Ամեն ժամ, ամեն վայրկյան մտածում եմ առաջնագծում կռվող մեր զինվորների մասին․ Սերգեյ Սմբատյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն օր , ամեն ժամ, ամեն վայրկյան մտածում եմ առաջնագծում կռվող մեր զինվորների, մեր քաջ մարտիկների մասին։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը՝ անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին։

«Շատ կարեւոր է հասարակության մեջ ընդհանուր տրամադրությունը։ Ես տեսնում եմ, որ մեր քաղաքացիների ոգին շատ բարձր է եւ մարտական։ Տեսնում եմ, թե ինչպես եւ ինչ ոգով են իրականացնում սոցիալական նախաձեռնությունները, որին բոլորս անխտիր միանում ենք։ Դա խոսում է մեր բարձր պատրաստակամության, եւ անհավանական բարձր գիտակցության մասին՝ ընդհանուր իրավիճակի վերաբերյալ, ինչը շատ կարեւոր է մեզ համար այս դժվարին փուլում»,-նշում է Սերգեյ Սմբատյանը։

Հարցին, թե գո՞հ է միջազգային կառույցների արձագանքից, մեր զրուցակիցն ընդգծում է.

«Անկեղծ ասած, ես այնքան էլ քաղաքականությունից եւ միջազգային կառույցներից չեմ հասկանում, որպեսզի դրանց մասին գնահատականներ հնչեցնեմ։ Ես կարող եմ ասել, որ այսօր պետական մակարդակով դիվանագիտական հարթակում ունենք հաղթանակներ, այն առումով, որ դրսի ղեկավարները կամ որոշում կայացնող մարդիկ զսպման եւ մեղադրանքի կոչեր են հնչեցնում Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ՝ Արցախի վրա հարձակում եւ ագրեսիվ ռազմական գործողություններ սկսելու համար։ Իսկ այն, որ միջազգային կառույցները նշում են, թե պետք է կողմերը վերադառնան բանակցային սեղան, եւ խնդիրը լուծեն առանց արյուն թափելու, իհարկե դա կարեւոր է, բայց դեռ մենք սպասում ենք այն հստակ մեսսիջին, որը կկանգնեցի այս ամենը։ Այսօր աշխարահռչակ արտիստները կոչ են անում աշխարհին դադարեցնել Արցախի վրա հարձակումը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից»։

Մեր զրուցակցի խոսքով՝ նաեւ կարեւոր եւ գնահատելի է մեր մեդիա դաշտի կազմակերպվածությունը, ըստ նրա՝ շատ կարեւոր է, որպեսզի բոլորը լսեն եւ հասկանան միայն ճշգրիտ, պաշտոնական տեղեկատվություն, որը փոխանցվում է նաեւ միջազգային մեդիա։

Հարցին, կո՞ղմ է արդյոք որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ճանաչի Արցախի անկախությունը, դիրիժորը պատասխանում է․

«Քանի որ ես նեղ մասնագիտորեն հասկանում եմ միայն իմ գործից, այն է երաժշտությունը, այդ իսկ պատճառով ինձ իրավունք եմ վերապահում խոսել միայն դրանից։ Ես հավատում եմ այն մարդկանց, ովքեր այսօր որոշումներ են կայացնում, եւ այն կոնսոլիդացված հասարակությանը, որ մենք ունենք․դա ոչ միայն մեր պետական մտածողությունն է, այլ նաեւ ազգայինը։ Մենք շատ ավելի ուժեղ ենք այդ գաղափարախոսությամբ եւ այն կոնսոլիդացիան, որը կա Հայաստանի շուրջ։

Ես չեմ հասկանում եւ չեմ կարող ասել, թե ինչ է մեզ պետք, ինչ պետք չէ․ դա խորը քաղաքագիտական վերլուծության խնդիր է։ Ես միայն աղոթում եմ, որ այս ամենը շուտ ավարտվի»։

Լիդա Եղիազարյան




Լրահոս