ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԴԵՄ ԿՌՎԵԻՆՔ՝ ՀԻՄԱ ԳԱՆՁԱԿՆ ԱՆՑԵԼ ԷԻՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ArmLur.am-ի հետ զրույցում ներկայացրել է այն իրավիճակը, որն առկա է Արցախում, քանի որ պատգամավորն այս պատերազմական օրերին այնտեղ է եղել: Մեր զրուցակիցն ասաց, որ եզդի համայնքի ներկայացուցիչներն իրենց ջոկատով առաջնագիծ են մեկնել, այժմ էլ սպասում են ՊՆ-ին, որպեսզի անհրաժեշտության դեպքում հաջորդ ջոկատն Արցախ մեկնի: Իմքայլական պատգամավորի կարծիքով՝ մենք խաղաղապահների կարիք չունենք, մեր Պաշտպանության բանակը փայլուն կատարում է իր աշխատանքը:

 

-Պարո՛ն Բաքոյան, Դուք պատերազմի առաջին օրերից Արցախում էիք: Մի փոքր մանրամասնեք, թե ինչ է տեղի ունենում այնտեղ: Արդեն 12 օր է՝ մենք պատերազմի մեջ ենք:

-Մենք իրականում պայքարում ենք ոչ թե Ադրբեջանի, այլ թուրքական ագրեսիայի դեմ, որը հրահրվել է հենց Թուրքիայի նախաձեռնությամբ: Պետք է ասեմ, որ մենք ահաբեկչության դեմ ենք պայքարում, քանի որ Սիրիայից եւ այլ երկներից, ինչպես նաեւ Թուրքիայից վարձկաններ են բերվել Ադրբեջան, եւ, իհարկե, նաեւ թուրքական զինվորականների միջամտություն կա, եւ թուրքական սպառազինություն  կա Ադրբեջանում. 3 միլիոնը կռվում է 90 միլիոնի դեմ: Շատ կարեւոր է՝ նշենք, որ մենք հիմա հաջողված դիմակայում ենք, եւ մեր բանակը շատ լավ, ճիշտ իր դիրքերում է: Ցավոք, այո՛, ունենք կորուստներ, բայց պատերազմն առանց կորուստների հնարավոր չէր: Եղել եմ Արցախում՝ տարբեր հատվածներում. մարդիկ պատրաստ են պատերազմի, հենց նաեւ նույն խաղաղ բնակիչները: Ադրբեջանի կողմից հրահրված ագրեսիան ոչ միայն ագրեսիա է, այլ ահաբեկչություն, եւ հիմա հայկական բանակը պայքարում է ահաբեկչության դեմ: Եվ միջազգային հանրության արձագանքը պետք է ավելի կոպիտ լինի:

-Այսինքն՝ դեպի Թուրքիա ճնշումներն ավելի շատ լինե՞ն, քանի որ այս պահին Պաշտպանության բանակը կռվում է հենց Թուրքիայի կողմից ուղարկված վարձկանների դեմ:

-Անկեղծ ասած, եթե մենք ադրբեջանցիների դեմ կռվեինք, մենք հիմա գոնե Գանձակն անցել էինք, եւ մեր անվտանգության գոտին շատ կիլոմետրերով ընդլայնել էինք: Բայց քանի որ մենք կռվում ենք ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Թուրքիայի եւ Սիրիայից եկած ահաբեկիչների դեմ, մեր պայքարը բարդացել է, եւ մենք դա չենք ժխտում, որ բարդացել է: Մենք հաղթելու ենք, այլընտրանք չունենք: Իհարկե, դրանք լինելու են գուցե մեր կյանքի հաշվին, բայց մենք պատրաստ ենք  դրա հաշվին պայքարել եւ պահպանել  մեր ամեն թիզ հողը: Մեր բանակը կանգնած է սահմանին եւ կռվում է: Մենք չենք պատրաստվում մեր հողից մի թիզ հանձնել իրեն:

-Նաեւ միջազգային հանրության կողմից արձագանք չի լինում հստակ: Ստեփանակերտում եւ Շուշիում խաղաղ բնակիչներ են զոհվել: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է Եվրոպան աչք փակում  այս հարցի վրա:  

-Մենք դիվանագիտական ճակատում բավականին  լուրջ աշխատանքներ ենք տանում, եւ մեզ դրանք հաջողվում են: Եվ այն, ինչ տեղի էր ունենում ահաբեկչության մասով, մեր դիվանագիտական կորպուսը, կարծեք թե, իր լավ աշխատանքի արդյունքում կարողացավ հասցել, որպեսզի միջազգային հնարությունը կարողանա տեսնի ու գնահատական տա: Եվ կարծում եմ՝ այս մասով էլ շարունակվում են աշխատանքները, դրանք չեն դադարել: Հուսամ՝ կարճ ժամանակ հետո խաղաղ բնակչության կորուստների մասով կարող ենք սպասել արձագանքների:

 

 

«ՉԳԻՏԵՄ՝ ՈՎ Է, ՈՒ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՄ ՄՏԵՐԻՄԸ ՆՄԱՆ ԲԱՆ ԱՆԵԼ». 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել էր. «Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել, կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի»:

 

Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով՝ ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսեվել է հետաքննություն, եւ գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել եւ ձերբակալվել է Երեւանում»:

