ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` օրենքով գող Արսեն Մկրտչյանի` Արսեն Երեւանսկու նկատմամբ հարուցված քրեական գործով կալանավորվել է Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:
Իսկ ինչպես է նա ներքաշվել գողականների հավաքների մեջ եւ առհասարակ ինչի համար է կալանավորվել:
Այսպիսով, մեզ հասած տեղեկությունների համաձայն, Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը ֆինանսական խնդիրներ է ունեցել կոնկրետ անձանց հետ: Ըստ մարզում տարածված լուրերի` Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը բազմաթիվ մարդկանց գումար է պարտք, եւ մարդիկ չեն կարողացել հետ ստանալ իրենց գումարները: Նրանք օգնության են կանչել գողականներին, որպեսզի իրենց հասանելիք գումարները ստանան: Ահա այստեղ էլ գործը հասել է «դիվան բաշուն»:
Oրենքով գող Արսեն Երեւանսկին, միջնորդավորված կամ ուղիղ եղանակով Հակոբ Ավետյանից պահանջել է վճարել մարդկանց գումարները եւ այդ ողջ խոսակցությունը Ազգային անվտանգության ծառայության կողմից գաղտնալսվել է:
Այդ պատճառով էլ Ազգային Անվտանգության ծառայությունը հենց գյուղապետարանի շենքից կալանավորել է Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանին: Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն, Հակոբ Ավետյանին ԱԱԾ-ն առաջարկել է պատմել ողջ եղելությունը` խոստանալով այդ դեպքում խրախուսել, սակայն Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը ցանկալի ցուցմունք չի տվել ԱԱԾ քննիչներին եւ դրա պատճառով մնացել է կալանքի տակ:
Օրինակելի պաշտոնյան` պարտքերի մեջ
Բայց չմոռանանք ամենակարեւորի մասին Իսկ ինչով հայտնի դարձավ Գեղամասար համայնքի ղեկավարը եւ հիմա որտեղ է հայտնվել: Դեռես 2018 թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գնացել էր Գեղարքունիքի մարզ եւ մարզպետարանի նիստերի դահլիճում մարզի համայնքների ղեկավարների ու մարզի այլ պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ որպես սեփական քրտինքով, զրոյից մինչեւ բարեկեցության հասնելու օրինակ ներկայացրել էր Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանին
Բայց այժմ արձանագրենք, որ քրեական ենթամշակույթի կոնկրետ դրսեւորումներով այժմ համայնքի ղեկավար է կալանավորված: Իսկ նրա եւ գողական տարրերի մեջ եղել են կապավոր-միջնորդներ, որոնց դերակատարության մասին կխոսենք հաջորդիվ:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան