Թաթան կպատժի ադրբեջանցի երգչին` նենգության համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական շոու-բիզնեսի հայտնի դեմքերից մեկը՝ երգիչ Թաթան, պլագիատի թիրախում է հայտնվել։ Ադրբեջանցի երգիչ Էլիկրամ Բայրամովը ոչ միայն գողացել է նրա «Մի տանի, տանի» երգը, նախորդ տարվա հունիսին յութուբյան իր ալիքում տեսահոլովակ տեղադրել երգի հիման վրա, այլեւ բողոք է ուղարկել Youtube-ին, որպեսզի արգելափակեն Թաթայի կատարումը։

Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ «Թաթա փրոդաքշն»-ի նախագահ, պրոդյուսեր Գրիգոր Նազարյանից։

Նա նշեց, որ իրենք դիմել են «Հայ հեղինակին»՝ Թաթայի իրավունքները պաշտպանելու համար.«Մենք ձեռնարկելու ենք բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի ադրբեջանցի երգիչը պատժվի։ Պետք է հետեւողական լինենք, որպեսզի Youtube-ը արգելափակի հենց Բայրամովի կատարումը։ Թաթայի երգերը բոլորն էլ երգում են, բայց ոչ ոք դեռ նման նենգ քայլի չէր դիմել»։

Պրոդյուսերը պատմեց, որ կատարվածից Թաթան ինքը բավական զարմացած է. «Նա իսկապես լարված է, Թաթայի ուղեղի մեջ չի տեղավորվում, թե ինչպես կարող էր ադրբեջանցի այդ երգիչն իրեն այդպես պահել»։

Երկրպագուների մտահոգություններին ի պատասխան` նշենք, որ «Մի տանի, տանի» երգը Youtube-ը չի արգելափակել.«Երգի հեղինակն, ի դեպ, հենց Թաթան է,այն 18 տարվա պատմություն ունի։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ ադրբեջանցի երգիչը երգը կատարում է մեր գործիքավորման հիման վրա, Արմեն Հյուսնունցի սաքսոֆոնի նվագակցությամբ»,-ասաց Գ. Նազարյանը։

Մենք հետաքրքրվեցինք՝ ո՞ր երկրներից են ամենաշատը գողանում Թաթայի երգերը. «Վրացիներն են հաճախ երգում նրա երգերը, հրեաներն են պաշտոնական եւ ոչ պաշտոնական միջոցներով դիմում մեզ՝ նրա ստեղծագործությունները կատարելու համար»,-պատասխանեց պրոդյուսերը։

Իսկ հարցին, թե որն է Թաթայի ամենաշատ գողացված երգը, մեր զրուցակիցը պատասխանեց՝ «Անապատի արեւն» ու «Տեսել եմ»-ը։

Անի Անտոնյան




Լրահոս