ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես սկսվեցին բախումները Բաղրամյան պողոտայում

Մայրաքաղաքի մի քանի կենտրոնական փողոցներ արգելափակելուց հետո Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի դեմ պայքարի ելած ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման մասնակիցները շարունակում են պայքարը Բաղրամյան պողոտայում:

Մեծ թվով մասնակիցներ տարբեր վնասվածքներ են ստացել այն բանից հետո, երբ ոստիկանությունն անսպասելի պայթուցիկներ արձակեցին: Նշենք, որ ոստիկանները հակագազեր են կրում:

«Իմ քայլը» շարժումը առաջնորդող Փաշինյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն. համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո նա կվերադառնա ցուցարարների մոտ:

 

Առավոտյան ժամը ութի շրջանում ակտիվիստները արգելափակել էին Երևանի մի շարք փողոցներ:

Մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցներն այս պահին էլ շարունակում են փակ մնալ: Ոստիկանությունը կոչ է անում Փաշինյանին «դադարեցնել փողոցների շրջափակումը և ապահովել հավաքի բնականոն ընթացքը»։

Այսօր առավոտյան Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի դեմ բողոքի ակցիայի ելած ակտիվիստները՝ որպես անհնազանդություն մի քանի անգամ մի քանի րոպեով խափանեցին մետրոպոլիտենի աշխատանքը:

Ոստիկանական ուժեր են կենտրոնացած նաև Կառավարության շենքի և իշխող Հանրապետական կուսակցության գրասենյակի շրջակայքում: