Ով է Սերժ Սարգսյանի ամենաունևոր խորհրդականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կարծես ձեւավորված կարգ է, որ երբ որեւէ յուրային բարձրաստիճան պաշտոնյա ազատվում է իր զբաղեցրած պաշտոնից, նրան չնեղացնելու համար նշանակում են կա՛մ որեւէ երկրում դեսպան, կա՛մ էլ ՀՀ նախագահի խորհրդական:
«Պատվավոր թոշակառուների» ակումբի վերածված ՀՀ նախագահի խորհրդականների փունջը բաղկացած է 9 հոգուց, որի մեծ մասը նախկին նախարարներ կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ են:

«Ժողովուրդ»-ը, ուսումնասիրելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին այդ պաշտոնյաների ներկայացրած հայտարարագրերը, փորձեց պարզել, թե ով է ՀՀ նախագահի «ամենաունեւոր» խորհրդականը:

Այսպիսով՝ ըստ հայտարարագրերի՝ ՀՀ նախագահի ամենաունեւոր խորհրդականը Ալիկ Սարգսյանն է: Վերջինիս կարիերայի գագաթնակետը ՀՀ ոստիկանապետի պաշտոնն էր: Այդ պաշտոնում նա նշանակվեց 2008-ի մայիսին, իսկ մինչ այդ՝ սկսած 2000 թվականից, զբաղեցնում էր Արարատի մարզպետի պաշտոնը: Ալիկ Սարգյանը՝ որպես ոստիկանապետ, պաշտոնավարեց մինչեւ 2011 թվականի նոյեմբերը, իսկ պաշտոնանկությունից անմիջապես հետո համալրեց Ս. Սարգսյանի խորհրդականների շարքը: Այս պաշտոնյայի՝ 2011 թվականին ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրա դրամական միջոցները կազմել են 120 մլն դրամ եւ 70 հազար դոլար, իսկ եկամտի չափը, որը գոյացել է միայն աշխատավարձից, ավելի քան 5 մլն դրամ է եղել:

Իսկ արդեն 2015 թվականին Ալիկ Սարգսյանի դրամական միջոցները աճել են մոտ 20 մլն դրամով: Նախկին ոստիկանապետը հայտարարագրել է 140 մլն դրամ եւ ավելի քան 54 հազար դրամ, իսկ եկամտի չափը, որը կրկին գոյացել է աշխատավարձից, կազմել է մոտ 27 մլն 500 հազար դրամ:

Սերժ Սարգսյանի 9 խորհրդականներից ամենաքիչ միջոցները հայտարարագրել է Վարդան Խաչատրյանը: Նա 2000 թվականից մինչեւ 2008 թվականը զբաղեցրել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: Պաշտոնանկությունից հետո նշանակվել է Ս. Սարգսյանի խորհրդական եւ մինչ օրս զբաղեցնում է այդ պաշտոնը: 2015 թվականին ներկայացված հայտարարագրից պարզում ենք, որ այս պաշտոնյայի դրամական միջոցները կազմել են ընդամենը 3 մլն դրամ, իսկ եկամտի չափը, որը գոյացել է աշխատավարձից, ավելի քան 9 մլն դրամ է:

Հիշեցնենք, որ նախարարական պաշտոնավարման շրջանում Խաչատրյանը մի քանի անգամ աղմկոտ պատմությունների մեջ ընկավ, որոնք հիմնականում կապված էին գիշերային ակումբներ այցելելու նրա նախասիրության հետ: Գուցե հենց գիշերային ակումբնե՞րն են այս պաշտոնյայից տարել իր գումարները, որովհետեւ 2011-ին նա ունեցել է 15 մլն դրամ եւ 35 հազար դոլար:

Վահագն Հակոբյան




Լրահոս