Սերժ Սարգսյանի անվտանգությունը կրկին ուժեղացվել է. ինչ է կատարվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ Բաղրամյան 26-ի եւ հատկապես Սերժ Սարգսյանի անվտանգության հսկողությունը կրկին ուժեղացվել է: Հատկապես խստացման դրսեւորումները առավել ակնհայտ են երեւացել Սերժ Սարգսյանի կողմից մի շարք գերատեսչություններ այցելելու ընթացքում:

Այն, որ 2015 թվականից ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ուժեղացված հսկողություն է իրականացնում ՀՀ պետական կառույցներում, գաղտնի չէ ոչ ոքի: Այդ իրավիճակը ուներ իր հիմնավոր պատճառները. Նորք-Մարաշում ԱԱԾ-ն վնասազերծեց «հանցավոր խումբ», որի պարագլուխն էր «Հայոց Վահան» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանը: Ըստ ԱԱԾ-ի` Արթուր Վարդանյանի գլխավորած խումբը ծրագրել էր բռնությամբ զինված հեղաշրջում իրականացնել՝ թիրախավորելով նախագահի նստավայրը: Ավելին՝ Արթուր Վարդանյանին հաջողվել է գաղտնի նկարահանել Սերժ Սարգսյանի այցերից մեկը, իսկ ահա հայտնաբերված զինված խումբը քննարկել է Սերժ Սարգսյանի ինքնաթիռը պայթեցնելու հարցը:

2016 հունիսի 21-ին, երբ Հայաստան այցելեց Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, նախորդ օրը ձերբակալվեց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ժիրայր Սէֆիլյանը: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ պարզվել էր, որ Ժիրայր Սէֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ զավթել շենքեր, այդ թվում՝ Երեւանի հեռուստաաշտարակը:

Սակայն այս բացահայտումը եւս չհանդարտեցրեց գործող իշխանության նկատմամբ կուտակված ագրեսիան: Հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման անդամները գրավեցին ոստիկանության ՊՊԾ գունդը, զոհվեցին ոստիկանության 3 աշխատակիցներ, վիրավորվեցին նաեւ խմբի անդամները: Նրանք եւս իրենց հերթին մի շարք պահանջներ ներկայացրին, որոնցից առաջնայինը Սերժ Սարգսյանի հրաժարականն էր:

2017 թվականի հունվարին գրել էինք, որ ՀՀ ԱԱԾ-ն օպերատիվ տեղեկություն է ստացել այն մասին, որ Սերժ Սարգսյանի դեմ մի նոր հարձակման փորձ է ծրագրվել, ինչից հետո Սերժ Սարգսյանը ԼՂՀ ու Հայաստանի հեռավոր մարզեր այցելում է ուղղաթիռով, որին ուղեկցում են կործանիչ եւս երկու ուղղաթիռներ:

Սակայն, ինչպես ցույց է տալիս իրավիճակը, Սերժ Սարգսյանի դեմ հնարավոր հարձակման վտանգը չի չեզոքացվել, քանի որ վերջին շրջանում նրա կողմից տարբեր գերատեսչություններ այցելության ժամանակ խիստ հսկողություն է իրականացվել: Մասնավորապես սեպտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում կազմակերպվել է Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում, որի ժամանակ անգամ նախարարներին էին ստիպել հավաքվել ՀՀ կառավարության շենքի մոտ եւ համապատասխան «վնասազերծված» ավտոբուսներով գնալ ՊՆ: Ավելին՝ մեզ հասած տեղեկություններով՝ այդ օրը Սերժ Սարգսյանի անվտանգությունը հրահանգել էր, որ նախարարության ապակիները փակեն, որպեսի դրսից չերեւա, թե նախարարությունում ինչ է կատարվում:

Նույն հրահանգը իջեցվել նաեւ Սերժ Սարգսյանի մի շարք գերատեսչություններ այցելելու ընացքում եւս:

Ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 9-ին գնացել էր ՀՀ քննչական կոմիտե, հոկտեմբերի 23-ին այցելել էր ՀՀ ոստիկանություն, իսկ ահա հաջորդ օրը՝ ՀՀ պաշտպանության նախարարություն: Բոլոր տեղերում նկատելի է եղել նրա նկատմամբ խիստ հսկողությունը:

Ի՞նչ է կատարվում: Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի հետ:

-Պարո՛ն Հարությունյան, տեւական ժամանակ է, ինչ խոսվում է այն մասին, որ Սերժ Սարգսյանի անվտանգությունը ուժեղացվել է: Դեռեւս այս տարվա մարտին գրել էինք, որ Սերժ Սարգսյանը ԼՂՀ ու Հայաստանի հեռավոր մարզեր այցելում է ուղղաթիռով՝ կործանիչների ուղեկցությամբ:

-Հիմա դժգոհ ե՞ք, թե՞ ինչ խնդիր կա, եթե ուժաղացվում կամ թուլացվում է:

-Փաստ է, որ երկրի ղեկավարի անվտանգությունը գնալով ուժեղացվում է, ինչո՞վ է պայմանավորված:

-Ընդամենը նորմալ միջոցառումներ են, որոնք իրականացվում են նման բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգությունը ապահովելու նպատակով: Տարածաշրջանում դուք տեսնում եք ինչպիսի աշխարհաքաղաքական պրոցեսներ են գնում, եւ մենք էլ, ըստ այդմ, մեր միջոցառումները կազմակերպում ենք: Մտահոգվելու խնդիր չկա, մենք մեր ընթացիկ աշխատանք ենք կատարում եւ հույս ունենք, որ դա որեւիցէ կերպ Ձեր աշխատանքի վրա չի անդրադառնում:

-Տարածաշրջանի պրոցեսնե՞րն են պատճառը, որ անգամ հրահանգ է իջեցվել, որ գերատեսչությունները նրա այցի ժամանակ ապակիների շերտավարագույրները փակել են, որպեսզի դրսից տեսանելի չլինի, թե ներսում ինչ է կատարվում:

-Ես առաջին անգամ Ձեզանից եմ նման բան լսում: Մտահոգվելու որեւէ խնդիր չկա, մենք մեր ամենօրյա գործառույթները իրականացնում ենք այնքան, ինչքան նպատակահարմար ենք գտնում:

Քնար Մանուկյան




Լրահոս