34 տարի պաշտոնավարած, քրեական անցյալ ունեցող համայնքապետին ուզում են նորից պաշտոնի բերել. գյուղացիները բողոքի ակցիա են իրականացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնաքում վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում գյուղի բնակիչները։ Նրանք դեմ են նախկին համայնքապետ Ռազմիկ Մարգարյանի վերադարձին։

Armlur.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից Աշոտն ասաց, որ այս պահին ոստիկանության բաժնում են և պատրաստվում են նախկին համայնքապետի արարքների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել: «Նախկինում 20-30 կետից բաղկացած ցուցմունք ենք տվել, սակայն նա համաներման է արժանացել: Հիմա նորից հաղորդում ենք տալիս»,-ասաց ակցիայի մասնակիցը:

Եղեգնուտի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանն էլ հայտնեց, որ գյուղը միշտ անհաշտ է եղել, և դրա պատճառն եղել է 34 տարի պաշտոնավարած համայնքապետը: «Հիմա դատարանը որոշել է ժամանակավոր պաշտոնակատարի վերաբերյալ մարզպետի որոշումն անվավեր ճանաչել, սակայն ժողովուրդը խաղաղություն է ուզում: Այս ընթացքում ամենամեծ ձեռքբերումն այն է եղել, որ գյուղում հաստատվել է խաղաղություն, համերաշխություն, իսկ իր ժամանակ նսեմացնում էին գյուղացիներին, ծեծ ու ջարդ էր»,-Armlur.am-ի հետ զրույցում ասաց Ռազմիկ Մկրտչյանն ու հայտնեց, որ 8 ամսում 14 կմ ջրագիծ են փոխել, շուրջօրյա ջրամատակարարում ունեն, տարբեր ծրագրերի են մասնակցում և ամբողջ գյուղը ներառել են արևային էներգիայի LED համակարգում: Մկրտչյանի խոսքով, Մարգարյանը քրեական անցյալ ունի, «Հայաստանի հանրապետական» կուսակցության անդամ է եղել, սակայն նրան ցանկանում են կրկին նշանակել համայնքի ղեկավարի պաշտոնում:

«Գյուղացիները այժմ Մարգարյանի վերաբերյալ նոր փաստեր են գտել, որոնցից է օրինակ այն, որ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդուն սեփականության իրավունքով 10 հեկտար ու կես հող է վաճառել, որի համար 600 հազար դրամ է վերցրել»,-ամփոփելով խոսքն ասաց Եղեգնուտի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ դեռ 2018թ-ին Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի բնակիչները պահանջում են իրենց 32 տարվա գյուղապետ Ռազմիկ Մարգարյանի հրաժարականը: Համագյուղացիների ճնշմամբ Մարգարյանը լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում էր ներկայացրել:

Սոնա Գևորգյան




Լրահոս