ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԸ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ  արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի եւ Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՔԿԾ կամավորական համահավաք վաշտի՝ ռազմաճակատ ճանապարհելու միջոցառումը։ «Մենք գործ ունենք պանթուրքական նոր ծրագրի հետ, գործ ունենք պատերազմական գործողություններում ահաբեկիչ վարձկանների ներգրավման հետ, որոնք դեմ են առել քաջարի հայ զինվորի հաղթական դիմադրությանը: Վստահ եմ նաեւ, որ բոլորդ գիտակցում եք՝ մեր հայրենիքի ապագան միայն մեր ձեռքերում է, եւ միայն մենք ենք կարողանալու մեր հայրենիքը պաշտպանել թշնամուց»,-նշել է արդարադատության նախարարը եւ ընդգծել, որ իր համար մեծ հպարտություն է ղեկավարել մի կառույց, որը բաղկացած է այնպիսի ծառայողներից, որոնք հայ ժողովրդի զինվորներն են, որոնք պատրաստ են իրավակարգի ամրապնդման իրենց գործը ժամանակավոր թողնել եւ նվիրվել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։

 

Ռուստամ Բադասյանը բոլորին մաղթել է անփորձանք ու հաղթական վերադարձ՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Արցախի Հանրապետության եւ հանուն հայ ազգի:

Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանն էլ  բարձր է գնահատել համակարգի նվիրյալների՝ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին զինվորագրվելու ցանկությունը եւ համոզմունք հայտնել, որ բոլորը վերադառնալու են հաղթանակած, եւ բոլորի անունները ոսկե տառերով են գրվելու ծառայության պատմության մեջ: «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի հոգեւոր հովիվ Տեր Առնակ քահանա Հարությունյանի՝ տերունական եւ պաշտպանիչ աղոթքներից հետո քրեակատարողական ծառայողներից կազմված վաշտը ճանապարհվել է ռազմաճակատ:

Այս հայտարարությունից հետո «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն  են ահազանգել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները եւ խնդրում են իրենց դիմումներին եւս ընթացք տալ: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն էին զանգահարել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներ Արթուր Մարկոսյանը, որը գողության համար է ազատազրկման դատապարտված եղել, Արման Կարապետյանը, որը սպանության փորձի համար է դատապարտված եղել,  եւ Անդրանիկ Թովմասյանը, որը դատապարտված է գողության համար, եւ նրան 80 օր է մնացել ազատ արձակվելու, հայտնեցին , որ  «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ են եկել ծառայության ղելավար կազմից եւ հայտնել, թե ովքեր են ցանկանում կամավոր գնալ  բանակ եւ ծառայել. «Մենք հայտնեցինք, որ շատ ենք ցանկանում գնալ առաջնագիծ: Տեղեկանքը գրեցինք ու մինչեւ օրս որեւէ արձագանք չկա , մեր հայրենիքի համար այս կարեւոր պահին շատ ենք ցանկանում  մեր տղերքի կողքին կանգնենք, թող մեզ թույլ տան՝ գնանք, մեզ համար սա շատ կարեւոր է»:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քրեակատարողական հիմնարկներում գտնվող մոտ 100 անձ ցանկություն է հայտնել եւ դիմում է ներկայացրել որպես կամավոր սահման մեկնելու համար:

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 27-ից Հայաստանում հայտարարված է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք: Եվ չնայած զորահավաք հայտարարվելուն՝ մեծ թվով մարդիկ, չսպասելով զանգի, իրենք են ներկայանում զինկոմիսարիատներ եւ ցանկություն հայտնում, դիմում ներկայացնում՝ առաջնագիծ որպես կամավոր մեկնելու համար:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին նման դիմում են ներկայացրել նաեւ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձինք: Մասնավորապես, Քրեակատարողական ծառայության ղեկավարությանը նման դիմում են ներկայացրել մոտ 100 կալանավոր եւ դատապարտյալ:

Սակայն, մեր տեղեկություններով, այդ դիմումներին դեռ ընթացք եւ պատասխան չի տրվել, քանի որ քրեակատարողական ծառայության ղեկավարությունը պետք է խորհրդակցի Պաշտպանության նախարարության հետ, եւ միայն վերջիններիս հրահանգի դեպքում, իրավիճակով պայմանավորված, պետք է նման որոշումներ կայացվեն: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՔԿԾ մամուլի ծառայություն՝ հասկանալու համար, թե ինչ իրավիճակ է այս մասով, արդյոք նման դիմումներ կան, թե ոչ: Ի պատասխան՝ հաստատեցին, որ նման դիմումներ կան, սակայն այլ մանրամասներ չցանկացան հայտնել:

 

 

ՔՈՂԱՐԿՈՒՄ Է ՍԵՓԱԿԱՆ ՎԱՆԴԱԼԻԶՄԸ

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի հետաքրքրում իր քաղաքացիների անվտանգությունը: Նրանք, ապատեղեկատվություն տարածելով, սադրանքների հող են նախապատրաստում:

