Ինչո՞ւ «ընտրվեց» հենց Քանաքեռցի Տույը. ո՞ւմ հետ է նա խնդիրներ ունեցել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հեծանիվ չենք հայտնագործի, եթե ասենք, որ Հայաստանում ապրող յուրաքանչյուր թաղային հեղինակության ավտոմեքենայում հրազեն կա. սա, թերևս, որևէ մեկի համար գաղտնիք չէ: Պարզապես ցանկացած պահի, երբ իրավապահները որոշում են պատժել այս կամ այն հեղինակությանը կամ այսպես կոչված՝ օրենքով գողին, նրան պատահաբար բերման են ենթարկում և անպայման կա՛մ զենք, կա՛մ թմրանյութ հայտնաբերում նրա մոտից կամ ավտոմեքենայի միջից:

Եվ քանի որ իրավապահները մեր երկրում անասելի «հումանիստ» են, շատ դեպքերում առաջարկում են «զոհին» ինքնուրույն ընտրել, թե քրեական օրենսգրքի որ հոդվածով է ցանկանում դատապարտվել՝ ապօրինի զենք կրելո՞ւ, թե՞ թմրանյութ պահելու կամ օգտագործելու մեղադրանքով: Սա` ընդհանրապես:

Իսկ մասնավորապես անդրադառնանք օրերս 1 տարվա ազատազրկման դատապարտված Արթուր Ղազարյանի հետ տեղի ունեցածին: Սույն անձը համարվում է քրեական հեղինակություն, առավել հայտնի է Քանաքեռցի Տույ անվամբ: Այս տարվա հուլիսի 10-ին Արթուր Ղազարյանը Մաշտոցի պողոտայի և Պուշկին փողոցի խաչմերուկի մոտակայքից տարվել էր ոստիկանություն` ապօրինի զենք – զինամթերք պահելու և կրելու կասկածանքով: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել էին «ВИКИНГ» մոդելի 9 մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 9մմ  տրամաչափի փամփուշտներ: Դեպքի առթիվ նույն օրը հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Безымянный-600x362

Ապօրինի զենք, ռազմամթերք պահելու, փոխադրելու կամ կրելու համար Արթուր Ղազարյանը դատապարտվեց 1 տարվա ազատազրկման: Քրեական հեղինակության պաշտպան Երեմ Սարգսյանը վստահ է, որ պատիժը շատ խիստ է, մանավանդ` որ Արթուր Ղազարյանն ընդունել էր առաջադրված մեղադրանքը. հնարավոր է՝ բողոքարկեն վճիռը:

qanaqerci tuy

Ինչևէ, դատելով վճռի հրապարակման օրը Արթուր Ղազարյանի տրամադրությունից՝ կարելի է ենթադրել, որ նա վստահ է՝ մի-երկու օրից ազատության մեջ կլինի:

Իսկ ինչո՞ւ էր Քանաքեռցի Տույը ռազմամթերքով շրջում քաղաքում

Չճշտված վարկածներից մեկի համաձայն՝ նա և իր թիկնապահներն այդ օրը «զակազ» կատարելու էին գնում, դրա համար Տույն անմիջապես ձերբակալվեց: Այդպես է, թե ոչ, ժամանակը և իրավապահների իրականացրած քննությունը ցույց կտան: Սակայն հարց է առաջանում՝ ինչո՞ւ կարող էր ձերբակալվել հենց քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանը:

0101

Պատասխանը ստանալու համար, թերևս, սկսենք այն հարցից, թե ով է Քանաքեռցի Տույը, ո՞ւմ հետ է խնդիրներ ունեցել, ո՞ւմ շրջապատի ներկայացուցիչ է համարվում և այլն: Նախ հիշեցնենք, որ թաղային հեղինակություն Տույը համարվում է ամիսներ առաջ սպանված քրեական հեղինակություն Լևոն Ղազարյանի` Երրորդմասցի Լյովիկի, մտերիմներից և հավատարիմներից մեկը:

errordmasci lyovik

Եվ հենց այդ սպանությունից հետո քրեական աշխարհում ակտիվորեն սկսեցին խոսել այն մասին, որ Երրորդմասցու շրջապատին ևս վտանգ է սպառնում. նրանց կա՛մ «կվերացնեն», կա՛մ կմեկուսացնեն: Լուրեր շրջանառվեցին անգամ, թե Լյովիկի սպանությունից հետո Քանաքեռցի Տույը քաղաքում զրահապատ մեքենայով է շրջում՝ հնարավոր վտանգները կանխազգալով:

«Ժողովուրդ»-ը գրել էր, որ Լևոն Ղազարյանի սպանությամբ քրեական աշխարհում վերադասավորումներ են տեղի ունենում, և իշխանությունների հովանավորությունը վայելող հեղինակությունների տեղը «թափուր է»: Բանն այն է, որ և՛ Լևոն Ղազարյանը, և՛ Արթուր Ղազարյանը համարվում էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հովանավորյալները:

errordmasci

Առաջինը սպանվեց, երկրորդը բանտում է, ու թերևս «համապատասխան» բացատրական աշխատանքներ են տարվում նրա հետ: Իսկ առջևում սահմանադրական փոփոխությունների հարցն է, որը, ինչպես ՀՀ-ում յուրաքանչյուր զանգվածային քվեարկություն, տեղի է ունենում թաղային հեղինակություն – բանդիտների անմիջական մասնակցությամբ: ՀՀ իշխանությունները մշտապես ցանկացած ընտրություն կազմակերպում են հենց նրանց միջոցով, և այս աշխարհում վերադասավորումները հատկապես այս վճռական փուլում շատ կարևոր են:

Իշխանությունները թերևս մաքրում են քրեական աշխարհը, որպեսզի հասկանան` հանրաքվեի ժամանակ որտեղից կարող են ձայներ ունենալ և ում վրա պետք է հույս դնել: Այնպես որ, Քանաքեռցի Տույի ազատազրկումը, ըստ ամենայնի, տեղավորվում է հենց այս տրամաբանության մեջ: Նրան վնասազերծելով՝ իշխանությունները փորձում են վերադասավորումներ կատարել քրեական աշխարհում և Երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո խախտված բալանսը վերականգնել:

tevosik

Ի հավելումն այս ամենի` պետք է նկատել, որ անազատության մեջ է գտնվում նաև մեկ այլ քրեական հեղինակություն՝ ձերբակալվելուց ընդամենն ամիսներ առաջ ազատ արձակված Թևոս Սաֆարյանն առավել հայտնի` Թևոսիկ մականվամբ: Անհերքելի փաստ է, որ վերջին շրջանում քրեական աշխարհի հետ սերտ կապեր ունեցողները գտնվում են իրավապահների արդեն բացահայտ ուշադրության կենտրոնում: Հարցերն, իհարկե, շատ են: Դրանցից շատերին էլ, երևի թե, երբևէ պատասխաններ չտրվեն, սակայն միանշանակ է մի բան՝ Հայաստանում, ցավոք, քրեական աշխարհի ներկայացուցիչները իրավունք են ձեռք բերել շատ հարցերում որոշողի դերում լինել: Թեպետ՝ սա զարմանքի տեղիք չպետք է տա, չէ՞ որ նրանք վայելում են հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորչությունը:

Տաթև Հարությունյան




Լրահոս