Ինչու է Հրազդանի ցեմենտի գործարանը վաճառքի հանվել

Ինչու է Հրազդանի ցեմենտի գործարանը վաճառքի հանվել

«ՎՏԲ Հայաստան» բանկը աճուրդի է հանել Հրազդանի ցեմենտի գործարանը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ընկերության միակ գնորդը այս պահին հանդիսանում է «Հայբիզնես բանկ»-ը:

Հրազդանի ցեմենտի գործարանը տեւական ժամանակ է՝ չի աշխատում: «Ժողովուրդը» տեղեկացավ, որ գործարանն այժմ նոր տնօրեն ունի: Իսկ նախկին տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը այժմ որոշել է զբաղվել քաղաքականությամբ. նա Հայաստանի կոմունիստական կուսակցության ռեյտինգային ընտրակարգով Կոտայքի մարզում առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու: Գործարանի չաշխատելու պատճառների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նորանշանակ տնօրեն Հարություն Պողոսյանի հետ:

Պարո՛ն Պողոսյան, Հրազդանի ցեմենտի գործարանն ինչո՞ւ չի աշխատում: Հայտնի՞ է, թե երբ է գործարանը վերսկսելու իր աշխատանքը:

-Գործարանը պատրաստ է աշխատելուն. հումքը դրված է: Բացի այս՝ գործարանը վերանորոգված է եւ գտնվում է լավ վիճակում:

-Այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ գործարանը չի աշխատում:

-Հիմա միակ պատճառն այն է, որ գործարանի առքուվաճառքի գործընթացն է գնում: Այն ընթացքի մեջ է: «ՎՏԲ Հայաստան» բանկը պատրաստվում է գործարանը վաճառել, իսկ գնորդը, նախնական տվյալներով, մեկ այլ բանկ է: Ուրիշ սեփականատեր է լինելու: Երբ նոր սեփականատերը իր իրավունքները ստանձնի, դա մոտավորապես կլինի մարտի կեսերին, դրանից հետո 10 օր ժամանակ է մեզ պետք, որ իրականացնենք գործարանի արտադրելու նախապատրաստական աշխատանքները: Հավանաբար մարտի երկրորդ կեսին՝ 20-ից հետո, գործարանը կսկսի արտադրել:

-Պարո՛ն Պողոսյան, իսկ ո՞ր առեւտրային բանկն է պատրաստվում «ՎՏԲ-Հայաստան» բանկից գնել գործարանը:

-Գործարանը պատրաստվում է գնել «Հայբիզնեսբանկ»-ը մի քանի ներդրողների հետ միասին: Այլ ներդրողներ կան, որոնք ցանկանում են գումար ներդնել գործարանն աշխատեցնելու մեջ եւ միասին գնել գործարանը:

Ովքե՞ր են այդ ներդրողները: Անուններ կնշե՞ք:

-Ես հիմա չեմ կարող անուններ տալ, երբ գործարքը կստորագրվի, այն ժամանակ կասեմ: Իրենք Հայաստանի քաղաքացիներ են, բոլորն էլ ցեմենտ արտադրելու փորձ ունեն եւ ցանկանում են գործարանը ոտքի կանգնեցնել՝ գումար ներդնելով:

-Այնուամենայնիվ, ինչո՞ւ «ՎՏԲ-Հայաստան» բանկը որոշեց վաճառել գործարանը:

-Որովհետեւ ՎՏԲ բանկը իրեն դրսեւորեց որպես ոչ էֆեկտիվ ղեկավարող սեփականատեր: Մյուս կողմից ցեմենտի արտադրությունը բանկի համար պրոֆիլային գործունեություն չէ, դրա համար իրենք այն վաճառելու վերաբերյալ որոշում ընդունեցին:

-Իսկ ի՞նչ գնով է գործարանը վաճառվել:

-Վաճառքի պայմանները բաց են. այն շուկայական գնով է վաճառվել:

-Այս պահին գործարանն արտադրանք ունի՞, որը չի կարողանում իրացնել:

-Գործարանում արտադրանք չկա, ամբողջը մենք վաճառել ենք, մոտավորապես մեկ ամիս առաջ մեր արտադրանքը վերջացավ: Հիմա մենք սպասողական վիճակում ենք գտնվում:

-Իսկ գործարանի պարտքե՞րը:

-Գործարանը պարտքեր ունի, բայց դրանք կրիտիկական չափերի չեն հասնում: Գումարներ կան, որոնք պարտադիր պետք է վճարվեն. աշխատավարձի մասով, հարկային պարտավորություններն են եւ այլն: Գործարանի նոր սեփականատերը դրանք կմարի:

-Պարո՛ն Պողոսյան, Հայաստանում շինարարության ծավալները տարեցտարի նվազում են, հետեւաբար ցեմենտ էլ քիչ է արտադրվում: Ավելին՝ «Արարատցեմենտ» ընկերության գլխավոր տնօրենը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում բարձրաձայնեց, որ ցեմենտի պահանջարկ չկա: Իսկ Դուք փորձում եք նորից շուկա մտնել…

-Շուկան ուսումնասիրել ենք: Ճիշտ է՝ ցեմենտի պահանջարկի նվազման միտումը շարունակվում է: Բայց հույս ունենք, որ այս տարի շինարարության ծավալները գոնե փոքր-ինչ կավելանան: Ծրագրեր կան շինարարական ոլորտում, եւ մենք հուսով ենք, որ կմասնակցենք այդ ծրագրերին: Նույնիսկ Հայաստանից ցեմենտ արտահանելու ուղղությամբ ծրագրեր ունենք. մտադիր ենք ցեմենտ արտահանել դեպի Վրաստան: Գործարանի սեփականաշնորհման գործընթացն ավարտելուց հետո մենք ծրագրում ենք այդ ուղղությամբ բավականին ինտենսիվ աշխատել:

Հ. Գ. Տեղեկացնենք, որ «Հայբիզնեսբանկը» վերջին տարիներին սկսել է շատ ակտիվ զարգանալ, եւ դա տեղի է ունենում նաեւ հիմնականում պետական ձեռնարկությունների շրջանառությունը սպասարկելու արդյունքում: Այսինքն՝ արդեն մի քանի տարի է՝ գերատեսչությունները մեկը մյուսի ետեւից սկսում են իրենց շրջանառությունը իրականացնել հենց «Հայբիզնեսբանկի» միջոցով: Իսկ այս բանկի հմայքը կայանում է նրանում, որ այն պատկանում է Սերժ Սարգսյանի վաղեմի ընկերոջը` ծագումով ղարաբաղցի, ռուսաստանաբնակ միլիարդատեր Վիտալի Գրիգորյանցին:

Վերջինս, ըստ հրապարակումների, հենց այն անձն է, որը դեռեւս 2006 թվականին ԱՄՆ-ում իր ներկայացուցչի միջոցով ավելի քան կես միլիոն դոլար է վճարել ամերիկյան «Burson-Marsteller» փիառ ընկերությանը՝ այն ժամանակ դեռեւս ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի վարկանիշը արտերկրում բարձրացնելու համար: Այլ կերպ ասած՝ Վիտալի Գրիգորյանցը այն եզակի մարդկանցից մեկն է, որը անձամբ ներդրում է ունեցել Սերժ Սարգսյանի իշխանության գալու գործում եւ հիմա հատուցում է ստանում:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