Սերժ Սարգսյանը մականունավորների հետ կապված այլ նպատակներ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ՀՀ ԱԺ 5-րդ գումարման (2012-2017թթ.) պատգամավորների գործունեության ամփոփման շարքը: Այսօր կանդրադառնանք Մելիք Մանուկյանին:

ԱԺ «վաստակաշատ» պատգամավորներից է Մելիք Մանուկյանը` հայտնի որպես Շշի Մելո: Վերջինս պատգամավոր է 2003 թվականից, երբ ընտրվել էր թիվ 45 ընտրատարածքից` ընդգրկվելով ՕԵԿ խմբակցության մեջ: Մելիք Մանուկյանի էությունը, սակայն, պարզվում է՝ գենետիկորեն անհամատեղելի է ընդդիմադիր գործունեության հետ: 2006թ. մայիսին նա լքել է ՕԵԿ-ը վերջինիս նախագահ Արթուր Բաղդասարյանի ընդդիմադիր դառնալու պատճառով: 2007թ. արդեն Մանուկյանը միացել է ԲՀԿ-ին, որն էլ լքել է 2015թ. փետրվարին ԲՀԿ-ի ընդդիմադիր գործունեության պատճառով: Եթե 2006թ. նա ՕԵԿ-ի գնացքից ցատկելը բացատրում էր կոալիցիայում մնալու «հայրենանվեր առաքելությամբ», ապա 2015թ. առանց օրենքին տեղյակ լինելու՝ դիմում էր գրել ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին: Միայն օրեր անց Մանուկյանին հուշեցին, որ կարող է լքել կուսակցությունը` առանց մանդատից զրկվելու, ինչից հետո նա շտապել էր ետ վերցնել Գալուստ Սահակյանին գրած հրաժարականի դիմումը:

5-րդ գումարման Ազգային ժողովում Մելիք Մանուկյանը պարտաճանաչորեն քվեարկել է իշխանությունների նախագծերի օգտին շուրջ 476 անգամ, իսկ հրաժարվել քվեարկությունից 267 անգամ: Մանուկյանը բացակայել է 121 անգամ, դեմ քվեարկել 40, ձեռնպահ 61 անգամ: Նա արդեն իսկ հայտարարել է Կոտայքի մարզն ընդգրկող ընտրատարածքում ԲՀԿ ռեյտինգային ընտրացուցակով առաջադրվելու մտադրության մասին: Հաշվի առնելով, թե վերածնվող ԲՀԿ-ն ինչպիսի գործիչների հավաքատեղի է դառնում, ամենեւին էլ զարմանալի չէ, որ Մելիք Մանուկյանը որոշել է վերադառնալ հարազատ տանիքի ներքո, ինչին, իհարկե, լիովին կողմ կլինի նաեւ Սերժ Սարգսյանը` ձգտելով մականունավոր ձայն ապահովողներին խորհրդարան չբերել ՀՀԿ ցուցակով:

Ն. Հովսեփյան




Լրահոս