ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԴԻՄԵԼՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանը քննարկում է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Նախագիծը ներկայացնում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը: Նրա ներկայացրած նախագծով՝ հնարավորություն  կտրվի արտակարգ դրության ավարտից հետո չեղարկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի եւ 6 անդամների լիազորությունների դադարեցման հանրաքվեն: Այս հարցի շուրջ այսօր ArmLur.am-ը զրուցել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ:

 

-Պարո՛ն Բաբաջանյան, որոշում կա, որ Սահմանադրական դատարանի ճգնաժամը պետք է լուծել խորհրդարանի միջոցով, այլ ոչ հանրաքվեի: Դուք դա ընդունելի համարո՞ւմ եք:

-Ես առաջին օրվանից առհասարակ դեմ եմ եղել հանրաքվեի անցմացմանը՝ շատ պարզ բացատրությամբ: Ազգային Ժողովը հենց նրա համար է, պատգամավորի մանդատը «Իմ քայլը» խմբակցությանը հենց այնպես չի տրվել: Տրվել է, որպեսզի այս ընթացիկ ճգնաժամերը, Սահմանադրական դատարանի ճգնաժամը նույնպես հանգուցալուծի մի շատ կարեւոր պատճառաբանությամբ: Ազգային Ժողովի գլխավոր առաքելությունը ժողովրդավարության պաշտպանությունն է, եւ բոլոր այն ինստիտուտները,  որոնք ոտնձգություն կիրականացնեն Հայաստանի ժողովրդավարության նկատմամբ, պետք է ուղղակի դառնան ՀՀ խորհրդարանի կողմից ուղիղ գործողությունների, քայլերի թիրախ եւ առարկա:

-Պարո՛ն Բաբաջանյան, բայց կարծեք թե վերջնական լուծում չի տրվելու: Խորհրդարանում գուցե ընդունվի, բայց Հրայր Թովմասյանի հետ կապված, այնտեղի դատավոր-անդամների հետ կապված հարցերի հանգուցալուծում չի տրվելու: Ի՞նչ է սա իրենից ենթադրում, հերթական օրենք պետք է մշակվի՞, որպեսզի կրկին այդ հարցին  էլ լուծում տրվի:

-Լուծման մոտավոր շրջանակն արդեն հայտնի է. 12 տարվա պաշտոնավարման վերաբերյալ մոտավորապես 3 դատավորի հարց է քննարկվում, եւ Հրայր Թովմասյանի նախագահության հարցն է դրված: Ես, ի դեպ, Հրայր Թովմասյանի անձի եւ նրա նախագահության հետ կապված որեւէ խնդիր չեմ տեսնում: Ավելին, կարծում եմ, որ ճգնաժամը ՍԴ-ի շուրջ չի սկսվել Հրայր Թովմասյանով: Այդ ճգնաժամը գալիս է 2002 թվականից այն ընտրական գործընթացներում Սահմանադրական դատարանի կայացրած որոշումներից, որի արդյունքում մեր պետությունն ուղղակի բռնազավթվել է: Դրանում ուղղակի առաջնային դերակատարությունն է ունեցել Սահմանադրական դատարանը: Դրանից հետո՝ արդեն 2016թ., երբ երեւակվեց, թե Հրայր Թովմասյանին ինչպիսի դերակատարություն է պահվելու ՍԴ-ում, հասկացանք, որ Հանրապետական կուսակցությունն ուզում է այլեւս ներկա լինել Սահմանադրական դատարանում եւ հավերժացնել իր իշխանությունը հենց Հրայր Թովմասյանի մասնակցությամբ եւ ուղիղ ներգրավմամբ:  Սա նվազագույնն է, որ այս պահին կարող ենք համարել լուծված: Ես, իհարկե, հույս ունեմ, որ եթե մեզ հաջողվի հարցը իսկապես բերել Ազգային Ժողով եւ  քննարկման առարկա դարձնել, լուծել ճգնաժամը; Նոր անդամների ներգրավմամբ, նոր դատավորների մասնակցությամբ մենք կկարողանանք առողջ հիմքերի վրա դնել Սահմանադրական դատարանը եւ երբեք ու երբեք այլեւս չկասկածել  անվտանգության երաշխավորների, իսկ ՍԴ յուրաքանչյուր դատավորը այդ կարեւոր երաշխավորներից է, ինստիտուտի սյուներից, որի շնորհիվ գործընթացը կգնա հիմնարար առողջացման:

