգսյանի խոսքը, ով ողջունելիս նշել էր, թե եկել է Իրան խորացնելու երկու երկրների բարեկամությունը, զեկուցագրի մեջ ապացուցում է դրա ցուցադրականությունն ու մակերեսայնությունը:

Յովանովիչը տեղեկացնում է, որ իրանյան հանդիպումներից հետո զրուցել է ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ, փորձել պարզել Իրան-Հայաստան համագործակցության մակարդակն ու ԱՄՆ համար դրա նշանակալիությունը: Նալբանդյանը արձանագրել է, որ Հայաստանն այլ ելք չունենալով է համագործակցում Իրանի հետ: Ստանձնելով բանագնացի գործառույթներ՝ նա տեղեկացրել է, որ Իրանի ԱԳ նախարար Մոթաքին լիահույս է եղել ԱՄՆ հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ, նույնիսկ հարգանքով է արտահայտվել ԱՄՆ նախագահ Օբամայի հասցեին:

Նալբանդյանը հայտնել է, որ Իրանի ԱԳ նախարարը դրական է գնահատել իր՝ երկխոսության միջնորդ լինելու մասին առաջարկը՝ շեշտելով, որ Թուրքիան չի կարող հարիր միջնորդ լինել նման քննարկումներում: Նալբանդյանի խոսքից դատելով՝ դեսպանը եզրակացրել է, որ իրանյան կողմից նման առաջարկի համար կարող է երկու բացատրություն լինել՝ 1. իրանցիները պարզապես ցանկացել են շոյել ՀՀ կառավարությանը նախագահական այցի ընթացքում եւ 2. տարածաշրջանում իրենց միակ մրցակիցը համարում են Թուրքիային, մինչդեռ փոքր Հայաստանը ոչ մի վտանգ չի ներկայացնում իրանական հավակնությունների համար:

Սարգսյանի այցի ընթացքում կողմերը համատեղ մի քանի ծրագրերի շուրջ փաստաթղթեր էին ստորագրել, որոնք, հիշեցնենք, Հայաստանի իշխանությունների կողմից քանիցս թմբկահարավեցին այն օրերին: Այդ ծրագրերի թվում էին հայ-իրանական երկաթուղու կառուցումը, Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայան հիմնելը, ապա Թավրիզից Երասխ ձգվող նավթային խողովակի անցկացումը: Անդրադառնալով 500 կմ երկարություն ունեցող երկաթուղու մտահղացմանը՝ Յովանովիչը նկատում է, որ դրա համար պետք է մոտ 1,5-1,8 միլիարդ դոլար գումար, եւ ծրագրի հանդեպ հետաքրքրություն են դրսեւորել ռուսներն ու ուկրաինացիները, իսկ հայաստանցի պաշտոնյաների պնդումներով` նաեւ Ասիական զարգացման բանկը եւ այլ կազմակերպություններ:

Դիվանագետը մասնավորեցնում է, որ այն ժամանակ ԱԱԽՔ-ի պաշտոնը զբաղեցրած Արթուր Բաղդասարյանն իրենց տեղեկացրել էր, թե այդ երկաթուղին կարող է Հայաստանի համար դարպաս դառնալ Իրանի, Կենտրոնական Ասիայի ու նույնիսկ Չինաստանի հետ առեւտուր անելու համար: Հավելենք, որ փաստաթղթի ստորագրումից անցել է ավելի քան 5 տարի, մինչդեռ սայլը տեղից չի շարժվել: Ավելին՝ շատերը կհիշեն, թե ինչպես էին իշխանության տարբեր ներկայացուցիչներ հասարակությանը զզվեցնում այս ծրագրով ու խոստանում Հայաստանը վերածել «Նյու Վասյուկիի»: Արդյունքում ստացվեց այնպես, որ մինչ օրս միայն պոռոտախոսությամբ են երկաթուղի կառուցում: Ընդ որում, այստեղ հարկ է հատուկ ընդգծել, որ իրանական կողմը պարբերաբար հայտարարում է` երբ Հայաստանում սկսվի երկաթուղու շինարարությունը, ճիշտ նույն օրը կմեկնարկի դրա` իրանական հատվածի կառուցումը: Ասել է թե` այս ծրագրի չիրականացման մեղքը հարյուր տոկոսով ընկնում է հայկական կողմի վրա:

Փաստաթղթում մանրամասնորեն ներկայացնելով Հայաստանի ու Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների փոխադարձ այցելություններն ու համագործակցության մասին հայտարարությունները՝ հեղինակը գալիս է այն եզրակացության, որ խոսքն ու գործը միմյանցից մղոններով հեռու են: Նրա հաղորդմամբ՝ «Հայաստանի ու Իրանի միջեւ երկուստեք սիստեմատիկ այցելությունները գրեթե մշտապես ավարտվում են համագործակցության անհրաժեշտության մասին արտաքինից բուռն, բայց իրականում դատարկ հայտարարություններով: Այս երկու երկրները նախկինում եւս ստորագրել էին տարբեր հավակնոտ ծրագրերի տակ, որոնք հիմնականում ոչ մի արդյունք էլ չեն ունեցել»:

Յովանովիչի ուշադրությունը հատկապես գրավել է Իրան-Հայաստան գազամուղի կառուցման հնարավորությունը, որի հաջողության հարցում նա կրկին կասկածամիտ է. «Մենք չենք զարմանա, որ նույնիսկ այս փոքր ծրագիրը չի իրականանա մոտակա ժամանակները»: Դիվանագետի գնահատմամբ՝ «հայ-իրանյան երկկողմ հանդիպումներին հետեւած մամլո հաղորդագրությունները իրականում ոչ մի առարկայական արժեք չունեն: Կա հնարավորություն միայն էներգիայի ոլորտում փոխշահավետ համագործակցության հարցում, որն իրականում նվազ նշանակալից է՝ վերը նշված ծրագրերի համեմատ: Մենք, սակայն, մնում ենք թերահավատ ավելի կոնկրետ մտահղացումների հաջողության հարցում՝ ո՛չ գազամուղը, ո՛չ վերամշակման օբյեկտները, ո՛չ էլ երկաթուղին առաջիկայում հազիվ թե կառուցվեն: Ավելին՝ Հայաստանի ու Իրանի միջեւ առկա քաղաքական, մշակութային, կրոնական տարբերությունների ամբողջությունն աշխատում են ցանկացած լուրջ հարաբերությունների դեմ»:

Ինչպես տեսնում ենք, դեսպանի կանխատեսումները միանգամայն ճշգրիտ դուրս եկան:




Լրահոս