Համլետ Գեվորգյանն առաջին անգամ խոսել է իր Մոսկվա տեղափոխվելու եւ մշտական բնակություն հաստատելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական ժողովրդական երգերի հայտնի կատարող, վաստակավոր արտիստ Համլետ Գեւորգյանն ընտանիքի հետ մշտական բնակության նպատակով տեղափոխվել է Մոսկվա: Ո՞րն է երգչի՝ Հայաստանից գնալու պատճառը եւ ինչո՞ւ հենց Մոսկվա: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը բլից զրույց ունեցավ Համլետ Գեւորգյանի հետ:

-Հայաստանից Մոսկվա տեղափոխվելը մեծ աղմուկ է բարձրացրել: Նույնիսկ մեկնաբանություններ հնչեցին, թե արտագաղթը Ձեզ էլ չշրջանցեց: Այնուամենայնիվ, ինչո՞ւ գնացիք:

-Ես ամսվա մեջ մեկ անգամ Հայաստանում եմ լինում, թե՛ ձայնագրման աշխատանքների հետ կապված, թե՛ տարբեր միջոցառումների մասնակցություններով: Իմ կապը նույն է մնում Հայաստանի հետ: Պարզապես ամեն առիթով ստիպված եմ լինում Մոսկվայից Երեւան գալ՝ համերգի, միջոցառման եւ այլ առիթների դեպքում:

-Իսկ ինչո՞ւ հենց Մոսկվա:

-Առաջին պատճառը, որ ես չընտրեցի Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատելու առաջարկը, դա այն էր, որ ես չցանկացա Հայաստանից, իմ ժողովրդից կտրվել: Այստեղ՝ Ռուսաստանում, շատ հայեր կան, ովքեր ունեն իմ երգի կարիքը: Ես կլինեմ ե՛ւ ՌԴ-ում, ե՛ւ Հայաստանում: Շատ զայրացած եմ «արտագաղթ» բառի պարբերաբար օգտագործման համար, քանի որ այն ինձ ցավ է պատճառում: Արտագաղթում են գուցե ուրիշները, բայց իմ դեպքում դա արտագաղթ չէ: Ես անպայման պետք է սնվեմ Հայաստանի մշակույթով եւ ներկա լինեմ բոլոր գործընթացներին: Այնպես որ, ինձ որեւէ դեպքում բացակա չդնեք:

-Արդյոք կա՞ն խանգարող այլ հանգամանքներ, որոնք նպաստեցին Ձեր՝ Հայաստանից գնալուն:

-Ես, առհասարակ, Հայաստանում ինձ վատ չեմ զգացել, պարզապես հանգամանքների բերումով է այդպես ստացվել: Մեր երկրում բաներ կան, որոնք ինձ չեն բավարարում: Խոսքը աշխատանքային, կենցաղային առաջընթացի մասին է: Երբ մարդ ցանկանում է աճել, մասշտաբները մեծանում են, արդեն պետք է ինչ-որ մի միջոց ձեռնարկի՝ ավելի առաջ գնալու համար: Իմ՝ Մոսկվա մեկնելը համարեք այդ քայլերից մեկը դեպի առաջընթաց: Ուրիշ բան չկա: Ես խնդիր չունեմ Հայաստանում որեւէ մեկի հետ. բանվորից մինչեւ նախագահ, բոլորին սիրում եմ, հարգում եմ եւ փոխադարձ այդ հարգանքը ստանում եմ: Ուղղակի դրսում տնտեսապես ավելի աշխույժ է: Ասեմ, որ Հայաստանում համագործակցում եմ նույն երաժիշտների, նույն երգահանների հետ: Ոչինչ չի փոխվել:

-Բայց ամեն դեպքում տխուր է, որ Համլետ Գեւորգյանի պես հզոր ձայն ունեցող տաղանդավոր երգիչը Հայաստանում չի բնակվում:

-Իհարկե, շատերին տխրեցրել է այս երեւույթը, բայց կրկնում եմ՝ ես չեմ կտրվում իմ մշակույթից, իմ ժողովրդից:

-Համլե՛տ, հուլիսի 5-ին Ձեր երկրպագուների դատին ներկայացրիք նոր տեսահոլովակ՝ «Спасибо» ռուսերեն երգի հիման վրա: Ո՞ւմ եւ ինչո՞ւ շնորհակալություն: Թեեւ երգը վաղուց էիք կատարել:

-Ճիշտ եք՝ երգը վաղուց է եղել, պարզապես առանց տեսահոլովակի է հնչել, տեղ գտել իմ թողարկած «Ծիրան» ձայնասկավառակում: Ռուսաստան գալու առիթով որոշեցի մի թեթեւ տեսահոլովակ նկարահանել այդ երգի հիման վրա, քանի որ այն շատ սիրվեց թե՛ հայերի, թե՛ ռուսների կողմից: Գեղեցիկ, սիրային երգ է:

Լիդա Եղիազարյան




Լրահոս