-Պարո՛ն Բաբաջանյան, Ժամանակավոր լուծո՞ւմ է սա համարվելու:

-Ես չեմ կարծում, որ դա ժամանակավոր է: Իմ պատկերացմամբ՝ հանրաքվեին դրված նախագիծը պետք է գար Ազգային Ժողով: Եվ մենք չպետք է ուղղակի զիջման գնայինք: Ընդհանրապես Վենետիկի հանձնաժողովին դիմելու կառավարության այդ քայլը ինձ համար անընդունելի էր: Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, եթե  համահունչ չլինի այսօր հասարակության մեջ Սահմանադրական դատարանի վերաբերյալ ձեւավորված պատկերացումներին, հավասար պատասխանատվություն է կրելու այն առաջացող նոր ճգնաժամերին, որոնք անխուսափելիորեն ձեւավորվելու են առաջիկայում, եթե մենք չկարողանանք հաղթահարել այս ճգնաժամը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ՍԻՍԻԱՆՑԻՆԵՐԸ ՎՐԴՈՎՎԱԾ ԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՑ

Ինչպես հայտնի է, օրերս Սյունիքի մարզում իրավապահների եւ բնակիչների միջեւ լարվածություն էր ստեղծվել: Բանն այն է, որ Սյունիքի մարզի Քաջարան եւ Սիսիան համայնքների բնակիչները բռնության էին ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից, որոնց մասով իրավապահները քննություն են իրականացնում: Եվ, ահա, նկատենք, որ Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը հայտնել էր, որ տեղեկանալով մարզում, ավելի ստույգ՝ Կապանի ոստիկանության եւ մարզի քննչական վարչության շենքերի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի մասին՝ գնացել էր Կապան:

 

«Որպես տարածաշրջանից ընտրված պատգամավոր` պարտքս համարեցի լինել տեղում, լինել մարդկանց հետ, իմ ընտրողների հետ, որ հստակ պատկերացում կազմեմ, թե ինչ է կատարվում մարզկենտրոնում։ Կեսգիշերին մոտ ուղեւորվել եմ Կապան, լուսադեմին տեղ հասել եւ անմիջապես իրավապահ մարմինների ղեկավարների հետ հանդիպումներ սկսել: Վաղ առավոտից Կապանում եւ Քաջարանում նույնպես բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել։ Իսկ ճանապարհին օն-լայն տարբերակով հետեւում էի տեղի ունեցող բողոքի ակցիայի ընթացքին, որտեղ հարյուրավոր մարդիկ էին հավաքվել եւ ինչ-ինչ պահանջներ էին ներկայացնում։ Այժմ, կարող եմ ասել, լիարժեք պատկերացում ունեմ կատարվածի վերաբերյալ», – գրել էր նա:

Սակայն այս այցի մեջ ուշագրավ հանգամանքներ կան. Սյունիքի մարզից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Կարեն Համբարձումյանը նույն սրտացավությունը չէր ցուցաբերել Սիսիանի ոստիկանների կողմից բռնության ենթարկված անձանց մասով եւ անգամ չէր էլ գնացել Սիսիան քաղաք ու չէր հետաքրքրվել ծեծի ենթարկված քաղաքացիների ճակատագրով: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նրա՝ Սիսիան քաղաք չգնալը բավականին խորը արմատներ ունի: Ըստ Սիսիանի բնակիչներից մեզ հասած լուրերի՝ Կարեն Համբարձումյանը բավականին մտերիմ հարաբերություններ ունի Սիսիանի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Մուրադյանի հետ, ուստի դա է պատճառ, որ նա Սիսիանի դեպքերով չի հետաքրքրվել, ինչը խիստ վրդովեցրել է Սիսիանի բնակիչներին:

