Ինչ արդյունք տվեցին Սամվել Կարապետյանի բանակցությունները Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը երեկ տեղեկացրել էր, որ Հայաստան է ժամանել «Տաշիր» ընկերության սեփականատեր, մոսկվայաբնակ Սամվել Կարապետյանը, որպեսզի հաշտեցնի Սերժ Սարգսյանին և Գագիկ Ծառուկյանին: Երեկ գիշեր միմյանց են հանդիպել Ծառուկյանն ու Կարապետյանը, որոնց է միացել նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը. վերջինիս անունը դեռ ճշտվում է: Զրուցել են իրավիճակից դուրս գալու ելքերի մասին: Կարապետյանն ասել է, թե ինչ և ինչպես անել, որպեսզի և՛ գառները ողջ մնան, և՛գայլերը կուշտ լինեն:

Armlur.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանը հանդիպել է նաև Սերժ Սարգսյանին, երկար զրուցել նրա հետ, բացատրել, որ շատ հարցերում ոչ թե Ծառուկյանն է մեղավոր, այլ՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը գծագրել է ողջ սցենարը: Եվ լուրեր կան, որ սառույցը որոշ չափով կոտրվել է: Երկու օր առաջ սկսված գրոհը` ընդդեմ Ծառուկյանի, այս պահին դադարեցված է: Բոլորը սպասում են բանակցությունների ավարտին, որից հետո կա՛մ նոր թափով կսկսվի հարձակումը կա՛մ էլ պետական բոլոր օղակները կմոռանան Ծառուկյանի մասին:

Armlur.am-ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանից հետաքրքրվեց՝ արդյոք ԲՀԿ-ում դեռ այնպիսի տրամադրություններ են, որ պետք է գնալ մինչեւ վերջ` ընդհուպ մինչև առճակատման: Ուրիխանյանը նախ հայտարարեց, որ ինքն իրավասու չէ նման մարդկանց հանդիպումների հետ կապված տեղեկություն տրամադրելու, ապա ասաց. «Ինչ վերաբերում է առճակատման մասին խոսակցություններին, մենք ձգտում ենք իշխանափոխության: Սրանով ամեն ինչ ասված է, իշխանափոխությունը պետք է տեղի ունենա օրենքի շրջանակներում՝ առանց ծայրահեղ ցնցումների, որոնք հղի են անդառնալի հետևանքներով երկրի համար: Իշխանությունը գնում է առճակատման, թե՝ ոչ, մենք գնում ենք ծանրակշիռ, բայց հավասարակշռված մեթոդաբությամբ: Թե իրենք ինչ ճանապարհով են գնում, դուք տեսնում եք»:

Մեր մյուս հարցին, թե Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումն արդեն կայացել է, ինչ նոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, Ուրիխանյանը պատասխանեց. «Ես, բնականաբար, նման տեղեկություն չունեմ»:

Armlur.am-ը կհետևի իշխանական կուլիսներում տեղի ունեցող զարգացումներին և պարբերաբար կներկայացնի թարմ տեղեկություններ:




Լրահոս