Ինչ չի անում քիչ փողը, անում է շատ փողը. Կամո Սեյրանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 5-ին Երեւանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, տեղի կունենա դուդուկահար Կամո Սեյրանյանի մենահամերգը։ Հատուկ մենահամերգի առթիվ Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստան է ժամանելու «Forbidden Saints» խումբը։ Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց ինքը՝ դուդուկահարը։ Նա նաեւ նշեց, որ համերգին մասնակցելու են սիմֆոնիկ նվագախումբը, Պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը։

«Ասեմ, որ ներկայացնելու եմ մի շարք նոր ստեղծագործություններ, ինչպես նաեւ հին հայկական, ավանդական երգերի գործիքավորումներ, միջնադարյան տաղերի մշակումներ։ Սպասվում է նաեւ հետաքրքիր լուսաձայնային շոու։ Ինչ վերաբերում է համերգի պարային հատվածին, ասեմ, որ ելույթ են ունենալու Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները, «Բերդ» պարային համույթը»,-մանրամասնեց Կ. Սեյրանյանը։

Համերգին նորովի մատուցվելու են Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը», «Լեզգինկան»՝ կենդանի հնչողությամբ։ «Սպասվում է դասական, փոփ, ժողովրդական ժանրերի միքս,այնպես որ, Հայաստանում նման ֆորմատի համերգ դեռ չի եղել։ Ուզում եմ լավ բան անել, ճիշտ երաժշտություն մատուցել, որ բոլորի ականջները մաքրվեն աղբից»,-շեշտեց դուդուկահարը։

Նա խոստացավ վերադառնալ ակունքներին, ներկայացնել Կոմիտաս՝ չշեղվելով մեղեդային գծից։ Ինչպես ինքն է նկատում, հայ հանդիսատեսը զուլալ երաժշտության կարիք շատ ունի։

Հարցին, թե Հայաստանում համերգներ կազմակերպելիս ինչ դժվարությունների է հանդիպում արտիստը, դուդուկահարը պատասխանեց. «Մեր երկրում ամեն ինչն է դժվար իրականացնել, բայց, ինչպես ասում են, ինչ չի անում քիչ փողը, անում է շատ փողը (ծիծաղում է)։ Ամեն դեպքում, պետք է նաեւ ասեմ, որ նույնիսկ լավագույն էֆեկտներ ունենալու պարագայում եթե արտիստը դուրս գա բեմ ու չկարողանա հանդիսատեսի սրտի հետ խոսել, տապալված է, այդ բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն»։

Անի Անտոնյան




Լրահոս