ArmLur.am-ը զրուցել է Կարեն Համբարձումյանի հետ եւ հարցրել՝ արդոք մտերիմ հարաբերություններ ունի Սիսիանի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Մուրադյանի հետ: Պատգամավորը պատասախանել է. «Գործնական, աշխատանքային  հարաբերություններ են: Ես չեմ էլ ճանաչել: Եթե չեմ սխալվում, ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ հանդիպել եմ քարոզարշավից հետո, երբ գնացել էի մարզ: Ոչ մեկի հետ չկան մտերմիկ հարաբերություններ: Ես ոչ մի ոստիկանապետի հետ թե՛ Վայոց ձորում եւ թե՛ Սյունիքում մտերիմ հարաբերություններ չունեմ: Մեր հարաբերություններն ամբողջությամբ աշխատանքային են»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԿՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԻ

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը մայիսի 29-ին կլսի նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, ով նիստին կմիանա տեսակապի միջոցով, քանի որ բնակվում է Մոսկվայում: Հանձնաժողովն առաջարկել էր Նալբանդյանին պատասխանել 2016-ի Ապրիլյան պատերազմին վերաբերող հարցերի, հայտնում է «Իմ քայլ»-ից պատգամավոր Քրիստինե Պողոսյանը: Քննիչ հանձնաժողովի գործունեության վերջնաժամկետը հունիսի 4-ն է: Հանձնաժողովի նիստին մասնակցել է նաեւ Հայաստանի երրորդ, պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը: Միակ անձը, որ մերժել է հանձնաժողովի հրավերը, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովն է:

 

 

ԽՈՍԵԼ Է ԻՐ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով համաշխարհային եւ տարածաշրջանային մարտահրավերները եւ այդ համատեքստում Արցախում եւ նրա շուրջ խորացող վտանգները եւ առաջնորդվելով համերաշխության, անվտանգության եւ սոցիալական բարեկեցության սկզբունքով՝ այս փուլում «Միասնական հայրենիք» կուսակցությունը որոշում է կայացրել համագործակցել Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած դաշինքի հետ, որն օրեր առաջ ամրագրվել է քաղաքական համագործակցության հուշագրով: Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը. «Այս կապակցությամբ նկատեմ, որ խառնակչությունը քաղաքական կատեգորիա չէ եւ որեւէ ընդհանրություն չի կարող ունենալ ընդդիմության, առավել եւս՝ կառուցողական ընդդիմության հետ: Որպես արցախյան քաղաքական դաշտի երկրորդ ուժ՝ իմ եւ իմ քաղաքական թիմի անունից վերահաստատում եմ, որ մեզ վստահված քվեները ծառայեցնելու ենք քաղաքական նոր մշակույթի ձեւավորմանը, որտեղ արտահայտվելու ազատությունը լինելու է գերակայություն, զրպարտությունը եւ ատելության խոսքը՝ քրեորեն պատժելի»:

 

 

ՆՈՐ ԴԵՊՔԵՐ

Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերին կորոնավիրուսի 49 նոր դեպք է գրանցվել։ Այս մասին տեղեկանում ենք մարզպետ Գնել Սանոսյանից: «Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 455 դեպք, որոնցից 214-ն` առողջացած, 6-ը` մահվան ելքով: Այսպիսով, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 49 նոր դեպք, 10 առողջացած: Նախկինում հայտնել էինք նաեւ, որ արձանագրվել է մահվան դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի թիվը 1 է: Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր, Զոլաքար, Գեղամասար, Գանձակ, Չկալովկա, Աստղաձոր, Արծվանիստ, Ներքին Գետաշեն, Ձորագյուղ, Ծովագյուղ, Ակունք, Լուսակունք, Վաղաշեն, Գավառ եւ Կարմիրգյուղ համայնքներում»։

 

 




Լրահոս