 

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այս առնչությամբ հայտարարել է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը քաղաքացիական օբյեկտների մասին բարձր է գոռում, որ սեփական վանդալիզմը քողարկի։ «Արցախի նախագահը ձեր կողմից Ստեփանակերտը, Մարտակերտը, Մարտունին, Հադրութը եւ այլ բնակավայրերը հրթիռակոծելուց վեց օր հետո հստակ հայտարարեց, որ խոցելու ենք ռազմական թիրախներին, որոնք կարող են մոտիկ գտնվել քաղաքացիական օբյեկտներին։ Բայց դուք ձեր բնակիչների վրա էլ թքած ունեք։ Եվ այս ամենը ակնհայտորեն անում եք, որպեսզի սադրանքների հող նախապատրաստեք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Հովհաննիսյանը։

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ հայտարարել է. «Ադրբեջանի պաշտոնական շրջանակներն արդեն որերորդ անգամ իրականության հետ որեւէ աղերս չունեցող հայտարարություններ են տարածում, թե, իբր, Հայաստանից թիրախավորվում է Ադրբեջանի այս կամ այն բնակավայրը։ Նման կեղծ տեղեկատվական հոսքերի նպատակը սեփական նկրտումները կոծկելն է»։

Արդեն մի քանի օր Արցախի քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությունն Ադրբեջանի հրթիռակոծության թիրախում են: Շուշին ու Ստեփանակերը հոկտեմբերի 5-ին եւս հրթիռների մեծ ինտենսիվությամբ հարվածների տակ են: Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը հայտարարել է՝ Պաշտպանության բանակի պատասխանը չի ուշանա։ «Սակայն, ի տարբերություն Բաքվի ահաբեկչական իշխանության, մենք թիրախավորում ենք ոչ թե քաղաքացիական բնակչությանը, այլ խոշոր քաղաքներում մշտական տեղակայում ունեցող ռազմական օբյեկտները։ Այդ քաղաքներում ապրող խաղաղ բնակչությանը կրկին կոչ ենք անում անհապաղ լքել իրենց բնակավայրերը, որպեսզի խուսափեն հնարավոր զոհերից»,-նշել է նա:

 

 

 

ՈՉՆՉԱՑՎԵԼ ԵՆ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԻՑ ՄԻ ՔԱՆԻՍԸ

Արխացի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով՝ Պաշտպանության բանակը ադրբեջանական Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցրել է մի քանի հրթիռային հարված: Նշենք, որ Գյանջան մեծությամբ երկրորդ քաղաքն է Ադրբեջանում։ Գյանջան մեր պատմական հայկական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Շակաշեն գավառի Գանձակ քաղաքն է, որը հայաթափվել է 1989 թվականի վերջին։ Այնտեղ այդ պահին ապրում էր ավելի քան 50,000 հայ։ Մի քանի ուշագրավ փաստ՝ Գանձակի օդանավակայանի մասին. այն Արցախի սահմանից հեռու է ընդամենը 60,8կմ: Գանձակի օդանավակայանում էին տեղակայված թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչները, որոնք ավերիչ հարվածներ են հասցնում ՀՀ եւ Արցախի սահմանամերձ բնակավայրերին ու հայկական զինված ուժերին։ Ոչնչացնելով այդ օդանավակայանը՝ հայկական բանակը նախ հավանաբար ոչնչացրել է թուրքական այդ կործանիչներից մի քանիսը, ապա նրանց զրկել թռիչքներ իրականացնելու հարմար վայրից։

Որպեսզի նրանք կարողանան հարվածներ հասցնել մեր դիրքերին, պետք է թռիչքներ կատարեն Ադրբեջանի ավելի հեռու օդանավակայաններից, ինչը հայկական ՀՕՊ-ին հնարավորություն կտա կողմնորոշվելու եւ ոչնչացնելու թշնամու կործանիչները։

Թուրքական F-16 կործանիչների թռիչքը կոորդինացվում էր դեռեւս Թուրքիային պատկանող Կարս քաղաքի ռադարային կայաններից, քանի որ դա էր ամենամոտը։ Ոչնչացնելով այդ օդանավակայանը՝ հայկական բանակը փաստացի թուրքերին զրկել է Կարսից թուրքական զինուժի գործողությունները կոորդինացնելու հնարավորությունից։

 

 

ԻՐԱՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է

Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը կիրակի հայտարարել է, որ դադարեցնում է բոլոր ներքին ավիաընկերությունների եւ Turkish Airlines-ի թռիչքները Իրանից Թուրքիա մինչեւ նոր ծանուցում։ Այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։ Նշենք, որ ավիահաղորդակցությունը մի քանի օր է, ինչ վերսկսվել էր, եւ հիմա վերստին դադարեցվում է։ Իրանը նման որոշում կայացրել է կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակներում։ Ներկայումս երկուստեք միայն իրենց քաղաքացիներին հայրենիք փոխադրման թռիչքներ է հնարավոր իրականացնել։

 




Լրահոս