Վարչապետի հայտարարությունից հետո տեղեկություններ են շրջանառվում, որ ձերբակալված անձը եղել է Վիտալի Բալասանյանի թիմակիցներից, որը մտերիմ հարաբերություններ ունի ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդարանական նախկին խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի հետ: Armlur.am-ը զրուցել է Իսագուլյանի հետ՝ պարզելու համար, թե որքանով է իրական տեղեկությունը:

-Պարո՛ն Իսագուլյան, ըստ շրջանառվող տեղեկությունների` այն անձը, որը առաջնագծի հատվածներից մեկում կռվող զինվորներին համոզել է, որ վարչապետը հողեր է հանձնել, ու իրենք անիմաստ են պատերազմում, Ձեր շրջապատից է, Ձեզ հետ մտերիմ հարաբերությունների մեջ է: Ի՞նչ հարաբերություններ ունեք այդ անձի հետ:

-Դա իրականության հետ որեւէ կապ չունի. ովքեր նայում են մեր լրատվամիջոցի գործունեությունը, վստահ կարող են ասել, որ մեր գործունեությունն այսօր ՀՀ-ում ամենաճիշտն ու կառուցողականն է:՝

-Այսինքն՝ այն անձը, որը ձերբակալվել է զինվորներին խաբելու, պատերազմի դաշտից հեռացնելու համար, Ձեզ հետ որեւէ առնչություն չունի՞:

-Չգիտեմ` ով է ձերբակալվել, չգիտեմ՝ ով է, ու չի կարող իմ մտերիմը նման բան անել. դա բացառվում է: Մեր լրագրողները Արցախում են եղել, ուղղակի սմերչի կրակոցների տակ աշխատել են, հերոսական գործ են անում մեր լրագրողները Արցախում, ինչպե՞ս կարող է այդ դեպքում ինձ ծանոթ կամ ինձ մտերիմ մարդը գնա առաջին գիծ ու հանկարծ ժողովրդին ասի, որ մենք պարտվում ենք: Բացառվում է, այդ մարդը դավաճան է, ով էլ կա, կարելի է հանգիստ գնդակահարել առանց դատ ու դատաստանի, եթե իրոք պարզվի, որ այդ մարդը նման բան է արել: Իհարկե, չգիտեմ՝ ով է կալանավորված: Չի կարող պատահել, որ իմ մտերիմների մեջ մարդ լինի, որ նման բան ասի, բացառվում է: Ես առնվազն երեք պատերազմի մասնակցել եմ ու գիտեմ, թե ինչ է նշանակում պատերազմի ժամանակ նման բան տարածելը: Մենք Արցախում աշխատել ենք ռմբակոծության տակ: Եթե կան նման մարդիկ, պետք է գնդակահարել պատերազմական օրենքներով:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

ՀԱՍՏԱՏՄԱՆՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը կառավարության հաստատմանն է ներկայացրել Իսակով-Արշակունյաց պողոտաների հատվածում գույքերի եւ հողատարածքների նախնական ուսումնասիրման աշխատանքներ իրականացնելու առաջարկությունը: Նշենք, որ Երեւանի գլխավոր հատակագծի համաձայն՝ նախատեսվում է կառուցել Իսակով-Արշակունյաց պողոտաների ճանապարհահատվածը, որը միացնելու է Իսակովի պողոտան Արշակունյաց պողոտային. Մոնթե Մելքոնյանի փողոցը շարունակվելու է եւ դուրս է գալու Կոմիտասի այգու մոտ։

Ըստ նախարարության՝ առկա ճանապարհային ցանցը եւ մեքենաների քանակը նվազեցնում են Երեւանում տրանսպորտային միջոցների երթեւեկության անվտանգության մակարդակը: Բացի այս, ներկայումս մեծ են խցանումների քանակը եւ տեւողությունը, իսկ խցանումները հանգեցնում են շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակի վատթարացմանը: Մյուս կողմից՝ Երեւանի գլխավոր հատակագծով նախատեսված այս ճանապարհահատվածի կառուցման արդյունքում զգալի կբեռնաթափվի քաղաքի կենտրոնը՝ էապես կրճատելով երթեւեկության տեւողությունը, կնվազեն նաեւ խցանումները:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ գույքի եւ հողատարածքների ձեռքբերողը Հայաստանն է, իսկ օտարման գործառույթներ համակարգողը եւ պատասխանատու լիազոր մարմինը՝ Երեւանի քաղաքապետը:

 

 

ՁԳՏՈՒՄ ԵՆ

«Մենք ձգտում ենք անել ամեն ինչ, որպեսզի Բելառուսում, Ղրղզստանում եւ Հայաստանում դժվարությունները չանդրադառնան ԵԱՏՄ-ի աշխատանքի վրա»,- հայտարարել է  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը: «ԵԱՏՄ-ն տնտեսական կառույց է, եւ, բնականաբար, չի կարող քաղաքական հարցերով որոշումներ կայացնել»,- նշեց նա:  Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակչությանը։ Նշենք, որ Բելառուսում եւ Ղրղզստանում անհանգիստ վիճակը կապված է բողոքի ակցիաների եւ այդ երկրներում վերջին ընտրությունների արդյունքների հետ կապված դժգոհության հետ:

 

 




Լրահոս